Ի՞նչ ձևաչափ է փորձում ԵՄ-ն ձևավորել Երևանի, Բաքվի ու Անկարայի հետ․ ԵՄ-ն հետևում է ԱՄՆ օրինակի՞ն
Եվրոպական միությունը փորձում է ներգրավվել Հարավային Կովկասում ձևավորվող նոր երթուղիների ու կապակցվածության օրակարգ։
Դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Հարավային Կովկասում կապուղիների ապաշրջափակման համատեքստում քննարկվում է Երևանի, Բաքվի, Անկարայի և Բրյուսելի մասնակցությամբ քառակողմ ձևաչափ ստեղծելու հարցը։ Նա հավելեց, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Աշխատում ենք Բաքվի և Անկարայի հետ ու պատրաստ ենք աջակցել հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հարավային Կովկասում շատ բան կարող ենք անել կապակցվածության օրակարգով, բայց սա հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ»,- ասել է նա։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ներդրումային ֆորումների ժամանակ Եվրոպական մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները նշել են, թե կան բիզնես գաղափարներ, բայց պետք է ենթակառուցվածքները ստեղծվեն։
«Խոսքը հարավային ուղու վրա դիվերսիֆիկացիայի մասին է, իսկ «Թրամփի ուղին» դրա մի մասն է։ Պետք է կապենք Արևելքն ու Արևմուտքը, իսկ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա-ԵՄ քառակողմ քննարկումները սկսել ենք հոկտեմբերին՝ նախարարների հանդիպումից հետո»,- նշել է Մարթա Կոսը։
Դեկտեմբերի 3-ին էլ Մարթա Կոսը հանդիպել է աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը հանգամանալից անդրադարձ են կատարել փոխկապակցվածության, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումների, դրանով իսկ տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, քննարկվել են նաև ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։
Ըստ էության զուգահեռաբար հայտնի դարձավ, որ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: X-ում արված գրառմամբ՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը նշել է. «Մենք կակտիվացնենք աշխատանքները՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին»: Մարթա Կոսը հավելել է նաև. «Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանների կայունության կարևոր գործընկեր է»:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Բաքուն կցանկանար տեսնել Եվրոպական Միությունը «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» նախագծի մասնակիցների շարքում։ «Ադրբեջանը ցանկանում է, որ Եվրամիությունը դառնա նոր տրանսպորտային հանգույցի մաս, այդ թվում՝ ԵՄ գլոբալ դարպասների նախաձեռնության շրջանակներում»,- ասել էր Հաջիևը Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում։ Նա հավելել էր, որ ծրագրերը նախատեսում են տարեկան 15 միլիոն տոննա բեռ տեղափոխել այդ միջանցքով, ադրբեջանական հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականը։
Թերևս ոչ պատահականորեն եվրոպական Bloomberg-ը մի արտահոսք արեց, որի համաձայն՝ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանն առաջիկա վեց ամիսների ընթացքում վերաբացելու հարցը:
Պարբերականը հավելել է, որ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարություններից առայժմ մեկնաբանություն չեն ստացել: Սակայն ՀՀ իշխանություններն ակնհայտորեն շահագրգիռ են, որպեսզի Թուրքիան օր առաջ բացի սահմանը։
Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ նախորդ շաբաթ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդեց, որ Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում, անցկացվել էր Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնմանը և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը: Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերին հայտարարել էր, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում կարող ենք հայ-թուրքական սահմանի բացում ունենալ:
Թեև, այս ամենի հետ մեկտեղ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հիքմեթ Հաջիևը պարբերաբար հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն Խաղաղության համաձայնագրի ստորագրումից ու մի շարք հարցերի լուծումից հետո։ Սակայն քիչ չեն շրջանառվող կարծիքներն այն մասին, որ Թուրքիան մինչ ՀՀ-ում 2026թ. հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները պետք է Հայաստանին ընդառաջ քայլ անի, դրանով իսկ աջակցելով ՀՀ իշխանություններին ու նրանց արտաքին քաղաքականությանը, որը վերջիններս ակտիվ կօգտագործեն և կներկայացնեն՝ որպես կարևոր ձեռքբերում։
Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին «168 Ժամի» հետ զրույցում, անդրադառնալով ԵՄ ակտիվությանը Հարավային Կովկասում, ասաց, որ ԵՄ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում պետք է դիտարկել՝ ինչպես աշխարհաքաղաքական զարգացումների, ապագա ծրագրերի, այնպես էլ՝ ԱՄՆ-ի հետ մրցակցության կոնտեքստում։

Նա նշեց, որ եթե ԱՄՆ-ը միջնորդում է Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար, ստանում է ճանապարհ ԱՄՆ նախագահի անունով, հետևաբար՝ ստանում է ազդեցություն ու ներկայություն, ԵՄ-ն իր հերթին՝ փորձում է ռեգիոնալ ձևաչափ ներքաշվել, բանակցել երկրների հետ, որոնք մասնակցում են ռեգիոնալ ապաշրջափակման գործընթացին, և մասնակցել այս ամենին։
«ԱՄՆ-ը մասնակցում է ապաշրջափակման գործընթացին, Ռուսաստանը կողմերի հետ այս թեմայով ինչ-որ կերպ կոնտակտներ ունի և կարողացավ նաև Հայաստան ապրանք մատակարարել, իսկ ԵՄ-ն չունի ձևաչափ, հետևաբար՝ փորձում է մասնակցել այս գործընթացներին և դուրս չմնալ։ ԵՄ-ն վերջին տարվա ընթացքում ակտիվ աշխատում է Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի ուղղությամբ, որպեսզի գլոբալ կապակցվածություն ունենա այս ռեգիոնների հետ։ Հայտարարվում էր նաև Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ ձևաչափ ձևավորելու անհրաժեշտության մասին, նույնն անում է նաև ԱՄՆ-ը, ակտիվ է այս ուղղությամբ նաև Ռուսաստանը, ուստի այս փուլում ընթանում է սպասվող նոր իրողություններին ընդառաջ դիրքավորման գործընթաց»,- նման կարծիք հայտնեց Կախա Գոգոլաշվիլին։
Նա նշեց, որ ԵՄ-ն փորձում է խորհրդատվական ձևաչափ ձևավորել՝ ինչպես Հարավային Կովկասի երկրների ու Թուրքիայի, այնպես էլ ավելի լայն ձևաչափով՝ Հարավային Կովկասի, Թուրքիայի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ։
«Խոսքը կարծես հենց Միջին միջանցք պրոյեկտի մասին է, որը պետք է կապի Կենտրոնական Ասիան և Եվրոպան, սա աշխարհաքաղաքական լուրջ նպատակ է Արևմուտքի համար։ Սակայն մենք տեսնում ենք, որ այլ դերակատարներ ևս կան, որոնք փորձում են ինչ-ինչ ձևաչափերով ներգրավվեն, մասնակցեն, սա է պատճառը նաև այն հանգամանքի, որ կա ակտիվ աշխատանք ներկայումս, շտապողականություն, որը պայմանավորված է մրցակցությամբ»,- ասաց նա։
