Հարկատուի փողերով՝ «բարերարները». «Ուրախ ավտոբուսը» և տխուր իրականությունը

Կուսակցական քարոզարշավի անվան տակ, վերջին շաբաթներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարզերի փողոցները չափչփող ՔՊ-ականներն ուր գնում՝ թոշակների բարձրացումն ու առողջության ապահովագրությունն էին մտցնում քաղաքացիների աչքը։

Իրենց միլիոնների պարգևավճարները թողած՝ հարկատուների վճարած հարկերով մի քանի հազար դրամով բարձրացրած թոշակները կամ առողջության ապահովագրությունն իշխանության կողմից իրականացվող մեծագույն բարեգործություն են ներկայացնում։ Կարծում են՝ այդ փողերն իրենց հոր տնից են բերել։ Մոռանում են, որ դրանք պետության փողերն են, հարկատուների ու քաղաքացիների վճարած հարկերը, վերցրած միլիարդների վարկերը, որոնք տարիներ շարունակ քամուն են տվել, սեփական գրպաններն են լցրել, փոխարենը՝ ժողովրդի մատից փուշ հանեին։

Թոշակ բարձրացնելը կամ բուժօգնության մատչելիություն ապահովելն իշխանության պարտավորությունն է։ Դա քաղաքացիներին արվող լավություն կամ բարեգործություն չէ։

Տարիներ շարունակ թոշակ չեն բարձրացրել, իրականում այս տարի էլ միտք չունեին բարձրացնել։ Եթե ընտրություններ չլինեին, սեփական վարկանիշը փրկելու խնդիր չլիներ, դա էլ չէին անելու։ Ոչ թե թոշակառուների, այլ իրենց համար են արել։

Կարդացեք նաև

Հարկատուների վճարած փողերով մի քանի հազար դրամով թոշակներն ավելացրել են, այնպես են խոսում, իբր բարեգործություն են արել ու թոշակառուներն ընտրությունների ժամանակ պիտի գնան ՔՊ-ին շնորհակալություն հայտնեն դրա համար։ Եթե մեկին շնորհակալություն հայտնելու լինեն, դա հաստատ իրենք չեն։ Այսքան տարի ոչինչ չեն արել թոշակառուներին համատարած թանկացումներից պաշտպանելու համար։ Գոնե գնաճին համարժեք թոշակ բարձրացնեին, դա էլ չեն արել։

Ընտրություններից առաջ թոշակառուների մասին մտածող են դարձել։ Բյուջեի փողերն այսքան տարի վատնելուց թոշակառուին չէին հիշում։

Դեռ 2023թ. պիտի առողջության ապահովագրություն ներդնեին, 3 տարի ուշացրել են։ Միայն այս տարվա սկզբին հանպատրաստից ու հապճեպ մտցրեցին՝ հաշվի առնելով միայն այն, որ առաջիկայում ընտրություններն են։

Ներդրածներն էլ գոնե մի նորմալ ապահովագրություն լիներ, դեռ ոչինչ։ Պետպատվերի անունը փոխեցին՝ դարձրին ապահովագրություն։ Բժշկական ծառայությունների 70 տոկոսի համար քաղաքացիները շարունակում են վճարել։ Մնացածի դեպքում էլ ստիպված են համավճար կատարել։  

Երբեմն համավճարը շատ ավելին է, քան ապահովագրության միջոցով տրվող փոխհատուցումը։ Ու սրա անունը դրել են առողջության ապահովագրություն։

Քաղաքացիներն իրենց աշխատավարձից վճարում են ապահովագրության համար, իրենք հպարտանում են, իբր առողջության ապահովագրությամբ «աննախադեպ» հնարավորություններ են ստեղծել քաղաքացիների համար, անվճար բուժում են տրամադրում։ Հետո կերևա, թե ինչքան կդիմանա այդ համակարգը։

Ինչպես պետպատվերի փողերն էին տարվա կեսից սպառվում, այնպես էլ ապահովագրության վճարներն են սպառվելու։ Արդեն քչություն են անում։

Առողջապահության համակարգի պարտքերը փակելու համար վերջերս ստիպված եղան պահուստային ֆոնդից մի քանի միլիարդ դրամի լրացուցիչ հատկացումներ անել։

Ու սա դեռ սկիզբն է։ Տարին նոր է սկսվել, իսկ պահուստային ֆոնդի միջոցներն անսահման չեն։

Մինչև ընտրություններ, այստեղից-այնտեղից փողեր կտրել-բերելով, ապահովագրության շրջանակներում տրամադրվող բժշկական ծառայությունները ձգձգելով, հիվանդների համար արհեստական խնդիրներ ստեղծելով՝ մի կերպ կփորձեն ապահովագրության համակարգը հետ պահել փլուզումից։ Թե ի՞նչ կլինի հետո, իրենք էլ չեն պատկերացնում։

Այսօր արդեն ակնհայտ է, որ համակարգը չի դիմանում, ճաքեր է տալիս, ու խնդիրը միայն ֆինանսական չէ։

Համատարած դժգոհություններ են, բայց չտեսնելու են տալիս։ Բժիշկներն են բողոքում, որ ապահովագրությունից հետո իրենց աշխատանքի ծավալը կտրուկ մեծացել է, իսկ աշխատավարձերն ավելանալու փոխարեն՝ նվազել են։ Սա համակարգը լավ տեղ չի տանելու։ Ոչ մեկը, բնականաբար, չի ուզենա նման պայմաններով աշխատել։

Բժիշկներ կան, որոնք տարբեր պատճառներով վերադարձել էին Հայաստան ու այստեղ էին աշխատում, արդեն մտածում են վերադառնալու մասին։ Ովքեր էլ մտադիր էին գալ, բնական է, չեն գալու։ Այսպես շարունակվելու դեպքում՝ շուտով որակյալ կադրերի արտահոսք է լինելու։

Ոչ միայն բժիշկներն են բողոքում, այլև հիվանդները։ Բողոքում են, որ առողջապահական համակարգը չի հասցնում սպասարկել, հսկայական հերթեր են։

Ձրի բուժում ասվածն էլ շատ դեպքերում շարունակում է նույնքան վճարովի մնալ, որքան նախկինում էր, նույնիսկ՝ ավելի թանկ, որովհետև ամեն ինչ թանկացել է։

Համակարգի պատրաստ չլինելու, ֆինանսավորման խնդիրների պատճառով, հաճախ մարդիկ ապահովագրված լինելով՝ ստիպված են վճարովի հիմունքներով բուժօգնություն ստանալ։ Ապահովագրություն ունեն, բայց երկար հերթերի, քաշքշուկների ու ավելորդ գլխացավանքի մեջ չհայտնվելու համար, հարկադրված են լինում վճարել բուժօգնության, դեղորայքի համար։

Մասնագետների գնահատմամբ՝ առողջապահության ոլորտում անկառավարելի քաոս է։ Այնտեղ են հասել, որ բժշկական հիմնարկի տնօրենը կազինոյում խաղում է հիվանդանոցի փողերն ու տանուլ տալիս։

Վաղն էլ ապահովագրական հիմնադրամի տնօրենը կարող է կազինոյում կամ այլ տեղ քաղաքացիների ապահովագրավճարները տանուլ տալ։

Այս «բարդակի» համար պատասխան տալու փոխարեն՝ առողջապահության նախարարն իրեն տվել է քաղաքական գործունեության, զվարճանում է ՔՊ-ականների «ուրախ ավտոբուսում», սրտիկներ է ուղարկում։

Ինչպիսի՜ մեծահոգություն քաղաքացիների հանդեպ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031