Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը զանգահարել է ընտանիքի անդամներին
Այս տարվա սեպտեմբերի 3-ից Բաքվում այլևս չի գործում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակը, այն Բաքվում փակվել է իշխանությունների պահանջով։ Արդյունքում Բաքվում ապօրինի պահվող հայ գերիները, պատանդները զրկվել են իրենց ընտանիքների հետ կապ հաստատելու միակ միջոցից, քանի որ կապն ապահովվում էր Կարմիր Խաչի գրասենյակի միջոցով։
168.am-ը տեղեկացավ, որ օրերս ընտանիքի անդամների հետ կապ է հաստատել Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը։ Այս մասին մեզ փոխանցեց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
«Հայրս մեզ զանգահարել է դեկտեմբերի 19-ին, ասում էր՝ լավ է։ Ամիսը մեկ անգամ մի քանի րոպեով զանգահարում է, ադրբեջանական կողմն է կազմակերպում այդ զանգերը։ Շատ մանրամասն չենք խոսում, փորձում է ընտանիքի բոլոր անդամների հետ խոսել, յուրաքանչյուրի հետ մի քանի վայրկյան, որպեսզի բոլորի ձայնը լսի»,- նշեց Վերա Խաչատրյանը։
Նշենք, որ 2023 թվականի հուլիսին Հակարիի կամրջից ադրբեջանական կողմն առևանգել էր նաև Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։ Նա Կարմիր խաչի միջոցով Երևան էր գալիս սրտի վիրահատության նպատակով՝ աղջկա ուղեկցությամբ։
Առևանգելուց հետո Վագիֆ Խաչատրյանին տարել էին անհայտ ուղղությամբ, այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարեց, որ նրան Բաքվում մեղադրանք է առաջադրվել, իբրև թե «ցեղասպանություն» իրականացնելու համար։
Ամիսներ տևած կեղծ դատավարական նիստերից հետո Բաքվի դատարանը որոշում կայացրեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման, որից 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Հիշեցնենք նաև, որ այս պահին Բաքվի բանտերում են պահվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։
Արցախի նախկին 3 նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին ներկայացվել են մի քանի հոդվածներով ծանր մեղադրանքներ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ միասին, Բաքուն մեղադրում է նաև Արցախի մի քանի քաղաքացիների՝ կրկին ներկայացնելով շինծու մեղադրանքներ։
