Իրան-Պակիստան-Թուրքիա բեռնատար գնացքի երթուղին վերագործարկվում է
Պակիստանի երկաթուղիների նախարար Հանիֆ Աբբասին հայտարարել է, որ երկար դադարից հետո Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ բեռնատար (կոնտեյներային) գնացքի երթուղին կրկին կգործի 2025-ի դեկտեմբերի 31-ից՝ մեկնարկելով Իրանի մայրաքաղաք Թեհրանից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նրա խոսքով՝ Պակիստանը ձգտում է ամրապնդել տարածաշրջանային կապերը և խորացնել տնտեսական համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) շրջանակում գործող Իսլամաբադ–Թեհրան–Ստամբուլ բեռնատար գնացքը համարվում է Հարավային Ասիան, Կենտրոնական Ասիան և Եվրոպան իրար կապող կարևոր տրանսպորտային միջանցքներից մեկը։
Այս ուղին նախատեսված է տարածաշրջանային առևտրի ընդլայնման և բեռնափոխադրման գործընթացների արագացման համար։
Երթուղու վերագործարկումը դիտվում է որպես ողջ տարածաշրջանում լոգիստիկ կապերի ամրապնդման կարևոր քայլ, որը հնարավորություն կտա կրճատել բեռների փոխադրման ժամանակը և խորացնել Պակիստանի, Իրանի ու Թուրքիայի տնտեսական համագործակցությունը։
