Իրանի հետ պատերազմը խաթարում է ԱՄՆ դիրքերը և խորացնում դաշնակիցների հետ պառակտումը. Politico
Politico-ն գրում է, որ Իրանի դեմ պատերազմը խաթարում է ԱՄՆ հեղինակությունը միջազգային ասպարեզում և արագացնում Վաշինգտոնի այլ երկրների հետ հարաբերություններում պառակտումը։
Հրապարակման համաձայն՝ աշխարհի առաջնորդները ստիպված են արձագանքել հակամարտության հետևանքներին, այդ թվում՝ վառելիքի պակասին և տրանսպորտային սահմանափակումներին։ Միևնույն ժամանակ, մի շարք մուսուլմանական մեծամասնությամբ երկրներում աճում են հակաամերիկյան տրամադրությունները, որոնք, ինչպես նշվում է, հաճախ ստանում են կառավարությունների լուռ հավանությունը։
Politico-ն նաև պնդում է, որ նույնիսկ ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցները սահմանափակում են Վաշինգտոնին ցուցաբերած իրենց աջակցությունը՝ հղում անելով Իրանի դեմ ռազմական արշավից առաջ խորհրդակցությունների բացակայությանը։
Մի անանուն ասիացի դիվանագետ պարբերականին հայտնել է, որ ստեղծված իրավիճակը բարդ հարցեր է առաջացնում ԱՄՆ դաշինքային հարաբերությունների ապագայի և ամերիկյան քաղաքականության նկատմամբ վստահության աստիճանի վերաբերյալ։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին պաշտոնյա Թոմաս Ռայթը նշել է, որ դաշնակիցները «չգիտեն՝ ինչին հավատալ», հակառակորդները «չգիտեն՝ ինչից վախենալ», իսկ ԱՄՆ վարչակազմն ինքը չգիտի իր սեփական ռազմավարությունն ու նպատակները։ Նա հավելեց, որ իրավիճակը կրիտիկական չէ ԱՄՆ արտաքին քաղաքականության համար, բայց կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, եթե գործընկերների հետ հարաբերությունները շարունակեն վատթարանալ։



