Նախիջևանը հարկային և վարչական ազատ գոտու վերածելու գործընթացը Հայաստանի համար պարունակում է մի շարք լուրջ ռիսկեր. Շիրազ Խաչատրյան

Այս տարվա սեպտեմբերին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» երկօրյա սեմինարի շրջանակում Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետ, Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Մուրադ Մուրադովը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է տեղի ունենա անկլավների և տարածքների փոխանակում։ Իսկ օրերս էլ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն է հայտարարել, որ չորս «անկլավների» վերադարձը գտնվում է իրենց մշտական ուշադրության կենտրոնում:

«Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի (Տիգրանաշեն) գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է»,- շեշտել է նա՝ հավելելով, որ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։

Ադրբեջանական կողմից «անկլավների» վերադարձի պահանջի ակտիվացման ֆոնին Նիկոլ Փաշինյանը դարձյալ հիշել է Արծվաշենի մասին, խոսել դրա և հայկական օկուպացված տարածքների վերադարձի մասին։

Ռազմական, ռազմաքաղաքական ի՞նչ զարգացումներ սպասել «անկլավների» վերադարձի թեմայի ակտիվացումից հետո Տավուշի ու նախիջևանյան թևի ուղղությամբ, դրանց վերադարձն ի՞նչ վտանգներ է ստեղծելու Հայաշաստանի համար անվտանգային, քաղաքական և տնտեսական առումով, և ի՚՞նչ է տալու հայկական կողմին Արծվաշենի վերադարձը:

Կարդացեք նաև

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

– Ակնհայտ է, որ Բաքուն փորձում է հերթական անգամ օրակարգ թելադրել՝ անտեսելով այն հանգամանքը, որ սահմանազատման գործընթացը պետք է լինի փոխադարձ համաձայնության և իրավաչափ սկզբունքների հիման վրա։ Մենք մշտապես, նաև այս դեպքում, ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ադրբեջանական կողմն ընտրովի է մոտենում սահմանազատման հարցին՝ այն իրականացնելով միայն այն հատվածներում, որոնք իրեն են ձեռնտու, միաժամանակ անտեսելով այն հատվածները, որտեղ հենց ինքն է ներխուժել Հայաստանի տարածք։ Այսինքն, Բաքուն ոչ թե իրավական, այլ աշխարհագրական և ռազմավարական շահերով է առաջնորդվում՝ ըստ իր շահերի՝ քարտեզագրման։

Այս համատեքստում Տավուշի և Նախիջևանի թևերում «անկլավների» վերադարձի թեմայի ակտիվացումը պարունակում է՝ ինչպես ռազմական, այնպես էլ՝ քաղաքական ու տնտեսական ռիսկեր։ Ռազմական առումով այս գործընթացը կարող է էլ ավելի խախտել ուժերի հավասարակշռությունը սահմանային գծում, ստեղծելով նոր «ճնշման» կետեր Հայաստանի տարածքում։ Իսկ քաղաքական առումով դա նորից ընկալվելու է՝որպես հերթական միակողմանի զիջում՝ առանց Հայաստանի շահերի հաշվառման։ Տնտեսական առումով էլ պետք է նկատել, որ «անկլավների» վերադարձը ոչ միայն տարածքային, այլև հաղորդակցական բարդություններ է ստեղծելու, քանի որ այդ գոտիներով անցնում են Հայաստանի ներքին տրանսպորտային և կոմունիկացիոն կապերի կարևոր հատվածները, և դրանց փոփոխությունը կարող է էապես բարդացնել հայկական կողմի տեղաշարժն ու բեռնափոխադրումները։

Արծվաշենի վերադարձի թեման, իհարկե, զգացմունքային տեսանկյունից հետաքրքիր է հնչում, սակայն այն չի կարող մեր համար դիտվել իրական քաղաքական առաջնահերթություն այն պայմաններում, երբ Հայաստանի բազմաթիվ տարածքներ դեռևս գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Եթե խոսում ենք սահմանազատման և տարածքային ամբողջականության վերականգնման մասին, ապա առաջնահերթ պետք է վերացվի մեր տարածքների օկուպացիան և ապահովվի մեր քաղաքացիների անվտանգ տեղաշարժը՝ թե՛ Տավուշում, թե՛ Սյունիքում, թե՛ Գեղարքունիքում։ Այլապես ստացվում է՝ մի կողմից՝ խոսվում է Արծվաշենի վերադարձից, մյուս կողմից՝ Հայաստանը զրկվում է իր իսկ ճանապարհային և հաղորդակցական ցանցերի բնական գործառույթից։

– Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն հրապարակեցին, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակ ունեցող իրաբանական և ֆիզիկական անձինք 2026թ. հունվարի 1-ից 10-ը տարով կարող են ազատվել գրեթե բոլոր հարկերից, սա ենթադրում է մի շարք փոփոխություններ Հարկային կոդեքսում: Ըստ Ադրբեջանի պաշտոնական հիմնավորման, արտոնությունը տարածվելու է արդյունաբերական առանցքային ուղղությունների վրա և փորձ է արվելու ներդրումային միջավայրը բարելավել, ավելացնել ներդրումների ծավալը: Իսկ իրականում արդյո՞ք այլ հետին մտքեր և նպատակներ չկան՝ Նախիջևանի բնակեցման խնդիրներից մինչև տնտեսական և աշխարհաքաղաքական, ինչը Հայաստանի համար կարող է լուրջ ռիսկեր պարունակել:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ փոփոխություն կատարվեց Նախիջևանի սահմանադրության մեջ, և ինքնավար հանրապետության նախարարական կաբինետն արդեն Ալիևին է ենթարկվում, մյուս կողմից՝ Նախիջևանում ուժեղ է մնում թուրքական ներկայությունը: Եվ վերջապես միջանցքային ծրագրերը, պայմանավորվածություններն առնչություն ունեն Նախիջևանի հետ:

– Այո, Նախիջևանում հայտարարած լայնածավալ հարկային արտոնությունները միայն տնտեսական բնույթի նախաձեռնություն չեն, դրանք միանշանակ նաև Նախիջևանի բնակեցման և ժողովրդագրական քաղաքականության փոփոխության մասին են։ Պարզ երևում է, որ Ալիևը լիակատար վերահսկողություն է հաստատել ինքնավար հանրապետության նկատմամբ ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական և կառավարչական մակարդակներում։

Միևնույն ժամանակ Նախիջևանը վերածվել է թուրք-ադրբեջանական համատեղ հարթակի, որտեղ թուրքական բիզնեսը, ռազմական ներկայությունը և մշակութային ազդեցությունը զգալիորեն աճել են։ Եթե Նախիջևանը վերածվում է հարկային և վարչական ազատ գոտու, ապա ժամանակի ընթացքում այնտեղ անխուսափելիորեն ավելանալու է թուրքական կապիտալի ներգրավվածությունը, աճելու է նաև բնակչության թիվը։ Այս ամենը նպաստելու է նրան, որ ձևավորվելու է համաթուրքական տնտեսական միջանցք՝ կայուն սոցիալ-տնտեսական հիմքով, որն էլ լինելու է Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ տարածաշրջանային նախագծերի առանցքային հենակետը։

Իսկ Հայաստանի համար այս գործընթացը պարունակում է մի շարք լուրջ ռիսկեր։ Նախ՝ դա խորացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը մեր անմիջական հարևանությամբ և թույլ է տալիս Բաքվին ամրապնդել իր դիրքերը հարավարևմտյան սահմանային ուղղությամբ՝ փաստացի «փակելով» Հայաստանի մուտքը դեպի Իրան և վերահսկելով հարավային հաղորդակցական հնարավորությունները։ Երկրորդ՝ Նախիջևանի այս «նոր մոդելը» կարող է դիտվել որպես նախադեպ՝ հետագայում նմանատիպ ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու նաև այն տարածքներում, որոնք Ադրբեջանը կարող է ստանալ սահմանազատման շրջանակներում։ Օրինակ՝ վերը նշածս անկլավային տարածքներում։ Իսկ դա արդեն նշանակում է՝ Հայաստանի սահմանների մոտ կարող են ձևավորվել նոր տնտեսական-լոգիստիկ կենտրոններ՝ ամբողջությամբ թուրքական և ադրբեջանական վերահսկողության տակ։

– Ի դեպ, Նախիջևանի հետ կապված իր անվտանգային հետաքրքրություններն ունի նաև Իրանը։

– Իրանը մշտապես ունեցել է անվտանգային և ռազմավարական հետաքրքրություններ Նախիջևանի նկատմամբ՝ այն դիտելով որպես իր հյուսիսային սահմանների կայունության կարևոր գործոն։ Բայց ներկայիս տարածաշրջանային բարդ իրավիճակում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմն արագորեն ամրապնդում է դիրքերն Իրանի հյուսիսային սահմանների ուղղությամբ, Թեհրանը փաստացի սահմանափակված է իր ազդեցության դրսևորումներում։ Իրանի ներքին տնտեսական բարդ իրավիճակը, արտաքին մեկուսացումն ու Իսրայելի հետ մշտապես բարձր պահպանվող լարվածությունը թույլ չեն տալիս, որ Թեհրանն այժմ գործնականում հակակշռի թուրք-ադրբեջանական ծրագրերին։ Այսինքն՝ Իրանի հետաքրքրությունը պահպանվում է, բայց իրական հնարավորությունները՝ այն պաշտպանելու կամ առաջ մղելու, այս փուլում գրեթե բացակայում են։

– Նոյեմբերի 7-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմը և դրանից հետո ՌԴ միջնորդությամբ և ստորագրությամբ փաստաթղթերը (2021 թվականի հունվարի 11, 2021 թվականի նոյեմբերի 26) և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններն (2022, հոկտեմբերի 31, Սոչի) իրենց ուժը և անհրաժեշտությունը չեն կորցրել։ Սրանով ինչի՞ է ձգտում Ռուսաստանը և որքանո՞վ են իրականում արդիական «ռուսական» եռակողմ փաստաթղթերն այսօր, երբ կան արդեն վաշինգտոնյան փաստաթղթերը։

– Ռուսաստանի ԱԳՆ-ի այս հայտարարությունը, ըստ էության, հիշեցում է, որ Մոսկվան դեռ իրեն է համարում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և դրան հաջորդած պայմանավորվածությունների հիմնական երաշխավորը։ Դրանով Ռուսաստանը փորձում է պահպանել իր քաղաքական ներկայությունը և ազդեցության լծակները Հարավային Կովկասում։ Սակայն եթե դիտարկենք իրողությունները, ապա այդ փաստաթղթերի գործնական նշանակությունն այսօր զգալիորեն նվազել է։ Վաշինգտոնյան ձևաչափը և արևմտյան միջնորդությամբ ընթացող բանակցություններն ամբողջությամբ փոխել են ռեգիոնալ դինամիկան, դրանք դուրս են մղում Մոսկվային այստեղից, և այդ հանգամանքը ՌԴ-ին լրջորեն անհանգստացնում է։ Այդ պատճառով էլ Ռուսաստանի ԱԳՆ-ն փորձում է ընդգծել, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռևս ուժի մեջ է՝ դրանով ցույց տալով, որ առանց Ռուսաստանի համաձայնության և մասնակցության որևէ կայուն լուծում հնարավոր չէ։

Փաստացի, այս հայտարարությունը ոչ այնքան խաղաղ գործընթացի, որքան քաղաքական դիրքերի պահպանման փորձ է։ Մոսկվան փորձում է հիշեցնել թե՛ Բաքվին, թե՛ Երևանին, որ «խաղաղության պայմանագրի» ճանապարհին դեռ կա մի փաստաթուղթ, որի ստորագրողներից մեկը հենց ինքը է։ Բայց, ըստ իս, գործնական առումով այդ փաստաթղթերն արդեն չեն արտացոլում տարածաշրջանի ներկա ուժային հարաբերակցությունները, և դրանց «արդիականությունն» առավելապես խորհրդանշական բնույթ է կրում։

Տեսանյութեր

Լրահոս