«Բերեցինք միայն գիտելիքն ու փորձը». Շուշիի կորստից հետո նոր պայքար՝ գորգագործության ոլորտում

2013թ. ամռանն Արցախում իր գործունեությունը սկսեց «Արցախ Կարպետ» ընկերությունը, որի նպատակը գորգագործությունը որպես հայկական մշակույթի անբաժան մաս պահպանելն ու ապագա սերունդներին փոխանցելն է: 2020թ․ Արցախյան պատերազմից ու բռնի տեղահանումից հետո ստեղծված խնդիրների մասին զրուցել ենք ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանի հետ։

Պարոն Խաչատրյան, պատմական Հայաստանի գորգագործության կենտրոնների շարքում արցախյան գորգերն իրենց ուրույն տեղն են ունեցել. ո՞րն է արցախյան գորգի առանձնահատկությունը։

– Արցախյան գորգը հայկական գորգն է, ուղղակի պատմական Հայաստանն այնքան հարուստ է մշակութային և, հատկապես, գորգագործության առումով, որ տարբեր տարածաշրջաններում ռեգիոնալ զարգացում է ապրել՝ Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան, Սյունիք, Արցախ և այլն, իսկ Արցախյան դպրոցը, ճիշտ եք նկատում, հայկական գորգագործության մեջ շատ կարևոր ավանդ ունեցող դպրոց է։ Եվ ինչպես Հայկական լեռնաշխարհի կամ պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջաններ, բնականաբար, իրենց տարածաշրջանից ելնելով՝ ունեն իրենց առանձնահատկությունները՝ գունային, նախշային և այլն, այնպես էլ Արցախի տարածաշրջանի գորգերն իրենց յուրահատկություններ ունեն, որոնցով և մասնագետները տարբերում են գորգերը։ Այսինքն՝ Վան-Վասպուրականի տարածաշրջանի գորգերը միանշանակ տարբերվում են Արևելյան Հայաստանի գորգերից, կամ Սյունիք-Արցախի գորգերը՝ մյուս տարածաշրջանի գորգերից՝ հիմնականում պայմանավորված ռեգիոնալ առանձնահատկություններով, թե չէ ընդհանուր առմամբ նույնն է, նույն դպրոցն է, նույն տեխնիկան։

Կարդացեք նաև

Պետք է նշել, որ հայկական գորգերն աշխարհում տարբերվում են նաև մի քանի բաղադրիչներով. մեկը գործելու տեխնիկան է․ հայկական գորգերը գործվում են կրկնակի հանգույցի տեխնիկայով, այսօր նաև աշխարհում կրկնակի հանգույցը հայկական հանգույցի հոմանիշն է։

Հաջորդ կարևոր և ինձ համար, թերևս, հիմնականն իմաստաբանական տարբերությունն է։ Հայկական գորգերն ունեն խորհրդաբանություն, հզոր սիմվոլիկա, ասել է թե՝ նշանակություն և իմաստ, և հենց դրանով տարբերվում են աշխարհի մյուս տարածաշրջանային գորգերից։ Այսինքն՝ մեզ համար գորգը զուտ ինչ-որ դեկորատիվ կամ կիրառական իր, կենցաղում անհրաժեշտ որևէ տարր չի եղել, երբեմն նաև ծիսապաշտամունքային երևույթ է եղել։

– Կա՞ն նախշազարդեր, որ բնորոշ են միայն արցախյան գորգերին։

– Կառանձնացնեմ հատկապես Արցախի վիշապագորգերը, որոնք հայկական գորգարվեստի պատմության մեջ շատ լուրջ ձեռքբերում եմ համարում։ Ընդհանրապես Արցախն է հիշատակվում որպես վիշապագորգերի հայրենիք։ Հիմնականում իրենց տարածման ոսկե դարը եղել է 17-րդ դարը. այդ ժամանակաշրջանից սկսած՝ ծաղկում են ապրել հատկապես արցախյան դասական վիշապագորգերը, տարածվել աշխարհով մեկ։ Հրաշալի գորգեր կան. «Ջրաբերդը», «Արծվագորգերը», «Թագ գորգերը», «Իշխանատունը» և այլն։

– Գորգը հիմնականում տան համար են գործել, չէ՞, և, կարծեմ, արցախցիների մոտ նաև մի ավանդույթ է եղել, որ գորգը տնից հանելը համարել են դժբախտություն։ Կա՞ նման բան։

– Բազմաթիվ ավանդույթներ կան ձեռագործ գորգի հետ կապված, և հայոց մշակույթի մեջ գորգերը գործվել են տարբեր նպատակներով։ Կային ընտանեկան գորգեր և, միանշանակ, դրանք սերնդեսերունդ փոխանցվում էին։ Գորգեր կան, որոնք, այո, ընտանեկան էին, գործվում էին ընտանիքի կանանց, աղջիկների կողմից, և պետք է պահվեին տանը, փոխանցվեին սերնդեսերունդ և, այո՛, լավ բան չէր նշանակում այդ գորգը տնից հանելը։ Խոսքը միայն գորգերի մասին չէ։ Նույնը կարելի է ասել նաև ասեղնագործ սփռոցների, խուրջինների մասին, որոնք էլի շատ տարածված են եղել Հայաստանում և հատկապես՝ Արցախում։ Իհարկե, գորգեր գործվել են վաճառքի, եկեղեցիների, տարբեր ծեսերի, միջոցառումների համար։

Ի՞նչը պատճառ դարձավ, որ որոշեցիք ստեղծել «Արցախ Կարպետ» ընկերությունը։

– Մենք սկզբից խոսեցինք Արցախում հայկական գորգագործության պատմության և ավանդույթների մասին, հիրավի, Արցախը համարվում է հզոր դպրոց՝ գորգագործության համար, և բնական ձևով գորգագործությունը սերնդեսերունդ փոխանցվող, ժառանգվող երևույթ է եղել։ Արցախի շատ շրջաններում, գյուղերում կանանց մեծամասնությունը տիրապետում էր այս արհեստին ու դարերով ժառանգվում էր գորգագործությունը, որովհետև դա նախ և առաջ՝ հարգի երևույթ էր։ Գորգագործությունը, ասեղնագործությունը, ժանեկագործությունը շատ ազնվական երևույթ էր համարվում Արցախում, այսինքն՝ դա իշխանական տոհմերի կանանց աշխատանքն էր։ Մեր պատմագրության մեջ շատ հիշատակություններ կան, երբ Արցախի իշխանների կանայք, դուստրերը գործում էին գորգեր, ասեղնագործում էին սփռոցներ, և այն համարվում էր էլիտաների զբաղմունք։ Այնուհետև լայն տարածում գտավ հանրության մեջ։ Աղջիկը պետք է իմանար այդ գործը, և այդպես այն հասել է մինչև 21-րդ դար։

Նախքան «Արցախ Կարպետ» ընկերության հիմնումն Արցախում եղել են այլ ընկերություններ, որոնք արտադրական մակարդակով զբաղվել են գորգագործությամբ, և 2000-ականների սկզբին եղել էր մի պահ, որ արտադրական մակարդակով ընդհատվել էր գորգագործությունը, ու սա, կարծում եմ, մեծ մարտահրավեր էր Արցախի համար, ու 2013թ. Արցախի իշխանությունների կողմից տնտեսական քաղաքականության շրջանակներում որոշում կայացվեց նպաստել, որպեսզի ստեղծվեն գորգագործությամբ զբաղվող ընկերություններ։ Ի թիվս այլ ձեռնարկատիրական ընկերությունների՝ հիմնվեց նաև «Արցախ Կարպետ» ընկերությունը, և մեր առաջին արտադրամասը հիմնեցինք Շուշիում, որը հայկական մշակույթի կարևոր կենտրոններից մեկն էր համարվում։ Նպատակն էր՝ Արցախի բոլոր քաղաքներում արտադրամասեր հիմնելը և, հատկապես, երիտասարդ սերնդի աղջիկներին, կանանց ընդգրկելը, որովհետև ավագ սերունդը տանը, տնայնագործական մակարդակով քիչ թե շատ տիրապետում էր և պետք էր նոր սերնդին փոխանցել այս գիտելիքները, ապահովել գորգագործության շարունակականությունը։

Արցախի գորգագործության համբավը խլել-տարել էին մեր ձեռքից, և Արցախը պետք է տեր կանգներ իր 1000-ամյա մշակույթին։ Ընդամենը մի քանի տարվա մեջ Արցախի 5 վարչատարածքային միավորներում հիմնեցինք 5 արտադրամասեր, և եղել է ժամանակ, որ մեր ընկերությունում 200-ից ավելի գորգագործներ են աշխատել, ինչը բավականին մեծ թիվ էր փոքր երկրի համար։

Պատերազմից հետո հնարավոր եղա՞վ ինչ-որ բան բերել, թե՞ լրիվ մնաց։

– Բերեցինք միայն մեր գիտելիքներն ու փորձը, որովհետև ուրիշ բան տեղափոխել պարզապես հնարավոր չէր։ 5 տարբեր շրջաններում արտադրամաս ունեինք, և մի քանի օրում կամ մի քանի ժամում հաստոցները տեղափոխել պարզապես անհնար էր, հատկապես որ, կորցրել էինք շրջաններ, և այն ամենը, ինչ կար։ Եթե որևէ մեկը պատկերացներ 2020 թվականի պատերազմի ընթացքում, որ հանգուցալուծումը լինելու է այն, որ, օրինակ, կորցնելու ենք Շուշին, խելագար արկածախնդրություն կթվար, որովհետև Շուշին համարվում էր ամենաանառիկ բերդերից մեկը։ Մեր ամենակայացած և լուրջ արտադրամասերից մեկը հենց Շուշիում էր․․․ ընկան այդ շրջանները և ամեն ինչ։ 2020թ. պատերազմից հետո Արցախի այն շրջաններում, որոնք պահպանվել էին, շարունակեցինք մեր գործունեությունը։ Դրանք էին՝ Ստեփանակերտը և Ճարտարը։ Շրջափակման ժամանակահատվածում ընկերությունն աշխատեց այնքան, ինչքան ի վիճակի էր, ինչքան հերիքում էր հումքը և այն անհրաժեշտ նյութերը, որոնք մենք պահեստավորել էինք։

Իհարկե, որոշ նյութեր Երևանից էին ուղարկում, և արդեն փակ ճանապարհը թույլ չէր տալիս արտադրական որոշ պրոցեսներ իրականացնել։ Փրկվեց ավանդույթը, գիտելիքը և այդ գիտելիքը կրող մարդը։

– Կարողացա՞ք բոլորին կրկին աշխատանքի տեղավորել։

– Դա ամենամեծ խնդիրն է, որ առաջացավ մեզ համար։ Ցավով ուզում եմ նշել, որ պատերազմի ժամանակ նաև մարդկային կորուստ ունեցանք, զոհվեց մեր ընկերության լավագույն աշխատակիցներից մեկը, ընկերության այլ աշխատակիցների ընտանիքում զոհեր, վիրավորներ, եղան։ Դժվար էր պատերազմից հետո նորից ոտքի կանգնել և շարունակել գործունեությունը, իսկ տեղահանությունն արդեն վերջին հարվածն էր, որ եղավ Արցախին։ Այդ ամենից հետո անձամբ ինձ համար շատ սկզբունքային էր ամեն գնով շարունակել «Արցախ Կարպետ» ընկերության գործունեությունը։

Երբ Երևանում հիմնեցինք մեր ընկերությունը և շարունակեցինք գործունեությունը, հասկացանք, որ ամեն օր բախվում ենք նոր խնդիրների։ Տեխնիկական, կազմակերպչական հարցերից բացի, ամենալուրջը մարդկային ռեսուրսի վերակազմավորման, վերամիավորման հարցն էր, որովհետև տեղահանումից հետո արցախահայերը տարբեր շրջաններում էին բնակվում։ Ցավոք, որոշները լքեցին երկիրը, և սա նրանց լավագույն որոշումը չէր, ուղղակի, ինչ-որ մեկը, օրինակ, Ռուսաստանում բարեկամ ուներ, մյուսը՝ Վրաստանում։ Մեր ընկերության լավագույն վարպետները, տեխնոլոգները տարբեր տեղերում էին հաստատվել, և այս խնդիրը մինչ օրս կա։ Իսկ ընկերությունն աշխատեց նրանց շնորհիվ, ովքեր Երևանում կամ երևանամերձ հատվածներում էին բնակվում։

Ունենք նաև տնայնագործ վարպետներ՝ Գյումրիում, Վանաձորում, որոնց տրամադրել ենք գորգագործական հաստոց, և աշխատում են։

– Գիտեմ, որ ժամանակակից տեխնոլոգիաներից չեք օգտվում։ Սա ինչո՞վ է պայմանավորված։

– Հայկական ձեռագործ գորգագործության առանձնահատկություններից մեկն այն է, որ պահպանվել է հայկական 1000-ամյա գորգի տեխնոլոգիան, ավանդույթները, և դա է ձեռարվեստը։ Դազգահների, հաստոցների ձևը հիմնականում պահպանված է, նույն տեխնիկայով ենք աշխատում, և փոփոխություն մտցնել դրա մեջ՝ նշանակում է անցնել այլ բանի, այսինքն՝ այն արդեն չենք կարող ասել ձեռագործ գորգ։ Երբեք չի կարելի ձեռագործ գորգը համեմատել մեքենայագործ գորգի հետ. դրանք տարբեր բաներ են։

– Ի՞նչ խնդիրների եք բախվում։

– Ընդհանրապես արտադրությամբ, բիզնեսով զբաղվելը նշանակում է նաև հանդիպել խնդիրների, և դա նորմալ է։ Կառանձնացնեի երկու խնդիր, որոնք կապված են իրար։ Մեկը հումքի հայթայթման, ձեռքբերման խնդիրն է, մյուսը՝ իրացման։

Հայկական գորգի հումքը հիմնականում ոչխարի, բրդի թելն է։ Հայաստանում չկա բրդի վերամշակման և թելի արտադրություն․ ամենամեծ խնդիրը սա է։ Կա շատ հեշտ տարբերակ, որից մեր ընկերությունը սկզբունքորեն հրաժարվում է հայկական ավանդական գորգի արտադրության առումով, և այն ուղղակի գորգի համար բրդյա թել ներմուծելն է։ Երբ ասում ենք՝ սա հայկական արտադրանք է, ինձ համար շատ կարևոր է հումքից մինչև պրոդուկտի վերջնական տեսքն ապահովել Հայաստանում և հայկական հումքով։

Եթե մենք, օրինակ, Իրանից կամ Թուրքիայից բերենք բրդյա թել և արտադրենք գորգ, դա չի լինի հայկական։ Համագործակցում ենք շատ տնայնագործների հետ, ովքեր ճախարակով թել են մանում և մատակարարում ընկերությանը։

– Որքանով տեղյակ եմ՝ Հայաստանում ժամանակին հատուկ երկարամազ ոչխարներ են բուծել և հետագայում բրդից ստացել են ողորկ ու փայլուն թել։ Հիմա այդ ոչխարներո՞վ եք շարունակում գործունեությունը։

– Դա եղել է խորհրդային տարիներին, քանի որ հստակ հայկական գորգի արտադրության որոշում կար և կարևոր էր հումքի հարցը լուծելը, որովհետև հայկական գորգերը միշտ փայլել են նաև իրենց որակական առանձնահատկություններով, իսկ լավ արտադրանք ստանալու համար պետք է լավ հումք ունենաս։ Այն ժամանակ խնդիր դրվեց Հայաստանում բուծել ոչխարի լավ ցեղատեսակներ, և առանձնացվեց երկու տեսակի ոչխար։ Մեկը «Բալբաս» է կոչվում, մյուսը՝ «Մերինոս», որոնք և՛ լավ մսատու են, և՛ լավ բրդատու։ Փափուկ և երկարամազ բրդատու ոչխարի տեսակներ են, որով լուծվեց հայ գորգի թելի հարցը։ Կարևոր էր նրանց այլ ցեղատեսակի ոչխարների հետ չխառնելը, որպեսզի իր որակական հատկությունները չկորցներ։ Եվ տասնամյակներ շարունակ բուծում էին, լավ որակի թել ստանում։

Խորհրդային Միության փլուզումից հետո ճգնաժամ եղավ տնտեսության մեջ, և, բնականաբար, այդ համակարգը չպահպանվեց։ Այսօր, իհարկե, Հայաստանի Հանրապետության շրջաններում կան այս ցեղատեսակի ոչխարներ, սակայն խառնված են այլ սորտերի, այլ ցեղատեսակների հետ, և սա խնդիր է առաջացնում։

Նպատակ ունենք ժամանակի ընթացքում ֆերմա ունենալ և բուծել հենց այս ցեղատեսակները, որպեսզի ստանանք լավագույն որակի թել։

– Շատ ընկերություններ կոչ էին անում Կառավարությանը, որպեսզի արգելեն այրել ոչխարի բուրդը։ Այսինքն, գյուղացիները դա վաճառելու փոխարեն՝ այրո՞ւմ են։

– Այո, այսօր ես էլ գիտեմ դեպքեր, երբ ֆերմերները, գյուղացիները ոչխարի բուրդը պարզապես վառում են։ Պատկերացնո՞ւմ եք, ոչխարի բուրդը դարձել է գլխացավանք մարդկանց համար, երբ ժամանակին եկամտի աղբյուր էր։ Պատճառն այն է, որ պահանջարկ չկա, մարդիկ չգիտեն՝ ի՞նչ անեն այդ բուրդը, բայց դա անխուսափելի բան է, չէ՞, որ ոչխարին պետք է խուզես։ Տասնամյակներով այս հարցը չի լուծվում։

– Երևի տեղյակ չեն, որ գնորդը կա։

– Գիտեք, գնորդը կա, բայց նաև պետք է անկեղծ լինենք և խոստովանենք, որ այսօր Հայաստանում գորգով զբաղվող ընկերությունները բոլորը համատեղ չեն կարող սպառել այն ծավալի բուրդը, որ մեկ տարվա ընթացքում ստեղծվում է Հայաստանում։ Դրա համար պետք է լինեն արտադրամասեր, որոնք պետք վերցնեն բուրդը, ստանան թելեր։

 – Կարողանո՞ւմ եք գորգերը արտահանել։

– «Արցախ Կարպետ»-ն այսօր զբաղվում է ձեռագործ գորգերի և կարպետների արտադրությամբ, իսկ 2023թ. հետո սկսեցինք նաև տեքստիլ ուղղությունը։ Այժմ արտադրում ենք նաև հագուստ, աքսեսուարներ, շարֆեր, պայուսակներ, զարդեր և այլն՝ հիմքում ունենալով հայկական նախշերը։ Որպես այդպիսին՝ մեծ արտահանում չունենք, բայց, այո՛, դրսից պատվերներ ունենք։ Իհարկե, հիմնականում Սփյուռքից են այդ պատվերները՝ սփյուռքահայերի կողմից։

– Նոր նախշազարդեր ստեղծվո՞ւմ են։

– Այո, ստեղծվում են՝ բավականին քիչ և դանդաղ տեմպերով։ Հայկական գորգարվեստը հարուստ է, ունենք հայկական նախշերի, զարդարվեստի, գորգարվեստի շատ մեծ շտեմարան, և 15 տարիների ընթացքում մենք դեռևս այդ շտեմարանի փոքր հատվածից ենք օգտվել։ Անհագ ծարավով փորձում ենք անընդհատ վերարտադրել հին հայկականը, որն այնքան ֆանտաստիկ ու սիրուն է, և ափսոս է, երբ դա կա՝ մտածես մի նոր բանի մասին։ Նախ և առաջ՝ պետք է ապահովես դրա շարունակականությունը, այնուհետև ստեղծես մի նոր բան։ Իհարկե, սրան զուգահեռ՝ այսօր մեր նկարիչ-դիզայներները փորձում են ստեղծել նորը, բայց պարտադիր հենվելով հնի վրա, որովհետև պատահական, ուղղակի ինչ-որ բանից կտրված ինչ-որ մի բան անելն առնվազն մեր ծրագրերի մեջ չկա, որովհետև մենք ունենք մշակութային հրաշալի ժառանգություն, որին փորձում ենք նոր շունչ տալ, վերակենդանացնել, և հիմնվելով դրա վրա՝ ստեղծել նորը։

Տեսանյութեր

Լրահոս