Ինդոնեզիան պատրաստվում է խաղաղապահ ուժերի շրջանակում 1000 զինվորականի տեղակայել Գազայում
Ինդոնեզիան պատրաստվում է 1000 զինվորականի տեղակայել Գազայում մինչև 2025թ․-ի ապրիլի սկիզբ՝ որպես բազմազգ խաղաղապահ ուժերի մաս։ Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է բանակի խոսնակ Դոնի Պրամոնոն։
Նա նշել է, որ զինվորականների տեղակայման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն՝ հավելելով, որ մինչև հունիս ընդհանուր առմամբ 8000 զինվորական պատրաստ կլինի տեղակայման։
«Մեկնման ժամանակացույցը ամբողջությամբ կախված է պետության քաղաքական որոշումներից և համապատասխան միջազգային մեխանիզմներից», – ասել է նա։
Ինդոնեզիայի նախագահ Պրաբովոն պատրաստվում է մեկնել Վաշինգտոն՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ այս շաբաթ կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին պաշտոնական հանդիպմանը։
Խորհրդի ստեղծումը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով՝ որպես Թրամփի վարչակազմի՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև Գազայում պատերազմը դադարեցնելու ծրագրի մի մաս։
Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 14-ին հայտարարել է, որ իր զինվորականների մասնակցությունը Գազայում ՄԱԿ-ի կողմից լիազորված Միջազգային կայունացման ուժերին չպետք է մեկնաբանվի որպես որևէ կողմի հետ քաղաքական հարաբերությունների կարգավորում։
«Ինդոնեզիան հետևողականորեն մերժում է ցանկացած ձևով պաղեստինցի ժողովրդի դեմոգրաֆիկ փոփոխության կամ հարկադիր տեղահանման կամ վերաբնակեցման բոլոր փորձերը», – հայտարարել է նախարարությունը։
Նախարարությունը նաև նշել է, որ տեղակայումը, որն ունի ոչ մարտական, մարդասիրական մանդատ, կարող է իրականացվել միայն Պաղեստինի իշխանությունների համաձայնությամբ, և որ Ինդոնեզիայի զորքերը նաև որևէ կողմի ապառազմականացնելու մանդատ չեն ունենա։
Ինդոնեզիան չի ճանաչում և չի պահպանում որևէ դիվանագիտական հարաբերություններ Իսրայելի հետ։



