Օմանը բանակցությունների առաջին փուլից հետո իրանական կողմին է փոխանցել ԱՄՆ-ի մի քանի ուղերձներ
Օմանի իշխանություններն անուղղակի բանակցությունների առաջին փուլի ավարտից հետո իրանական կողմին փոխանցել են ԱՄՆ-ի մի քանի ուղերձներ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Մենք ամերիկացիներին որևէ նամակ չենք ուղարկել, բայց մեր ընկերները Օմանում փոխանցել են ԱՄՆ-ի որոշ ուղերձներ, որոնք մենք կքննարկենք Թեհրանում», – ասել է նա Իրանի պետական հեռուստատեսությամբ՝ Օման և Կատար կատարած այցերից հետո։
«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Լարիջանին նշել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, իրենք կթիրախավորեն ամերիկյան ռազմաբազաները տարածաշրջանում։
Լարիջանին նաև խոսել է Իսրայելի վարչապետի՝ Վաշինգտոն կատարած այցի մասին՝ ասելով, որ «Իսրայելը փորձում է խաթարել բանակցային գործընթացը և փնտրում է պատերազմ հրահրելու պատրվակներ»։
Փետրվարի 6-ին Օմանում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլը։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ Սպիտակ տունը նախկինում զգուշացրել էր, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հարցը։



