«Հիմք ընդունեք Նիկոլ Փաշինյանի պատասխանը». ԱԳՆ խոսնակ

Երկու օր առաջ՝ դեկտեմբերի 23-ին, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է, նրա առողջական վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող բուժհաստատություն:

Ըստ ադրբեջանական աղբյուրների, ներկա դրությամբ նրա վիճակը գնահատվում է ծանր, ինտենսիվ թերապիան շարունակվում է:

Դրանից օրեր առաջ՝ դեկտեմբերի 19-ին, Վագիֆ Խաչատրյանը զանգահարել էր ընտանիքի անդամներին, նրա դուստրը՝ Վերա Խսչատրյանը, մեզ ասել էր, որ հայրը կարճ զրույց է ունեցել ու ասել, որ լավ է։

Քանի որ սեպտեմբերի 3-ից Բաքվում այլևս չի գործում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը, զանգահարեցինք ՀՀ արտգործնախարարություն՝ պարզելու՝ որևէ տվյալ ձեռք բերե՞լ են Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ։

Կարդացեք նաև

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ասաց, որ այս հարցին Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո ունեցած ճեպազրույցում արդեն պատասխանել է։

«Հիմք ընդունեք Նիկոլ Փաշինյանի պատասխանը»,- նշեց Անի Բադալյանը։

Ճշգրտող հարցին՝ այսինքն՝ այս հարցով ՀՀ արտգործնախարարությունը զբաղվո՞ւմ է, նա պատասխանեց.

«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկրի մարմինները զբաղվում են, համապատասխանաբար՝ դրա մեջ մտնում են պատախանատու մարմինները, դրա համար ճիշտ եմ համարում, որ հիմք ընդունեք հենց վարչապետի ասածը»։

Նշենք, որ Կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին, մասնավորապես ասել էր.

«Վագիֆ խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ, այո, մեր մարմինները տեղեկություններ են հավաքում և այս պահին, հրապարակային տեղեկատվությունից ավելի տեղեկություն չեմ կարող հայտնել։ Ես չէ, բայց մեր մարմիններն աշխատում են»։

Նշենք, որ 2023 թվականի հուլիսին Հակարիի կամրջից ադրբեջանական կողմն առևանգել էր նաև Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։ Նա Կարմիր խաչի միջոցով Երևան էր գալիս սրտի վիրահատության նպատակով՝ աղջկա ուղեկցությամբ։

Առևանգելուց հետո Վագիֆ Խաչատրյանին տարել էին անհայտ ուղղությամբ, այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարեց, որ նրան Բաքվում մեղադրանք է առաջադրվել, իբրև թե «ցեղասպանություն» իրականացնելու համար։

Ամիսներ տևած կեղծ դատավարական նիստերից հետո Բաքվի դատարանը որոշում  կայացրեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման, որից 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Տեսանյութեր

Լրահոս