«Արցախյան սիրո հեքիաթը», կամ՝ «Արա, պա ստի պեն կինի՞». Ստեփանակերտի թատրոնը 2 տարի անց վերակազմավորվում է
Երկու տարվա դադարից հետո Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի դերասանները Երևանում կրկին բեմ են բարձրացել։ 2023 թվականին Արցախի բռնի տեղահանվելուց հետո թատրոնի անձնակազմը կարողացավ Երևանում 1-2 անգամ ներկայացումով հանդես գալ, որից հետո ստեղծագործելը նրանց համար դարձավ անհնարին, քանի որ չունեին հիմնական տարածք։
Նոյեմբերի 12-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Ռուզան Խաչատրյանի «Արցախյան սիրո հեքիաթը», կամ՝ «Արա, պա ստի պեն կինի՞» ներկայացման առաջնախաղը՝ հիմնված Ալեքսանդր Մանասյանի ստեղծագործությունների վրա։

Ներկայացումը ևս մեկ առիթ էր, որպեսզի արցախահայերից շատերը մեկ վայրում հավաքվեն, լսեն արցախյան մաքուր բարբառը։
Ներկայացման գործողությունները տեղի են ունենում Արցախի փոքր շենում, որտեղ մարդիկ անկեղծ ու պարզ են, սերն էլ այնքան անկեղծ է, որ նույնիսկ առանց բառերի են երիտասարդներն իրար հասկանում։ Ամբողջ ներկայացումը համեմված էր Ալեքսանդր Մանասյանի գեղեցիկ սիրո բանաստեղծություններով, թերևս հենց այդ բանաստեղծություններով էլ երիտասարդներն իրար սեր էին խոստովանում։ Բեմում արցախյան շենի առօրյան էր, նրա վարքն ու բարքը։
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը մինչև ներկայացման մեկնարկը բեմից հայտարարեց՝ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը շարունակի իր ուղին։
«Ներկայացման փորձերը 3 ամիս շարունակ արվել են Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում։ Ամեն օր տեսնում էի երիտասարդների դեմքերը, նրանց վերականգնվող ռոմանտիզմը, ցանկությունը՝ իրենց հարազատ պատմությունն ինչ-որ ձևով շարունակելու։ Հրաշալի դերասաններ, երիտասարդներ, և ահա այսօր նրանք ներկայացնելու են իրենց աշխատանքը»,- նշեց Հակոբ Ղազանչյանը և շնորհակալություն հայտնեց «Դիալոգ» ընկերությանը՝ ի դեմս ընկերության նախագահ Յուրի Նավոյանի։ Առանց նրա ներկայացումը բեմ բարձրացնել հնարավոր չէր լինի։
Հակոբ Ղազանչյանը նաև ասաց, որ Յուրի Նավոյանի աջակցությամբ «Գալյա Նովենց» դպրոցում բացվել է կուրս՝ հատուկ արցախցի երիտասարդների համար։
Ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցում Ռուզան Խաչատրյանն ասաց՝ իրականում իր ուսերին դրված «բեռը» հաճելի «բեռ» էր ու շատ սպասված։
«Հավատն այստեղ շատ կարևոր էր, հատկապես, երբ կային մարդիկ, որոնք մեր կողքին կանգնեցին։ Հարցն այստեղ այդքան նյութականը չէ, այլ այն, որ մարդիկ հավատում են, քո կողքին են, մենակ չես, և նրանք քեզ պես հավասար շահագրգռված են, որ կյանքի կոչվի նախագիծը։
Ցավոք, թատրոնից «պետական» բառը դուրս է եկել, բայց այն գոյություն ունի։ Փոքր թիմով ենք, բայց կարծում եմ՝ կհամալրվենք, կարճ ժամանակ անց կունենանք խաղացանկ և հայաստանյան թատրոնների կողքին մեր ասելիքը կասենք ու լիարժեք կներգրավվենք թատերական գործընթացների մեջ»,- նշեց Ռուզան Խաչատրյանը։

Ռեժիսորը նաև շեշտեց՝ կոնկրետ այս ներկայացման թիրախը եղել է արցախցի հանդիսատեսը, այդ պատճառով էլ մտավախություն չի ունեցել, որ Արցախի բարբառը չի հասկացվի։
«Ես միշտ ասում եմ՝ այս ներկայացումը դերասանների, ինձ ու հանդիսատեսի համար թերապիայի նման մի բան էր, այս անկեղծ ներկայացման միջոցով կարևոր էր, որ մենք մեր մեկնարկը տանք, նաև կարևոր էր, որ մարդկանց մի փոքր ծիծաղ պարգևենք, տեղափոխենք Արցախ, հիշեն երջանիկ օրերը, քանի որ վերջին տարիներին տխրությունն ու կարոտն է գերակշռում։ Իմ նպատակն այն է եղել, որ այս ներկայացումը դառնա փոքր առիթ, որպեսզի արցախցիները գան ուղղակի ծիծաղեն և տեղափոխվեն Արցախ՝ ոչ թե ցավի թևերով, այլ՝ ուրախության ու երջանկության»,- հավելեց Ռուզան Խաչատրյանը։
Ռեժիսորը նաև փոխանցեց, որ Ստեփանակերտի թատրոնից կան դերասաններ, որոնք դեռևս չեն ընդգրկվել, առաջիկայում կհամալրվեն։
Նշենք, որ այս տարի «Արտավազդ-2025» թատերական մրցանակաբաշխությանը Ռուզան Խաչատրյանն արժանացել է «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» մրցանակին՝ «Արևի մարդիկ» ներկայացման համար, որը կրկին Արցախի ու արցախցու մասին էր։

