Ադրբեջանը ՀՀ տարածքների մխրճված հատվածներում բավականին լայնածավալ ամրաշինական աշխատանքներ է տանում. Տիգրան Աբրահամյան
Մոտ 10 օր առաջ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի՝ ՀՀ այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրայնացրել է Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները, որոնք մինչ այս գաղտնի էին պահվում և ցուցադրվում էին միայն փակ ձևաչափով: Դրանից հետո վերջին օրերին ՀՀ արտադրության անօդաչուներից մեկի հետ կապված անգամ իսրայելական և ադրբեջանական մամուլում քննարկում է սկսվել, դավադրության տեսություններ:
168.am-ն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում փորձել է պարզել՝ որպես ռազմական փորձագետ, բանակի հետ կապ ունեցած անձնավորություն, որևէ դրական արձանագրում արե՞լ է իր համար այդ նմուշների հանրայնացումից հետո, քանի որ ընդդիմադիր պատգմավորները փակ ձևով չէին ծանոթացել նոր ձեռք բերված սպառազինությանը:
– Նախ պետք է արձանագրել, որ իշխանությունը քարոզչական նպատակներով և թեման մանիպուլյացիայի ենթարկելով՝ ի սկզբանե փորձում էր տպավորություն ստեղծել, որ ընդդիմադիր շրջանակներից որևէ մեկը չի ուզում տեսնել այդ ձեռքբերումները: Բայց տեղի է ունեցել բավականին զավեշտալի իրավիճակ, երբ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը դեռ նոյեմբերին կապ էր հաստատել տարբեր խմբակցությունների հետ, այդ թվում՝ մեր: Եվ ես հայտնել եմ, որ պատրաստ եմ այցելել, քննարկել ենք մի քանի ֆորմատ, և ինձ ասել են, որ կկազմակերպեն:
Բայց երեք ամիս է արդեն անցել պաշտպանության նախարարի առաջարկից՝ այցելել և տեսնել ինչպես զինտեխնիկան, այնպես էլ հնարավորություն ունենալ տեղեկանալ դրանց մարտավարատեխնիկական բնութագրերին, քանակին, նշանակությանը: Բայց նախարարությունն այդ այցը կազմակերպելու փոխարեն՝ պարզապես տեսանյութի ձևով հրապարակել է: Այսինքն՝ ում, որ պետք էր… սեփական քարոզիչներին նույնիսկ մինչև ՊՆ առաջարկն էին տարել ծանոթանալու:
Երևի ակնկալում էին, որ ընդդիմությունը կնեղվի, և դա կօգտագործեն ընդդիմության դեմ իրենց տեղեկատվական գործողություններում: Կրկնում եմ՝ ես ինքս իմ համաձայնությունը տվել էի, և երևի քարոզչական մասով տապալվեց սցենարը, և հետո ՊՆ-ն հարկ չհամարեց այդ մասով որևէ քայլ անելու: Առհասարակ, վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը, այդ թվում՝ հաղորդակցության տեսանկյունից, վատագույնն է եղել: Պաշտպանության նախարարությունն իր առջև դրել է մեկ նպատակ՝ ողջ համակարգն օգտագործել ընտրական գործընթացներին ծառայեցնելու համար:
Ինչ վերաբերում է զինտեխնիկայի նմուշներին, ապա դրանց հետ կապված մեծաթիվ հարցեր կան: Ես արդեն ասացի, որ պատրաստ եմ եղել գնալու և տեղում հարցադրումներ հնչեցնելու, մասնագետների հետ զրուցելու, բայց դրա հնարավորությունը չի եղել:
Ուստի այս պահին առանձնապես նպատակահարմար չեմ գտնում գնահատականներ ներկայացնելու այն ողջ պատմությանը, որն իշխանությունը փորձում է օգտագործել բացառապես ներքին հարցերը լուծելու համար:
Անիմաստ է խոսել գաղտնիության գործոնի, հակառակորդի համար անկանխատեսելի լինելու, տարբեր ռազմական օբյեկտների և դրանց կառուցվածքի հանրայնացման վտանգավորության մասին, որովհետև այս իշխանության համար այդ ամենը զրոյական արժեք ունի: Որովհետև երբ կա իշխանությունը պահելու և վերարտադրության խնդիր, մնացած թեմաները բոլորը ստորադասվում են:
– Հունվարի 28-ին ՊՆ-ում զինվորականության հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց օրոք բանակն առաջին անգամ ունի գործարանային արտադրության Դ-30, որը «մեզնից առաջ ոչ մեկը չի կրակել», իսկ Դ-30-ից գոնե մի հատ անգամ չենք ունեցել, որի առաջին կրակողը մենք ենք եղել: Այսինքն, մինչ այդ միշտ օգտագործված ենք բերել, ի՞նչ կասեք:
– Ես երբևէ չեմ լսել, որ Դ-30 հրետանային միջոցի հետ կապված մենք որևէ լուրջ խնդիրներ ունեցած լինենք որևէ փուլում: Եվ Փաշինյանի այդ ձևակերպումը կապում եմ ոչ թե լուրջ խնդրի կամ համակարգային լուծումների հետ, այլ, կարծում եմ, դա եղել է ինչ-որ դետալ՝ իրավիճակը սեփական ձևով ներկայացնելու և 44-օրյա պատերազմին հաջորդած իր ձախողումները որևէ ձևով արդարացնելու համար: Նրա՝ Դ-30-ի հետ կապված հայտարարությունը ոչ բանավեճի, ոչ էլ քննարկման նյութ է:
– Այսօրվա անվտանգային մարտահրավերների պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում բանակի ուժերի և կարողությունների վերականգնումը, անվտանգության ապահովումը:
– ՀՀ-ում չկա կառավարություն, չկան կոմպետենտ դեմքեր, չկա քաղաքական կամք՝ անվտանգային միջավայրին և սպառնալիքներին համարժեք անվտանգության համակարգ կառուցելու համար: Եվ այս պարագայում, այս իշխանության դեպքում, այսպիսի ռազմաքաղաքական ղեկավարության պայմաններում որևէ լուրջ քննարկում իմաստ չունի:
– Ամեն դեպքում օկուպացված տարածքների վերադարձն ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհով եք պատկերացնում:
– Հայաստան-Ադրբեջան բանակցային կարևոր դրույթը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքներում Ադրբեջանի մխրճվածությանը, որն իրականացվել է 2021-2022 թվականներին: ՀՀ իշխանությունների հայտարարությունները՝ խնդիրը դելիմիտացիայի միջոցով լուծելու, ցույց են տալիս՝ առաջին, առաջիկա ժամկետում նույնիսկ քննարկման ենթակա չեն, երկրորդ, դեռևս պարզ չէ, թե դելիմիտացիա գործընթացը կընթանա՞, թե՞ չի ընթանա, կամ՝ ամբողջությա՞մբ կընթանա, թե՞ մասնակի, ի՞նչ սկզբունքների և մոտեցումների հիման վրա կընթանա, հատկապես, որ Ադրբեջանն էլ ՀՀ տարածքների մխրճված հատվածներում բավականին լայնածավալ ամրաշինական աշխատանքներ է տանում: Եվ այս պարագայվում թվում էր, թե Հայաստանի համար կարևոր կետերից մեկը պետք է դառնար ադրբեջանական զորքի դուրսբերումն այդ օկուպացված տարածքներից: Բայց ՀՀ իշխանության հայտարարություններից պարզ է դառնում, որ ավելի շատ դրա հիմքում կա համակերպվածություն, քան վճռականություն Ադրբեջանի զորքն այդ հատվածներից դուրս բերելու առումով:
– Հնարավո՞ր է այսօր անվտանգության ապահովում՝ առանց որևէ դաշինքի կամ դաշնակցի: Վերջին տարիներին ռազմական կոնտեքստում սառեցված է համագործակցությունը ՌԴ-ի հետ, և ամուր համագործակցում ենք կարծես թե եվրոպական երկրների, Հնդկաստանի հետ:
– Անվտանգության ապահովում ասվածը միայն բանակի կամ անվտանգություն ապահովող մյուս կառույցների վրա չի կառուցվում: Դրա կարևոր բաղադրիչներից են նաև միջազգային հարաբերությունները, արտաքին քաղաքականությունը, որը մեծապես կարող է մեղմել ցանկացած երկրի շուրջ ստեղծված սպառնալիքները, իսկ հնարավոր մարտահրավերների պարագայում տալ հնարավորություն դուրս գալ համեմատաբար նվազ կորուստներով, դեռ չեմ խոսում հաջողության կամ հաղթանակի մասին: Եվ այս տեսանկյունից, բնականաբար, կարևոր է սա՝ սկսած սպառազինության մատակարարումներից՝ մինչև միջազգային կառույցներում երկկողմ կամ բազմակողմ ֆորմատով տարբեր համաձայնություններ և պայմանավորվածություններ, որոնք կարող են ամրապնդել երկրի անվտանգությունը:
– Մյուս կողմից, ի՞նչ եք կարծում՝ ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն պե՞տք է կամ ի՞նչ ռեբրենդինգի պիտի ենթարկվեն՝ գուցե կանոնադրության, քաղաքականությա՞ն, որոշ մոտեցումների առումով: Բացի այդ, Հայաստանին որևէ տեղ սպասո՞ւմ են, կամ՝ Հայաստանը ցանկանո՞ւմ է, որ սպասեն:
– Այսօր չկա միջազգային որևէ կառույց, որը կարողանում է իր կանոնադրությանը համապատասխան ամբողջության մեջ իրացնել անդամ երկրների անվտանգային կարիքները: Եվ, բնականաբար, ցանկացած ուղղություն կամ համագործակցության ձև ընտրելիս՝ լինի դա երկկողմ, թե բազմակողմ ֆորմատով, շատ կարևոր է, որպեսզի այն, ինչ գրված է տեքստում կամ հայտարարության մեջ, առարկայականորեն համապատասխանի երկրի մոտեցումներին: Բայց այս իշխանության պարագայում որևէ համեմատություն կամ գնահատական հնչեցնելն իմաստ չունի, որովհետև այսօրվա ստեղծված իրողությունների պայմաններում անվտանգություն ասվածը կամ գոյություն չունի, կամ՝ եղած միջոցառումների պայմաններում քաղաքացին և երկիրն իրենց պաշտպանված չեն զգում:
– Պատերազմից անցել է ավելի քան 5 տարի և ռազմական քրեական գործերով առանցքային որևէ բան հայտնի չէ, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն է ազատազրկված, որոշ սպաներ, հրամանատարներ, բայց հնչեղություն ստացած ոչ մի գործ չի հասել իր հանգուցալուծմանը, թեև ենթադրելի է ելքը: Ի դեպ, միշտ նշում ենք՝ որտեղ կամ որքանով է՝ քաղաքական ղեկավարության, որքանով՝ բանակի պատասխանատվության չափը, հիմա ուզում եմ այլ հարցադրում անել՝ կա՞ր ներդաշնակություն ՊԲ-ի և ՀՀ ԶՈՒ միջև պատերազմի ժամանակ, եթե ոչ, ապա դա ի՞նչ խնդիրների է հանգեցրել: Եվ արդյո՞ք նման կարևոր հարցերը տեղ են գտել Քննիչ հանձնաժողովի զեկույցում, որը, պարզվում է՝ իրավական ուժ չունի:
– 44-օրյա պատերազմի հետ կապված մեծ թվով հարցեր թեև արդեն պարզ են, բայց կան խնդիրներ, որոնք ողջ շղթայով կբացահայտվեն այս իշխանության հեռացումից հետո, որովհետև այս իշխանությունն իր ներկայությամբ, իր ակտիվ միջամտությամբ, բնականաբար, թույլ չի տալիս, որ հասարակությունն ամբողջության մեջ և՛ իրազեկվի, և՛ կարողանա վերլուծել, գնահատել այն ամբողջ պատճառահետևանքային կապը, որն առնչվում է 44-օրյա պատերազմի խայտառակ արդյունքների, հետևանքների և դրան հաջորդած ժամանակահատվածի հետ, երբ ՀՀ մեծ թվով տարածքներ օկուպացվեցին, 2023 թվականին Արցախն ամբողջությամբ հայաթափվեց: Բայց այդ պայմաններում Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցությունների գնաց, որտեղ Ադրբեջանը հանդես էր գալիս ուժի դիրքերից, թելադրողի կարգավիճակում, և դրան համարժեք էլ ստացանք քաղաքական արձանագրումներ:
– Եվ վերջում՝ Բաքվում ավարտվեց Ռուբեն Վարդանյանի և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության մասով «դատավարությունը»: Ադրբեջանի նախագահ Ալիևն այս պահի դրությամբ բացառում է ներման շնորհումը, ամեն դեպքում, դա հնարավոր համարո՞ւմ եք և ո՞ր դեպքում, ի՞նչ գնով: Չմոռանանք նաև, որ այդ «դատավարությունը» Հայաստանի դեմ էր, ՀՀ զինված ուժերի, ՀՀ նախկին նախագահների:
– Բաքվում իրականացված կեղծ «դատավարությունն» ամբողջությամբ քաղաքական պրոցես էր, և ըստ այդմ՝ դրա լուծումը պետք է լինի քաղաքական: Միջազգային ատյաններում, տարբեր կառույցներում աշխատանքը որոշակի հարցեր լուծում է, բայց, կրկնում եմ, որ խնդիրն ունի մեկ լուծում, և դա քաղաքական է:



