Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը նախարարներին և ԲԴԽ նախագահին կարող էր ազատել մեկ «sms»-ով, ապա այսօր առանց նման «ճոխության»՝ հաղորդագրության, ուղիղ կարող է ցուցում տալ ցանկացած մարդու՝ աշխատանքից ազատման դիմում գրել։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին Նիկոլ Փաշինյանի ուղղակի ցուցումով աշխատանքից ազատելը՝ տոտալիտար համակարգին բնորոշ այլանդակություն լինելուց բացի, վկայում է մեկ այլ՝ կոնկրետ այս դեպքի հետ կապ չունեցող երևույթի մասին:
2024 թվականի փետրվարից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ղեկավարող Էդիտա Գզոյանն օրերս հրաժարականի դիմում էր ներկայացրել։
«Ես շատ հստակ ասացի՝ պետության մեջ չի կարող լինել 2 արտաքին քաղաքականություն, մարդիկ կարող են ասել՝ Արցախից եմ, Վանից եմ, Մուշից եմ, Մոսկվայից եմ, Մինվոդիից եմ, դա ի՞նչ կապ ունի իմ ասած թեմայի հետ, մարդն ինչ ուզում է՝ կարող է ասել։ Այստեղ խոսքը պետական պաշտոնյայի և դերաբաշխման մասին է և քաղաքական գնահատականի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։