Բաժիններ՝

«Սուտ է… Գյումրին արվեստների քաղաք չէ՝ ժեշտանչիների քաղաք է»

Ասում է նկարիչ Գևորգ Սարգսյանը (Ճալա):

 

«Դալան» գալերեայում բացված «Տարեգրություն» խորագիրը կրող՝ նկարիչ Գ. Սարգսյանի ցուցահանդեսը կշարունակի ցուցադրվել մինչև հունիսի 18-ը: Ներկայացված մինիմալիստական աբստրակցիոն ստեղծագործությունները քարերի քրոնիկա են:  Նյութը, որով աշխատում է Գ. Սարգսյանը, ինքնատիպ է՝ թղթից ու շաղախից կերտում է քարի պատրանք: Պիգմենտների խաղը հեղինակին թույլ է տալիս թղթի շերտի վրա քար ձուլել: Ճալան վստահեցնում է, որ ստեղծագործական իր ներուժը սնուցվում է քարերից, քանի որ քարն իր մեջ բազում պատմություններ է կրում: «Եվ այդ պատմություններն այնքան լուռ են… Փորձում եմ գունային գամմայով վերարտադրել այդ պատմությունները: Հասնում եմ նրան, որ ստեղծվի ոչ թե իմ ես-ը, այլ ինքը բացահայտվի: Օգնում եմ, որ քարն իր պատմությունը բացահայտի, ինքը ստեղծվի: Չէի ցանկանա, որ իմ ես-ը երևա»,- ասում է Գ. Սարգսյանը՝ հավելելով, որ իր գործերը պատմություններ են, ճիշտ այնպես՝ ինչպես քարերը, որոնց ամեն մի խազն ակնարկ է: Գյումրեցի նկարիչ Գ. Սարգսյանը նաև դասավանդում է Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում: Մենք նրա հետ փորձեցինք զրուցել ցուցահանդեսի, Գյումրիում տիրող մշակութային կյանքի և այլ խնդիրների շուրջ:

– Թուղթը, քարը սիրում են, որ միջամտությամբ իրենց վրա վերծանեն իրենց պատմությունները: Նույն հարթ քարն ուզում է, որ իր վրա աշխատելով՝ բացահայտեն իր պատմությունը, նշանակությունը: Լինում է, որ բնության միջամտությամբ ինքնըստինքյան բացահայտվում է քարի պատմությունը: Ամբողջի պատմությունն է՝ բնության, մարդու, երկրագնդի: Դրանք անհասկանալի, անվերծանելի են, բայց կան: Մարդկության անհանգստությունը, լարվածությունը, մեր ժամանակաշրջանի առանձնահատկությունները չգիտեմ՝ որքանով են արտահայտվում իմ գործերում, դա դիտողը կարող է զգալ, բայց մյուս կողմից էլ՝ ես այս ժամանակաշրջանում ապրող մարդ եմ և որքան ես եմ կրում մեր ժամանակի անհանգստությունը, այնքան այն կարող է փոխանցվել ստեղծագործություններիս:

– Այսօր անցյալի իներցիայի ուժով հնչում են գնահատականներ, համաձայն որոնց՝ Գյումրին Հայաստանի ամենամշակութային քաղաքն է: Մասնավորապես, Բիենալեից հետո հեղինակավոր արվեստագետները հայտարարում էին, որ Գյումրին տաղանդավոր, համարձակ երիտասարդ արվեստագետներ ունի:

– Ես ջղայնանում եմ, երբ Գյումրին անվանում են արվեստների և արհեստի քաղաք: Եթե արվեստի քաղաք է, պիտի երևա, ո՞ւր է… Գյումրիի ղեկավարը եթե ամեն ելույթին օգտագործում է արվեստի, արհեստի քաղաք բնորոշումը, ապա պարտավոր է նաև հնարավորություններ ստեղծել ստեղծագործելու համար: Ուղղակի խոսում են, դուք էլ հավատում եք: Անցյալում Գյումրին եղել է արվեստների քաղաք, իսկ հիմա «ժեշտանչիների» քաղաք է: Մեզ մոտ ով չի հանձնվում, փորձում է ստեղծագործել՝ գալիս է Երևան կամ գնում է այլ երկիր: Գյումրիում փոքր «Բեռլին» հյուրանոց կա, որտեղ հյուրանոցի տնօրենը՝ Ալիկը, ցուցահանդեսներ է ներկայացնում: Յուրաքանչյուր սենյակ ներկայացնում է մի հեղինակի: Այսինքն՝ ցուցադրվելու մեր միակ տարածքն այդ հյուրանոցն է:

– Բայց հյուրանոցում ստեղծագործություն ներկայացնելը բացարձակ կապ չունի նկարչության ցուցադրման կուլտուրայի հետ: Դա առնվազն նկարը վաճառքի հանելու կոմերցիոն բնույթի ձևաչափ է:

– Դա տուրիզմի կուլտուրա է, բայց Գյումրիում ներկայացվելու միակ տարածքն այդ հյուրանոցն է, որը հետաքրքիր նախագծեր իրականացնում է, մինչև անգամ երիտասարդներին ինքնարտահայտվելու հնարավորություն է տալիս: Ընդամենը մեկ գալերեա կար ամբողջ քաղաքում, որը փակվել է: Հազվադեպ ցուցադրություններ լինում են Ասլամազյանների տուն-թանգարանում: Այնպես որ, Գյումրին պատկերասրահ, գալերեա, Նկարիչների միության շենք չունի, բայց ասում ենք՝ արվեստների քաղաք:

– Սո՞ւտ են ասում…

– Բա ի՞նչ են անում: Լավ երիտասարդություն կա, Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղը շատ ակտիվ երեխաների է պատրաստում, բայց կամ փախնում են Երևան, կամ արտագաղթում են այլ երկիր: Կերպարվեստի ոլորտում կորիզն Ակադեմիայում դասավանդում է, իսկ մյուս տաղանդավոր նկարիչ քանդակագործները չկարողանալով գոյատևել՝ շեղվում են. գերեզմանաքարի գործ են անում, որ վաստակեն: Գեղանկարիչներն էլ գերեզմանաքարերի վրա հանգուցյալի նկար դաջելով են վաստակում:

– Այսինքն՝ սոցիալական անբարենպաստ պայմանները ջարդում են մշակութային կյանքը, ստեղծագործողի ներուժը:

– Այո՛… Ով հնարավորություն գտնում է՝ փախնում է, ով էլ չէ՝ ապրելու մասին է մտածում: Հոգևոր դաշտը վատ վիճակում է:

– Գյումրիի քաղաքապետարանի Մշակույթի բաժինն ի՞նչ ծրագրեր է ներկայացնում:

– Չգիտեմ, կարող է երեխաների համար սուտի մի ցուցահանդես կամ անկապ համերգ կազմակերպեն: Ես ուղիղ մեկ տարի, ամեն ամիս ցուցահանդեսներ եմ կազմակերպել Գրողների միության փոքրիկ դահլիճում: Քաղաքապետարանից երբևիցե չեն եկել, ոչ  մի ռեակցիա չի եղել իրենց կողմից: Նկարիչների միությունն անգամ շենք չունի, այսինքն՝ ուներ, բայց ծախեցին: Նախկինում պատկերասրահի շենք ունեինք, որի շարունակության մի երկու  սենյակը հատկացված էր միությանը, բայց Վարդանիկը դա էլ ծախեց: Քանդակագործներից մեկը քաղաքի համար քանդակ արեց, և Վարդանիկը շենքի այդ տարածքը քանդակի հետ փոխանակեց, տվեց այդ քանդակագործին: Պատկերասրահի տարածքը հիմա շահագործվում է՝ որպես խանութ: Նախկինում Նկարիչների միության 80 անդամ կար Գյումրիում, իսկ հիմա հազիվ մի 25 մարդ լինի:

– Ճի՞շտ է, որ շուտով արվեստի մեծ փառատոն է լինելու, որն անցկացվելու է ոչ թե Երևանում, այլ՝ Գյումրիում:

– Այո՛, չգիտեմ՝ ի՞նչ խաղ է, Երևանը վերապահել է Գյումրիին: Ամբողջովին Երևանի նախագծերն են, բայց անունը հանել են՝ Գյումրիում անցկացվող փառատոն: Արագ տեմպերով ասֆալտները քանդում են, որ դրսի հյուրերին հաճոյանան: Ուրիշ երկրներից արվեստագետներ են գալու: Հունիսի 1-ին պետք է լիներ, բայց հետաձգեցին հուլիսին: Քանդակագործների սիմպոզիում է լինելու, բայց գյումրեցի քանդակագործները հիմնականում հրաժարվել են մասնակցել: Երևանցիներով Գյումրիում կանեն սիմպոզիումը: Ամբողջ օրը հեռուստատեսությամբ հայտարարում են՝ կիրականացվի մշակույթի մայրաքաղաք Գյումրիում: Դա ծիծաղելի է…

7063_470329976384539_320349451_n 935870_470331496384387_76377939_n 936134_470331323051071_1220419367_n 943593_470330213051182_1403107028_n 960062_470330343051169_1521645039_n 969733_470331249717745_1198052172_n 970139_470329789717891_352846493_n 996192_470330579717812_2123255424_n

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս