Բաժիններ՝

«Տաշիր» հիմնադրամը կվճարի կարկուտից տուժած լոռեցիների հողի հարկն ու պարարտանյութ կտրամադրի

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, ամբողջությամբ բավարարել է Լոռու մարզի` կարկուտից առավել տուժած Ագարակ, Լեջան և Ամրակից համայնքների կողմից ներկայացված առաջարկները` հողատերերին աջակցելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը` վերոնշյալ համայնքներ այցելության ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունը,Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը և «Տաշիրի» ներկայացուցիչը նշյալ համայնքների բնակչության հետ հանդիպումների ժամանակ համոզվել են, որ առաջարկները ներկայացվել են հենց համայնքների կողմից` տուժած բնակիչների անմիջական մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ երեք համայնքներում ստեղծված հանձնաժողովները հաշվարկել էին վնասի չափերը և տուժած հողատերերին աջակցելու առաջարկ ներկայացրել Լոռու մարզպետարան: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դիմել էր ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին՝ համայնքների բնակիչներին հնարավորության սահմաններում օգնելու նպատակով:
Ա.Ճաղարյանը տեղեկացրել է, որ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է համայնքների կողմից ներկայացված պահանջարկը բավարարել ամբողջությամբ, այն է` կարտոֆիլի ցանքատարածությունների համար (դրանք վերականգնելի են) տրամադրել ազոտական պարարտանյութ, իսկ ցորենի ցանքատարածությունների համար վճարել գյուղացիների հողի հարկը` ըստ ներկայացված ցուցակների: Պարարտանյութի գնման գումարն արդեն իսկ փոխանցված է, իսկ հողի հարկի վճարումները կկատարվեն առաջիկա օրերի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս