Մենք հոգնել ենք թույլերից, հանձնվելուց. հայտարարում ենք «Ուժեղ Հայաստանի» սկիզբը. Ալիկ Ալեքսանյան

Այսօր հայտարարում ենք «Ուժեղ Հայաստանի» նոր թվականի սկիզբը. նոր մտածողություն, նոր առաջնորդություն, նոր քաղաքական ուժ և ուժեղ Հայաստանի նոր հաղթանակների սկիզբը։ Մենք հոգնել ենք թույլերից, թույլերից, որոնք տարիներ շարունակ սպառում են մեր երկրի ռեսուրսները, մեր ապագան, մեր հույսերը։ Մենք հոգնել ենք հանձնվելուց, ամոթից, փախուստից։ «Ուժեղ Հայաստան»-ը գալիս է ասելու՝ մենք ուժեղ ենք և վերջ, այս մասին կուսակցության շնորհանդեսին հայտարարեց շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը։

«Երեկ տեղի ունեցավ մեր կուսակցության համագումարը, բայց մեր պայքարը սկսեց եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանության համար։ Այդ միասնությունը շատերին սկսեց վախեցնել, իսկ մեր հայրենակիցներին միավորեց, միավորեց արդարության համար, այն արդարության համար, որի համար պայքարում է Սամվել Կարապետյանը։ Եվ մենք պարտավորվեցինք ստեղծել ուժեղ Հայաստան։

Համագումարն ընտրեց նոր նախագահին և խորհուրդը։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ։ «Մեր ձևով» շարժումը շարունակելու է իր գործունեությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը զուգահեռ»,-հայտարարեց Ալեքսան Ալեքսանյանը։

Նա նշեց, թե իրենց նպատակը միայն  քաղաքական գործընթացը չէ, այլ հավատի, արժանիքների և պետական արժանապատվության պաշտպանությունն է։

«Մենք տեսնում ենք այնպիսի Հայաստան, որտեղից երիտասարդները չեն փախչի, այլ կմնան և կկառուցեն, որտեղ ընտանիքները կապրեն արժանապատիվ, որտեղ գյուղերը կվերակենդանանան, գործարանները կվերաբացվեն, աշխատանքն ու արժանապատվությունը կրկին կլինեն բարձրագույն արժեք։ Սա է ուժեղ Հայաստանը։ Սա երկիր է, որ դեռ չի ապրել իր լավագույն տարիները։ Ուժեղ Հայաստանն առջևում է»,-ասաց Ալեքսան Ալեքսանյանը։

Տեսանյութեր

Լրահոս