Բաժիններ՝

«Մեր սերունդը երևի դա չի տեսնի, բայց տա Աստված` գան սերունդներ, որոնց համար մեկ չլինի Արցախի խնդիրը». Հակոբ Ղազանչյան

Հ. Պարոնյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնը կարելի էր չփակել. Կարելի էր թատրոնի հարցն այլ կերպ լուծել ու չկորցնել այդ միավորը։

«Ինչ-որ տեղ հասկանում եմ Սունդուկյան թատրոնի պահանջները, որովհետև եթե հիմա մեր թատրոնի շենքում մի թատրոն ևս գործեր, դա արդեն մեր վրա կազդեր, ավելորդ նյարդեր ու բորբոքումներ կլիներ։

Կարելի էր մեկ այլ տեղում, թեկուզ ժամանակավոր, տարածք գտնել։ Ընդ որում, ես մի քանի անգամ ասել եմ, որ պատրաստ եմ Միության շենքը տրամադրել, որպեսզի թատրոնը շարունակի իր գործունեությունը։ Կրկնում եմ՝ այդ միավորը չպետք է կորցնեին, սա ինձ համար երևի ամենաանցանկալի ու ցավալի  իրադարձությունն էր, որ տեղի ունեցավ մեր ոլորտում։

Հիմա այդ հարցը քննում են դատարանում, բայց իմ տպավորությունն այն է, որ ամեն ինչ արդեն ավարտվել է, այդ միավորը հետ բերել հնարավոր չէ»,- 168.am հետ զրույցում նշեց Հակոբ Ղազանչյանը՝ անդրադառնալով Կառավարւթյան որոշմանը, ըստ որի՝ «Գոյ» թատրոնը պետք է միավորվի Սունդուկյան թատրոնի հետ, ինչն առ այսօր «Գոյի» ստեղծագործական թիմը բոյկոտում է։

Կարդացեք նաև

Հակոբ Ղազանչյանը նաև անդրադարձավ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի ճակատագրին, որն Արցախի հայաթափումից հետո մի որոշ ժամանակ փորձեր էր իրականացնում Թատերական գործիչների միության շենքում։ Այնուհետև թատրոնի դերասանները սկսեցին տարբեր թատրոններում ներագրավվել, արդյունքում՝ այսօր թատրոնը գրեթե գոյություն չունի։

«Ինքս առաջին անգամ եմ այս մասին խոսում, այդ ամենի գլխավոր պատճառն այն է, որ թատրոնի ներսում համերաշխություն չեղավ, այսինքն՝ սա ամենացավալի պահն է, որովհետև այն գիտակցումը, որ դե ֆակտո թատրոնը չկա, իրենք էլ որպես թատրոնի աշխատակիցներ՝ չկան, ցավալի է։ Հնարավոր է Երևանում միավոր ստեղծել, թեկուզ մասնավոր միավոր, բայց դրա համար, բնականաբար, հովանավորներ են պետք։

Փափազյանի անվան թատրոնի ստեղծագործական կազմին ինձ մոտ հրավիրեցի, իրենց ասացի՝ թատրոնի պահելն առաջին հերթին ձեզանից է կախված։ Եթե ձեր մեջ ուժ գտնեք, մի աշխատանք անեք, հետո կարելի կլինի այդ աշխատանքից հետո ինչ-որ հարցեր լուծել։

Ցավոք, թատրոնի ներսում, ինչպես շատ մարզային թատրոններում, այդ խնդիրը ժամանակ առ ժամանակ լինում է։ Ցավոք, զուտ մարդկային փոխհարաբերությունների հետ կապված հարցեր եղան, այն աստիճանի, որ ես որոշեցի չխառնվել»,- նշեց Հակոբ Ղազանչյանը։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի թատրոնի անձնակազմին, Հակոբ Ղազանչյանն ասաց, որ Արտաշատի թատրոնը լավ փորձի սկիզբ դրեց, Ստեփանակերտի թատրոնից հրավիրեց աշխատանքի։

«Հիմա մեզ մոտ Ռուզաննա Խաչատրյանը բեմադրում է «Արևի մարդիկ» պիեսը, գլխավոր դերերում հանդես են գալիս Արցախի թատրոնի դերասաններից։ Արցախի թատրոնից մարդիկ ենք ընդունել մեզ մոտ, բայց ոչ դերասական կազմ։

Նրանց համար էլ դժվար է, քիչ գումար են ստանում, մարդ կա՝ Մասիս քաղաքից է գնում-գալիս, բարդ է, բայց փորձում ենք ինչ-որ բաներ անել նրանց համար։ Կրկնում եմ՝ լավ կլիներ, որ իրենք իրենց մեջ ուժ գտնեին, Փափազյանի անվան թատրոնը պահպանեին»,- հավելեց Հ. Ղազանչյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին վերահրատարակում են Արցախի թատրոնի պատմության գիրքը։ 2019 թվականին ծավալուն ալբոմ էր լույս տեսել՝ Արցախի թատրոնի ամբողջ տարեգրությունն էր։ Այժմ դրան ավելացվելու է թատրոնի վերջին 3-4 տարիների պատմությունը։

«Արդեն կա հովանավոր, ինձ ասել են, որ կազմելը կավարտվի հունվարի վերջին, որից հետո այն կմտնի տպարան։ Ըստ իս, սա շատ կարևոր քայլ է, և մենք պետք է պատմությանը փաստաթուղթ թողնենք, որ եղել է նման լեգենդար թատրոն։ Մեր սերունդը երևի դա չի տեսնի, բայց տա Աստված՝ գան սերունդներ, որոնց համար մեկ չլինի Արցախի խնդիրը, ինչ-որ լուծումներ գտնեն։

Այդ գրքի շնորհանդեսը կանենք մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը»,- ընդգծեց Հակոբ Ղազանչյանը։

Տեսանյութեր

Լրահոս