Երևանի Տիտոգրադյան փողոցն այսուհետ կկոչվի Պոտգորիցայի
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցն անվանափոխվեց Պոդգորիցա անվամբ՝ Պոդգորիցայի փողոց։ Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ավագանին։
Երևանի Էրեբունի բնակելի զանգվածի 4-րդ փողոցը Տիտոգրադյան է անվանակոչվել 1984 թվականին։ Փողոցը սկսվում է Այվազովսկու փողոցի կենտրոնական հատվածից, հասնում Խաղաղ Դոնի փողոց։
Սա օրակարգի չզեկուցվող հարցերից էր։ Որոշման մեջ ասվում է, որ Տիտոգրադը եղել է Չեռնոգորիայի մայրաքաղաքի նախկին անվանումը և այժմ այն հենց Պոդգորիցա է կոչվում։
Ավագանու որոշման մեջ նաև ասվում է, որ Երևանը և Պոդգորիցան քույր քաղաքներ են դեռևս 1974 թվականից։ Ներկայում Երևանի և Պոդգորիցայի միջև նախատեսվում է ստորագրել համագործակցության նոր համաձայնագիր, որի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ:



