«Իշխանության մանրախնդրությունը սահմաններ չունի. չմոռանաք փոխել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունը». Արտակ Բեգլարյան
Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը նախարարներին և ԲԴԽ նախագահին կարող էր ազատել մեկ «sms»-ով, ապա այսօր առանց նման «ճոխության»՝ հաղորդագրության, ուղիղ կարող է ցուցում տալ ցանկացած մարդու՝ աշխատանքից ազատման դիմում գրել։ Նման ցուցում օրերս նա տվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանին, ով «համարձակվել» էր ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի ժամանակ, Արցախի վերաբերյալ գիրք նվիրել։
Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն արդեն Նիկոլ Փաշինյանի որևէ քայլից չի զարմանում։
«Սա զարմանալի չէ, երբեմն հակառակ պահվածքն է զարմանալի լինում, երբ իշխանությունն իր օրինաչափություններից դուրս որևէ բան է անում։
Ուղղակի այստեղ զարմանալին այն է, որ ՀՀ օրվա իշխանությունը գնալով ավելի մանրախնդիր է դառնում, ընդհուպ ընկնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետևից՝ ԱՄՆ փոխնախագահին ինչ-որ անշառ գիրք նվիրելու համար։ Բա գնայիք ու ուղեկցեիք, վերահսկեիք, որ նման բան չլիներ, հա, հետո էլ չմոռանաք փոխել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Բեգլարյանը՝ ավելացնելով, թե պարզ չէ՞, որ եթե Էդիտա Գզոյանը եղել է այդ թանգարանի տնօրենը, և եթե այդ թանգարանի հետազոտությունների ու գործունեության առարկայի մեջ է մտնում արցախահայերի, ադրբեջանահայության նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունները, ապա վերջինս գործել է իր լիազորությունների շրջանակներում՝ ներկայացնելով այդ ամենը։
«Էդիտա Գզոյան շատ ճիշտ է վարվել, որպես հայ գիտնականի ու հայի՝ հարգանքներս նրան։ Բայց մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանության այս մանրախնդրությունը սահմաններ չունի, պարզապես ես ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ցուցումից հետո Էդիտա Գզոյանը համաձայնել ու դիմում է գրել։ Նա դիմում չպետք է գրեր և պետք է վիճարկեր դատարանում, դատարանում ապացուցելով, որ ինքը ճիշտ է։ Կարծում եմ՝ թանգարանի ամբողջ անձնակազմն էլ ակտիվորեն պետք է ոտքի կանգնի ու պաշտպանի նախ՝ իր իրավունքները, և հետո՝ բոլորիս արժանապատվությունը»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ անցնող հինգշաբթի Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ իր ցուցումով է Էդիտա Գզոյանն ազատման դիմում գրել, քանի որ վերջինս Արցախի մասին գիրք է տվել ԱՄՆ փոխնախագահին։
Մարտի 11-ին Էդիտա Գզոյանն ազատման դիմում էր գրել, օրեր անց նրա թանգարանի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց՝ Հրաչյա Թաշչյանը, ով ժամանակին եղել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում ՝ Արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար։ Երեկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա ասել էր, որ անելու են այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասի։



