Ռուսաստանի Դաշնությունը թույլ կտա՞ ՀՀ իշխանություններին նստել երկու աթոռի վրա
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հերթական անգամ անդրադարձել է ՀՀ իշխանությունների եվրոպական ձգտումներին։ Նա նշել է, որ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրոպական Միության փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։
«Հայերը պատրա՞ստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Հնարավոր է՝ հայերը նույնպես ստիպված լինեն իրենց տալ այս հարցը: Ամեն դեպքում, իհարկե, բազմիցս ասվել է, որ մեկ կամ մյուս ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Օվերչուկը նաև հավելել է. «Եվ այստեղ, ակնհայտ է, որ որոշ որոշումներ պետք է կայացվեն որոշակի պահի, քանի որ, իրոք, սա շատ է քննարկվել թե՛ այստեղ, թե՛ Հայաստանում: Նիկոլ Վովաևիչը խոսել է այս մասին. բոլորը հասկանում են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու ինտեգրացիոն միավորումների անդամ: Հետևաբար, եթե նման ընտրություն երբևէ կատարվի, այն կլինի համապարփակ՝ հաշվի առնելով այն դինամիկան, որը մենք այսօր տեսնում ենք Եվրամիության փոփոխվող բնույթում»:
Ավելին՝ այսօր Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հստակեցրեց, որ Եվրոպական միությանն անդամակցությունն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության հետ, սակայն Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը։
Այս թեմայով Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով, Երևանն այլ պատկերացում չունի:
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Մաքսային միությանը, մենք չենք կարծում, որ պետք է այնտեղից հեռանանք։ Մենք կարծում ենք, որ կարող ենք միասին գտնել այնպիսի լուծում, որը ձեռնտու կլինի երկու կողմերին»,- նկատեց Ալեն Սիմոնյանը։
ՀՀ իշխանությունները տևական ժամանակ է՝ հայտարարում են ԵՄ անդամ դառնալու մտադրության, հաստատակամության, այդ որոշման նույնիսկ անշրջելիության մասին։ Ավելորդ է նշել, որ ՀՀ իշխանությունները սերտ համագործակցում են Արևմուտքի, այդ թվում՝ Բրյուսելի հետ, հայտարարում բարեփոխումների օրակարգի մասին։ Սակայն Նիկոլ Փաշինյանը նաև ուղիղ նշում է, որ գուցե Հայաստանը չդառնա ԵՄ անդամ։
«Շատ է հնչում հարցը, թե ԵՄ-ին անդամագրվելն ինչքանո՞վ է Հայաստանի համար իրատեսական և ոչ իրատեսական: Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունն ի՞նչ է ասում: Ասում է՝ մեր խնդիրն է հասնել ԵՄ ստանդարտներին, բոլոր բնագավառներում հասնել ԵՄ ստանդարտներին: Մենք հասկանում ենք, որ նույնիսկ դրանից հետո կարող է չդառնանք ԵՄ անդամ, բայց մեր հիմնական խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է։ Սա կարևոր է, քանի որ շատերը դրանում տեսնում են աշխարհաքաղաքական հետևանքներ»,- ամիսներ առաջ Հայկական ժողովրդավարության ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ ասել էր Փաշինյանը։
ՀՀ իշխանությունների մարտավարությունն այս փուլում ակնհայտ է դառնում՝ չլքել ԵԱՏՄ-ն, օգտվել դրա օգուտներից Հայաստանի համար, սակայն քաղաքական հարաբերությունները կառուցել, խորացնել ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի հետ՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և եվրոպական առանձին երկրների, քանի որ ԵՄ-ից կարծես հստակ խոստումներ չեն տալիս Հայաստանին, որ ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամ։
Այսինքն՝ պահպանել քաղաքական որոշակի հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, սակայն չձգտել քաղաքական վստահության։ Ուստի դասական առումով ՀՀ իշխանությունները փորձում են անել այն, ինչ ընդունված է ասել՝ «նստել երկու աթոռի վրա»։
Սակայն դեռևս դեկտեմբերին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ընդհանուր առմամբ Հայաստանն ու Ռուսաստանը լավ կապեր են պահպանում, սակայն առևտրաշրջանառությունն այս տարի զգալիորեն նվազել է:
«Անցյալ տարի մեր երկրների միջև առևտուրը կազմել է 12,4 միլիարդ դոլար: Այս տարի այն հավանաբար կկազմի 6 միլիարդ դոլար: Սա շատ զգալի անկում է»,- պնդել է ՌԴ փոխվարչապետը 2025 թվականի դեկտեմբեր ամսին։ Օվերչուկը հարկ էր համարել հավելել, թե «ռուսական բիզնեսները զգուշանում են Հայաստանի հետ աշխատելուց»: Այսինքն՝ կարող է ստացվել այնպես, որ Ռուսաստանի քաղաքական որոշման հետևանքով Հայաստանի համար ԵԱՏՄ անդամակցությունը չլինի այնքան շահավետ, որքան երկու կամ երեք տարի առաջ էր։ Ուստի հարց է առաջանում՝ Ռուսաստանի Դաշնությունը թույլ կտա՞ ՀՀ իշխանություններին նստել երկու աթոռի վրա, թե՞ ոչ, և այդ պարագայում ի՞նչ որոշում ստիպված կլինեն կայացնել ՀՀ իշխանությունները՝ հրաժարվել եվրաինտեգրացիայի աղոտ հեռանկարի՞ց, թե՞ ԵԱՏՄ օգուտներից։
