Փաշինյանը դարձյալ չդատապարտեց Ալիևին` Սևանը Գյոկչա անվանելու համար
Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում լրագրողը նրանից հետաքրքրվեց խաղաղության տեսլականի մասին՝ նկատառմամբ, թե որքանով է դա իրատեսական, երբ Ադրբեջանի նախագահը կոշտ հռետորաբանություն է գործածում, գերիները շարունակում են ապօրինաբար պահվել Բաքվի բանտերում։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը սկսեց ճշգրտել, խմբագրել լրագրողի հարցը՝ հետևյալ դիտարկմամբ․
«Գիտեք, նախ ես ուզում եմ, որ մենք էլի…, ես կոնֆերանսի ժամանակ էլ ասացի, տեսե՛ք, երբ դուք Ադրբեջանի նախագահի ասածն ինձ ուղղված հարցի մեջ դնելով՝ սխալ եք ձևակերպում, արդեն իսկ իմ ցանկացած պատասխան սխալ է, քանի դեռ հարցի բազան չի ճշտվել։
Հիմա ես ճշտեմ հարցի բազան․ Ադրբեջանի նախագահն ասել է, որ ցարական ժամանակների քարտեզի մեջ Սևան չի եղել՝ ուրիշ անուն է եղել, հիմա ես էլ ասում եմ՝ այդ նույն քարտեզում Հայաստան կա, Ադրբեջան չկա. դա ի՞նչ է նշանակում։
Հարցը ճիշտ պետք է ձևակերպենք, որպեսզի պատասխանը ճիշտ լինի։ Ե՞վ… ես էլ հարց եմ տալիս, որ էդպես հետ ենք գնում, մինչև ո՞ր թիվը հետ գնանք»։
Ինչ վերաբերում է անազատության, գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, ապա նա վստահեցրեց՝ այդ հարցի պատասխանն էլ ունեն. ամենօրյա աշխատանք են տանում այդ ուղղությամբ։
«Եվ եթե կա տեսակետ, որ պիտի այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ՝ ինչքան բարենպաստ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջավայրը, այդքան ավելի հեշտ կլուծվի նաև այդ հարցը։
Այսինքն՝ նաև դիտանկյան խնդիր է, և ես կարծում եմ, որ խաղաղությունը մնացած բոլոր հարցերն էլ կլուծի, շատ հարցեր կլուծի։
Այսինքն՝ այն ընկալումը, թե մենք պետք է բոլոր հարցերը լուծենք, հետո նոր կլինի խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ՝ այդտեղ էլ բացարձակ չէ. դա պրոցես է, կենդանի պրոցես է, դա էլ ճիշտ չէ ասել՝ այսպես պետք է անենք, այնպես, որովհետև եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, այս կետին չէինք հասնի»,- պարզաբանեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում

