Իսրայելը միացել է Թրամփի «Խաղաղության խորհրդին»
Իսրայելը միացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին»։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել է ԱՄՆ ղեկավարի, ինչպես նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
«Հանդիպեցի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վաշինգտոնի Բլեյր Հաուսում։ Սպիտակ տանը նախագահ Թրամփի հետ իմ հանդիպումից առաջ ես համաձայնագիր ստորագրեցի Իսրայելի՝ Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ։ Մենք կշարունակենք ամրապնդել Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև անխզելի դաշինքը»,- նշել է Նեթանյահուն X-ում կատարած գրառման մեջ։
Reuters-ը հայտնում է, որ արդեն Սպիտակ տանը կայացած հանդիպմանը Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի հարցը։
Խաղաղության խորհուրդն իր առաջին նիստը կանցկացնի փետրվարի 19-ին Վաշինգտոնում՝ քննարկելու Գազայի վերակառուցման հարցը։
Հայաստանը նույնպես Խաղաղության խորհրդի անդամ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքը ևս մասնակցելու է Վաշինգտոնում կայանալիք նիստին։



