Սրա գերնպատակը Սյունիքն է. օդից կախված լուրերով՝ սրա կենակցի հիմնադրամից 500.000 դոլար գումար է փոխանցվել այդ Ասատրյանին, 5 միլիարդ դրամ էլ, որ այդ հոգևոր-ականներին գնեն. Տեր Ահարոն քահանա Մելքումյան
Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է հակաեկեղեցական արշավը՝ պահանջելով Վեհափառի հրաժարականը։ Այս արշավի տրամաբանության մեջ է մտնում նաև Նիկոլ Փաշինյանի կողմից կարգալույծ հռչակված անձանց կողմից եկեղեցիներում մատուցվող պատարագներին մասնակցելը։ Այս ճանապարհով նա փորձում է իր շուրջ համախմբել նախկին հոգևորականների, որոնք իրենց վարք ու բարքի պատճառով կարգալույծ են հռչակվել։
Եկեղեցու շուրջ իշխանությունների այս արշավի ու դրա հնարավոր հետևանքների մասին 168.am-ը զրուցել է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ։
– Տեր Ահարոն, ինչպե՞ս եք գնահատում այսօր եկեղեցու շուրջ տեղի ունեցող այս իրավիճակը, այս քայլերով ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանությունները։
-Եկեղեցին դարեր շարունակ իր ողջ լինելիության ընթացքում իր հոգեփրկչական առաքելության մեջ նաև հայապահպան դերն ու առաքելությունն է ունեցել, երբ պետականություն չենք ունեցել՝ Եկեղեցին իր ուսերի վրա է վերցրել հային հայ պահելու, հային իր ավանդական արժեքների մեջ հաստատելու առաքելությունը:
Ասում եք՝ ի՞նչ նպատակ են հետապնդում «իշխանությունները», «նրանք» հետամուտ են, որ Եկեղեցին չլինի, որովհետև խանգարում է «իրենց» հայակործան, պիղծ առաքելությունն իրականացնելուն, բայց պիտի հիասթափեցնեմ մարմնացյալ դևին. Աստվածաշունչն ասում է. «Սա այն վեմն է, որ ով դիպչի, պիտի փշրվի»,- թե՛ դիպչողները, թե՛ նրանցից փակչողները փշրվելու են հաստատ:
Իրենք ուզում են Եկեղեցին հեղինակազրկել, նկատե՞լ եք՝ Փաշազադեն այնտեղ խոսում է, սա երկու օր հետո սկսում է գործել: Ալիևն ասում է՝ Գյոկչա, սրանք պաշտպանում են: Նա հայի, հայկականության, հայի գենի հետ կապ չունեցող մարդ է, հետևաբար՝ կատարում է իրեն հոգեհարազատ «ազգի» հրահանգները:
– Նիկոլ Փաշինյանը մասնակցել է կարգալույծ եղած անձի մատուցած, այսպես կոչված, պատարագին, որը Մայր Աթոռը բնորոշել է՝ որպես պղծություն, այնուհետև գնացել է այն քահանայի պատարագին, ով իր սատարումն էր հայտնել կարգալույծ եղած անձին։ Իրավիճակն այսպես շարունակվելու դեպքում ի՞նչ զարգացումներ կարող են լինել։
– Մի առիթով ասել եմ. ըստ օդում կախված լուրերի, ինչպես հայտնի հայատյացն էր ասում, ինքը մտադիր է 30 հոգևորականի գնելու՝ 30 արծաթի խորհրդանիշով:
Օդից կախված լուրերով՝ սրա կենակցի (որովհետև ամուսիններ չեն՝ ըստ Աստվածաշնչի, այսինքն՝ պոռնկության մեղքի մեջ են) հիմնադրամից 500 հազար դոլար գումար է փոխանցվել այդ Ասատրյանին, անունը դրել են՝ Օհանավանքը վերանորոգելու համար: Պիտի խնդրեմ, որ դուք՝ որպես լրագրող, հետամուտ լինեք: Այսինքն՝ ֆինանսական բավականին մեծ աշխատանք են տարել:
Մեկ ուրիշ տեղից էլ լսել եմ՝ նորից օդից կախված լուրերով, որ 5 միլիարդ դրամ են ներդրել, որ այդ հոգևոր-ականներին գնեն: Ես չեմ զարմանա, եթե գնեն, որովհետև Հիսուսի հետ էլ էին շրջում 12 հոգի, մեկը մատնեց, դավաճանեց: Մատնիչներ ամեն տեղ կան՝ թե՛ ձեր հիմնարկությունում, և թե՛ մեզ մոտ։ Պարզապես, եթե նպաստավոր պայմաններ ստեղծվեն, իրենք իրենց գլուխ կբարձրացնեն. երբ նպաստավոր պայման չկա՝ չեն երևում: Հոգևորականների մասով կասեմ. Սպասենք, տեսնենք՝ քանի Հուդա է բուծվել Հայ Եկեղեցու կամարներից ներս: Եկեղեցին աղանդներից տարբերվում է մի շատ բնորոշ հատկանիշով. նա չի ընկնում թվաքանակի հետևից, «պլան չի գերակատարում»: Ինչքան էլ որ Նա Աստծո Խոսքով փաստում է, որ «Աստված կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն», այդուհանդերձ, Նա չի կապտում Իր ներսում կամ դրսում լինելու մարդու ազատ ընտրության իրավունքը: Եկեղեցին վավերական է ու Սուրբ է՝ անկախ համայնքի առանձին անդամների նախասիրություններից: Եկեղեցին Ինքն է ծնունդ տալիս Իր համայնքին ու հոգևորականությանը: Ծնողից հրաժարվողն ու հեռացողը, փորձելով անարգել ծնողական հարգն ու պատիվը ու առոչինչ համարելով ծնողի ծնող լինելու փաստը, միայն ավելի է հաստատում իր սեփական տխեղծությունը:
Եկեղեցին է սրբացնողն ու արդարացնողը, ոչ թե առանձին «սուրբ, արդար, արժանի» անձինք պետք է այն սրբացնեն: Այդպիսի անձինք իրականության մեջ չկան, նրանք գոյում են միայն ինքնասիրահարվածության հնագույն ախտով վարակվածների երևակայության մեջ: Այդպիսիների հավաքականությունը Եկեղեցի չի դառնում: Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է, Որը Մեկն է. Մի աչք կամ ձեռք ավել կամ պակաս, ոչինչ չի փոխվի, որովհետև Քրիստոս Ինքն է բժշկում ու դարմանում Իր մարմնի ցավերն ու պակասությունները:
– Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կաթողիկոսի հրաժարականն է պահանջում, ավելին՝ վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Առաքելական եկեղեցին կաթողիկոս չունի, ի՞նչ անելիք ունի այստեղ հոգևորականությունը։
– Կաթողիկոսը Ամենայն հայոց է, այսինքն՝ աշխարհում գտնվող բոլոր հայերի, իսկ Հայաստանի ղեկավարը միայն Հայաստանի ղեկավարն է: Իսկ այսօր Հայաստանը վարչապետ ունի՞: Ես սրա գրքից էջեր կուղարկեմ Ձեզ, տեսեք՝ ինչ այլասերվածություն է քարոզում այս սրբապիղծն իր գրքում:
Դուք մտածում եք, որ նման այլասերվածը, ով իշխանության եկավ մայիսի 8-ին՝ մեր հաղթանակների օրը՝ դրանք մեզնից խլելու համար, կարո՞ղ է ղեկավարել Հայաստանը: Ի՞նչ էր ասում, ասում էր՝ հպարտ քաղաքացի, բաց ձեռքերդ վեր: «Հպարտություն»-ից որ «հ» տառը հանում ենք, մնում է «պարտություն»-ը: Մեր սրբերը հպարտությանն ասում էին՝ հրեշտակի պարտություն, որովհետև առաջին հպարտը սատանան էր, որ հպարտացավ Աստուծո գահի դեմ և ընկավ:
Իր իշխանության գալը ամբողջությամբ սատանայական սև ծիսակարգ էր՝ ասում էր՝ պարտված քաղաքացի, ես քո հաղթանակները տանում եմ պարտության, տարավ, չէ՞:
Մայրաքաղաքում դագաղներ էր պտտում: Պսևդոկորոնայի ժամանակ ապրիլի 23-ին և 24-ին ինչ սատանայության մեջ ասես չներքաշեց հային. Ինչ-որ անհասկանալի մոմավառություն, ինչ-որ անըմբռնելի «ծաղկեդրում» Ծիծեռնակաբերդում… Որոշակի փաստեր կան, որոնք ապացուցում են, որ այդ սև ծիսակարգերը ոչ միայն անհետևանք չեն մնացել, այլև գրանցել են բոլոր նախապես նպատակադրված հետևանքները: 44-օրյա պատերազմում զոհված մեր «ծաղիկ» սերնդի մեծ մասի անունները «ծաղիկ բառը 1915 կարճ համարին» ուղարկելու հետևանքով Ծիծեռնակաբերդի ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ պատերին էին հայտնվել…
Հետո, եթե մենք նայում ենք՝ Շուշին ե՞րբ ինքը հանձնեց՝ թուրքի դրոշի օրը, Քարվաճառը հանձնեց Մոնթեի ծննդյան օրը, կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրեց Արցախի հանրաքվեի օրը, ինքը Սյունիք եկավ (մենք ճանապարհ էինք փակել) Նժդեհի մահվան օրը: Հետո սկսեցին «Նոր Հայաստան-նոր հայրապետ» շարժումը՝ հարձակումը Եկեղեցու դեմ, դրանից հետո եղավ Արցախյան պատերազմ: Չե՞ք նկատում, որ հող է նախապատրաստում Սյունիքի համար: Ես այս սիմվոլիկան իզուր չեմ մեջբերում, որ ինքը Սյունիք էր եկել Նժդեհի մահվան օրը:
Սրա գերնպատակը Սյունիքն է: Ու Դուք այսքանից հետո մտածում եք, որ Հայաստանը վարչապետ ունի՞: Ու այս կարգի սրբապիղծ հայատյացն այսքանից հետո իրավունք ունի՞ ասել, թե Հայաստանը Վեհափառ չունի: Ի՞նչ բարոյական իրավունքներով: Ինչպես ասում են՝ «Գողն է ամենաբարձրը գոռում, թե՝ բռնե՜ք գողին»:
– Ձեր կարծիքով՝ իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ այս հարձակումներն արտաքի՞ն պատվեր են, արտաքին պատվիրատուներ կա՞ն, թե՞ իրենց անձնական նախաձեռնությունն է:
– Բազմիցս եմ ասել ու հիմա էլ կրկնեմ. ՀՀ երրորդ նախագահը հստակ ու պարզ ասաց՝ «Ես սրան չեմ պարտվել, այլ՝ ավելի հզոր ուժերի»: Գիտե՞ք՝ դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ էս անօրենի գալով՝ Հայաստանը հանձնվեց արտաքին կառավարման: Սա դրանց մոտ բանվոր է աշխատում, սրան ինչ ասում են, սա կատարում է: Հարց՝ իսկ կարո՞ղ է չկատարել, իսկ ինքը ո՞վ է, որ չկատարի: Ցավալի է, որ սրա արարի նզովքի բաժին են դառնում ուժայինները:
Վերջերս մի հետազոտություն կարդացի. պարզվում է, որ ԱՄՆ-ում այսօրվա մուրացկանների 95 տոկոսի նախատատերը կամ տատերը մարմնավաճառներ են եղել:
Այդ առնչությամբ մի խորիմաստ պատմություն հիշեցի. «Մի թանկ ռեստորան է լինում, որի դիմապատին գրված էր. «Ուտում են որդիները՝ վճարում են պապերը»: Մի մարդ, գրվածը կարդալով, մտնում է ռեստորան, ամենաթանկ սնունդն է պատվիրում, ուտում է, երբ ուզում է դուրս գալ, մոտենում է մատուցողը և ներկայացնում հաշիվը: Մարդը ցույց է տալիս դիմապատին գրվածքը: Մատուցողը ժպտալով պատասխանում է՝ «Դու քո պապերի՛ կերածի համար ես վճարում»:
Այնպես որ, ո՜չ մեկը չի՛ կարողանալու խուսափել դատաստանից, ինչքան էլ փորձի արդարանալ, նախկինների վրա բարդել մեղքը… մի խոսքով, Աստուծո արդարությունից փախչել չկա: Դավիթ սաղմոսերգու մարգարեն ասում է. «Ուր գնամ, Դու այնտեղ ես, Տե՛ր»;
– Կիրակի օրը, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ, որին ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը, բեմում եղած սարկավագի շորերով անձանցից մեկն ուշագնաց եղավ, սա ինչի՞ մասին է խոսում։
– Ուկրաինային նայե՛ք, նույն բանն այնտեղ է տեղի ունենում: Բաժանում են Ուղղափառ Եկեղեցին, բառացիորեն երեկ նայեցի ուկրաինական ՏԳ ալիքներից մեկը, որտեղ ուկրաինացիները ասում էին, որ Զելենսկին մարմնացած դև է… Մի՞թե նույն փորձն այս մարմնացյալ դևը չի անում: Կարծես նույն դպրոցն ավարտած լինեն: Ուշագնացության մասով էլ ասեմ, որ պատահական ոչինչ չի լինում: Զուր չէ Սողոմոն իմաստունն ասում՝ «Հիմարի կործանումը տեսնելով՝ իմաստունը ավելի իմաստուն է դառնում»:
– Առհասարակ այս իրավիճակի հանգուցուլուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։
– Ազգի, հայի, հայասեր մարդկանց, իրենց ազգային, պահպանողական, հայասեր կուսակցությունների միավորման մեջ, որոնք արտաքին ավելի հզոր ուժերի հետ կապ չունեն, այլ՝ ապավինում են Տեր Աստծուն:
Եթե գտնվի մեկը, ով կասի, թե դա հնարավոր չէ, նա անհավատ հայատյաց է ու սրբապիղծ, ասեմ ինչու:
Աստվածաշնչում մի չքնաղ դրվագ կա, որտեղ հսկա Գողիաթը սպառնում էր ոչնչացնել Իսրայելի երկիրը, բոլորը վախեցած էին, մտածում էին՝ դրան հաղթել չի լինի, հանձնվեն, բայց Դավիթ անունով մի պատանի՝ Տիրոջ հանդեպ հավատքով լցված, մի պարսատիկով տապալեց Գողիաթին: 451թ. Վարդանանց պատերազմը դիտարկենք. Վարդան զորավարը չասաց, թե՝ պարսիկները հզոր են, գնանք, դառնանք կրակապաշտ, այլ՝ Տիրոջ հանդեպ հավատքով լցված դուրս եկավ պատերազմի, արդյունքում՝ մենք պահպանեցինք մեր ինքնությունն ու հավատը և, ինչպես պատմիչ Եղիշեն է ներկայացնում, մեր սուրբերից մեկին Տերը ցույց տվեց, թե ինչպես 1036 նահատակ քաջերը Երկնքի Արքայություն մտան. Մեր ազգի պատմության մեջ բազմաթիվ են նման դեպքերը: Հային թիկունքից չհարվածեն՝ հային հաղթող չի լինի. 44-օրյան վկա:
– Այս կիրակի Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում է մասնակցելու պատարագի, հնարավո՞ր է հաջորդ կիրակի էլ Սյունիք գա՝ պատարագի:
– Սյունի՞ք, լավ է չասացիր՝ Գորիս: 30 արծաթ, սա՛ է մատնության գինը: Ինձ ի՞նչ գայթակղիչ առաջարկներ, սպառնալիքներ և հորդորներ են արել: Քրիստոս մեկ է, հուդաներ կգտնվեն ինչպես ձեր մոտ, մեզ մոտ, ցանկացած վայրում, բայց այն, ինչ Քրիստոսինն է, չե՛ն կարող գնել, և աղաղակող ճշմարտությունից, Աստուծո արդար դատաստանից ո՛չ ոք չի՛ կարող խուսափել:
Ինձ Քրիստոս է հայտնվել, իմ Փրկիչը, իմ Տերը, իմ Կյանքը, իմ Հիսուսը, իմ Գանձը, իմ հոգու Տերը, երբ ես մեծ ֆինանսների տեր էի հեռավոր 90- ականներին, որ ԱՍՏԾՈՒՑ հեռացած դժոխքի դռներն էի ընկած, Նա հանեց ինձ դժոխքից, և այն ո՛չ մի, լսի՛ր ու սրտումդ դիր, այս աշխարհում ո՛չ մի գանձի հետ չեմ փոխի:
ՕՐՀՆՅԱԼ Է ՄԵՐ ՏԵՐԸ, ՄԵՐ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ՝ ՀՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ: ԱՄԵՆ:



