Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ապրիլի 21-ի գիշերը երկիրը հարձակման է ենթարկվել ռուսական երկու «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներով և 143 անօդաչու թռչող սարքերով։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ ապրիլի 21-ի առավոտյան երկրի հյուսիսում, հարավում և արևելքում խոցվել է 116 անօդաչու թռչող սարք։
Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը հայտնել է, որ Սլավյանսկ քաղաքի վրա ռուսական զորքերի կողմից 1,5 տոննա ավիառումբ նետելու հետևանքով ապրիլի 21-ի առավոտյան երեք մարդ է վիրավորվել։
Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով ավերվել է դպրոց, վնասվել են 15 բարձրահարկ շենք և այլ շինություններ։
Խերսոնի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ Խերսոնի կենտրոնական շրջանի վրա ռուսական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով զոհվել է մեկ տղամարդ, վիրավորվել՝ մեկ կին։
Սումիի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի խոսքով՝ ռուսաստանցի զինվորականների հիմնական թիրախներից մեկը Սումի քաղաքն է եղել, որտեղ առնվազն 15 մարդ, այդ թվում՝ երեք դեռահաս աղջիկ, վիրավորվել են բնակելի թաղամասի վրա ԱԹՍ-ների հարվածների հետևանքով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերն ապրիլի 21-ի գիշերը ոչնչացրել են 97 անօդաչու թռչող սարք։
Հաղորդագրության համաձայն՝ ԱԹՍ-ները խոցվել են Աստրախանի, Բելգորոդի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի, Սամարայի և Սարատովի մարզերում, ինչպես նաև Սև ծովի հատվածում։
Ռոստովի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ գիշերվա ընթացքում մարզը կրկին ենթարկվել է զանգվածային օդային հարձակման, որի ընթացքում Տագանրոգ քաղաքում և 11 շրջաններում հետ է մղվել և ոչնչացվել չորս տասնյակից ավելի ԱԹՍ։ Նրա խոսքով՝ զոհեր չկան, սակայն «որոշակի ավերածություններ են եղել»։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Հարավային ուժերի խմբի հրամանատարական կետ այցելության հայտարարել է, որ ռուսական զորքերը «ավարտել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը»։
«Այս տարվա սկզբից մեր վերահսկողության տակ են անցել 80 բնակավայր և ավելի քան 1700 քառակուսի կիլոմետր տարածք», – նշել է գլխավոր շտաբի պետը



