«Ազատ եկեղեցի» շարժման ձախողված փորձը․ ինչպես վարկաբեկվեց Հայոց եկեղեցին 1920-ականներին
1923 թվականին Հայաստանում ստեղծված «Ազատ եկեղեցի» շարժման և նրանց համանուն պարբերականի մասին խոսել ենք թերթի նախորդ համարում:
1924-1928 թվականների ընթացքում տպագրված շարժման թերթի առաջին համարներում մանրամասն ներկայացվում էր, թե ինչպիսի՞ «բարեփոխումներ» են ցանկանում իրականացնել շարժման անդամները Հայ Առաքելական եկեղեցում:

Նրանք մանրամասն նշում են «բարեփոխման» կետերն ու ընդգծում այդ ամենին հասնելու ճանապարհները: Հետագա տարիների համարներում արդեն իսկ կարդում ենք նրանց քարոզչական թեզերը, որոնք ուղղված էին Հայոց եկեղեցու պառակտմանն ու կազմաքանդմանը:
Եկեղեցու պառակտման և կազմաքանդման համար ստեղծված շարժումը դիմում էր հետաքրքիր քարոզչական հնարքների, Հայոց եկեղեցին կապում ցարական իշխանությունների հետ, ինչպես նաև տարանջատում անում և ցույց տալիս, որ «Էջմիածինը պետք է մաքրել և ազատել այդ կապանքներից»:

Թերթի 1925 թվականի համարներից մեկում կարդում ենք.
«Ցարական կաթով սնված, պոլոժենիական հևով թևավորված ժամանակակից կղերոգի էջմիածնականը խիստ ցուրտ, սառն զգաց խաչն ու առանց դրոշակ-փաթաթոցի: Ժամանակակից Էջմիածնական շահագործողն է Էջմիածնի մայրենականությունը: Մաքրել, ազատել նվիրական Էջմիածինը ժամանակակից խորդացած Էջմիածնականից՝ կնշանակի երախտագիտության տուրք տալ Էջմիածնին, կնշանակի նորեն վերափայել նրա պատմական գաղափարախոսությունը:
«Ազատ եկեղեցին» առ մայր Էջմիածինը տածած իր ամենամաքուր անձնվիրությունից ցասումով չխարազանել այն կեղծ ու զերծ, այն ույծ ու ցոփը, այն դիրքատենչ ու բեմադրականը, որ անձնավորում է իրմով ժամանակակից Էջմիածինը: «Էջմիածին» ու «արատավոր Էջմիածնական» այլևս թշնամի են իրար»: ( «Ազատ եկեղեցի», 1925, N 3-4):

Այսպես ասած, ընդգծելով եկեղեցու «կապը վտանգավոր և քաղաքական» տարրերի հետ, հետագա քայլով շարժումը սկսում էր վարկաբեկել հայ հոգևորականներին, նրանց մեղադրել թալանի, գանձագողության և դրամասիրության մեջ: Որպես փաստ՝ բերվում էր տարբեր պարբերականներում տպագրված հոդվածները: Զուգահեռաբար որպես «վտանգավոր և անբարոյական» երևույթ էր ներկայացվում կուսակրոնությունը, ինչպես նաև հայ հոգևորականներին վիրավորելու համար ուղղակիորեն գրվում էին նրանց անունները.
«Թալանի վանք», «Կուսակրոնությունն անառակություն» և այլն նոր երևույթներ չեն մեր եկեղեցու մեջ:
Աշոտ, Բենիկ, Աբել վատ մարդիկ են: Լավ, ընդունենք մի րոպե:
Ի՞նչ էր անվեղար վեղարավոր «Մեղու Հայաստանի» զուտ արյուն հայ լուսավորչական թերթն իր հայտնի՝ «Ալան-թալանով», իր «Դյուլցինեյի ամրոց»-ով, իր «Ճեմարան թե ջեբարան»-ով, ի՞նչ էր Երևանի «Պսակ» լրագիրն իր «Դժոխքի թագավորներ»-ով:
Դրանք բոլորը Էջմիածնական սրբակրոնների վարք ու բարքի մռայլ և ամոթաբեր նկարագիրներն են եղել իրենց ժամանակին, ինչպես Բենիկինը մեր ժամանակին: Եկեղեցականի մաքրվելը-բարեփոխվելն են առաջնակարգ, հիմնականն ու Էականն են ու իսկական բարեփոխությունն է եկեղեցու: Բարեփոխվենք մենք և բարեփոխենք մեր եկեղեցին»: («Ազատ եկեղեցի», 1925, N 5-6):
Այս ամենին զուգընթաց՝ «Ազատ եկեղեցի» շարժումն իր գաղափարները թերթային քարոզչության միջոցով փոխանցում էր ժողովրդին և «եկեղեցու բարեփոխման» պահանջով կոչ էր անում, որ հենց «անցյալի կապանքներից ազատագրված ազատ ժողովուրդը» պետք է իրականացնի «եկեղեցու բարեփոխումն ու ազատագրումը»:
«Այժմ, երբ քաղաքական վիճակը բոլորովին փոխվել է, երբ այլևս հավատացյալ ժողովրդի լեզվի կապանքներն ընկել են, երբ եկեղեցական աշխարհը դուրս է եղել ցարի ու կղերի ճանկերից, այժմ, երբ բացվել են հավատացյալ ժողովրդի աչքերը և կարող են տեսնել իրենց հոգևոր կյանքի խավար և անկենդան վիճակը, այժմ այլևս ներելի չէ դանդաղելը, ներելի չէ լոկ հանդիսատես լինելը: Այժմ նա՝ ժողովուրդը՝ պիտի շարժի, պիտի տեր դառնա իր իրավունքներին, պիտի ձեռք առնի իր եկեղեցական աշխարհը կենդանացնելու, իր՝ եկեղեցու՝ հոգևոր կյանքը արծարծուն պահելու, եկեղեցին, հոգեկան ու բարոյական ուժերի վառարան դարձնելու:

Ժամանակն է, որ զարթնի, բաց անի իր աչքերը հավատացյալ ժողովուրդը և ճանաչի ու հասկանա, որ սրանք այն առաջնորդներն ու հովիվներն են, որ գալիս են գառների մոտ ոչ թե փարախի, գավթի ուղիղ ճամփով, իսկական դռնով, այլ զարտուղի ճամփաներով: Հասել է և արդեն իսկ ժամն է ու ժամանակը, որ ժողովուրդը ազատ և անարգել, անկախ և աներկյուղ հանդես գա ու իր խղճի աշխարհը՝ եկեղեցին, իր անկեղծ և անկաշկանդ զգացումների թելադրությամբ բարեփոխի և վերակենդանացնի»: («Ազատ եկեղեցի», 1925, N 7):
1920-ական թվականների «Ազատ եկեղեցի» շարժման փորձը ցույց է տալիս, որ «բարեփոխում» բառը կարող է օգտագործվել եկեղեցու գաղափարական վարկաբեկման ու ինստիտուցիոնալ քայքայման համար։
Շարժման հրապարակախոսությունը կառուցված էր հստակ տրամաբանությամբ․ նախ՝ Հայ Առաքելական եկեղեցին կապվում էր «անցյալի», «քաղաքական վտանգավոր» ուժերի հետ, ապա այդ կապը ներկայացվում էր՝ որպես բարոյական ու հոգևոր այլասերման պատճառ, և վերջապես «ժողովրդի ազատ կամքը» հռչակվում էր որպես միակ լեգիտիմ ուժ՝ եկեղեցին «մաքրելու» և «ազատագրելու» համար։
Պատահական չէ, որ շարժման հռետորաբանությունը աստիճանաբար կորցնում էր աստվածաբանական քննարկման ձևը և վերածվում էր բացահայտ քարոզչության՝ ուղղված հոգևորականների հեղինակազրկմանը:

Կուսակրոնության, եկեղեցական կարգերի ու անձերի թիրախավորումը խոցում էր հենց եկեղեցու ինքնության հիմքերը։ Այս պատմական փորձն առավել խոսուն է մեր օրերի համար։

1920-ականների օրինակն արձանագրում է, որ երբ «բարեփոխումը» ներմուծվում է արտաքին ուժերի ճնշմամբ, այն անխուսափելիորեն վերածվում է քանդման գործընթացի։
Զ. Շուշեցի
