
ԱՄՆ-ն դավաճանել է դիվանագիտությանը, իսկ Ե3-ը թաղել է այն․ Արաղչին՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին

Միացյալ Նահանգները դավաճանել են դիվանագիտությանը, իսկ Եվրաեռյակը թաղել է այն, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Աղաղչին։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթիս ժամանակ ես պատմեցի այն մասին, թե ինչպես են Միացյալ Նահանգները դավաճանել դիվանագիտությանը, և ինչպես է Ե3-ը (Եվրաեռյակը – խմբ.) թաղել այն», – շաբաթ երեկոյան X սոցիալական ցանցում գրել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը։ – Այն ամենը, ինչ ես տեսա Նյու Յորքում, չի վկայում, որ երկխոսության ձախողումը պատահական է տեղի ունեցել։ ԱՄՆ-ի/Ե3-ի կողմից դիվանագիտությունից հրաժարվելը միտումնավոր է և հիմնված է սխալ հաշվարկի վրա, որն է՝ «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է», և որ իրանցի ժողովուրդը կենթարկվի ահաբեկման։
Սխալ ենթադրությունների կրկնությունը չի հանգեցնի առկա անհարկի ճգնաժամի լուծմանը։ Իմ հայտարարության մեջ ես ընդգծեցի, որ Ե3-ը խախտել է ՀԳՀԾ-ով և 2231 բանաձևով ստանձնած իր պարտավորությունները՝ դրանով իսկ զրկվելով պահանջներ ներկայացնելու իրավունքից։ Նրանց դիմումը, այսպես կոչված, snapback մեխանիզմին, ոչ այլ ինչ է, քան գործընթացի կոպիտ չարաշահում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի գործողության ժամկետը լրանում է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին։ Չեղարկված պատժամիջոցները չեն կարող վերականգնվել, և դա անելու ցանկացած փորձ անվավեր է»։
Միավորված ազգերի կազմակերպությունը շաբաթ օրը վերականգնել է Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն և այլ պատժամիջոցներ՝ երեք առանցքային եվրոպական տերությունների նախաձեռնած գործընթացից հետո։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել էին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումը՝ երկրին մեղադրելով միջուկային ռումբի մշակման դադարեցմանն ուղղված 2015 թվականի համաձայնագրի խախտման մեջ։
Իրանը հերքում է, որ ձգտում է միջուկային զենք ստեղծել։