Թիմ Կուկը հեռանում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից․ նրան կփոխարինի Ջոն Թերնուսը
Apple-ը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից իր նոր գլխավոր տնօրենը կդառնա Ջոն Թերնուսը: Թիմ Կուկը, որը 2011 թվականին Սթիվ Ջոբսի հրաժարականից հետո գլխավորել է ընկերությունը, կդառնա տնօրենների խորհրդի գործադիր նախագահը: Այս մասին փոխանցում է bbc.com-ը։
Կուկն ասել է, որ Թերնուսը, որի ներդրումը Apple-ում վերջին 25 տարիների ընթացքում անգնահատելի է, ընկերությունը ղեկավարելու համար ճիշտ մարդն է։
65-ամյա Կուկը միացել է Apple-ին 1998 թվականին։
14 տարուց ավելի ղեկավարելու ընթացքում ընկերության շուկայական կապիտալիզացիան 350 միլիարդ դոլարից աճել է մինչև 4 տրիլիոն դոլար, իսկ եկամուտը՝ 2011 թվականի 108 միլիարդ դոլարից մինչև 416 միլիարդ դոլար՝ վերջին ֆինանսական տարում։
Կուկի ղեկավարության ներքո Apple-ը թողարկեց Apple Watch-ը, AirPods-ը և Apple Vision Pro-ն, ինչպես նաև գործարկեց iCloud-ը, Apple Pay-ը, Apple TV-ն և Apple Music-ը։
50-ամյա Թերնուսը Apple-ի սարքավորումների զարգացման ավագ փոխնախագահն է։ Նա միացել է Apple-ին 2001 թվականին և առանցքային դեր է խաղացել այնպիսի ապրանքների վաճառքի վերականգնման գործում, ինչպիսիք են Mac համակարգիչները, որոնք վերջին տարիներին ավելացրել են իրենց շուկայական մասնաբաժինը, մեկնաբանում է Reuters-ը:



