Մեքսիկայի պատմական բուրգերի մոտ հրաձիգը կրակել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 13 վիրավոր
Զինված տղամարդը Մեքսիկայի պատմական Տեոտիուական բուրգերի գագաթին կրակ է բացել զբոսաշրջիկների վրա։ Զոհվել է Կանադայի մեկ քաղաքացի, առնվազն 13 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Պաշտոնյաներից մեկը գործակալությանը հայտնել է, որ հրաձիգը 27-ամյա մեքսիկացի Խուլիո Սեսար Խասոն է։ Նա ավելի ուշ ինքնասպանություն է գործել։ Իրավապահները դեպքի վայրում գտել են հրազեն, դանակ և զինամթերք։
Տեղի իշխանությունները հայտնել են, որ հրազենային կրակոցից 7 մարդ է վիրավորվել։ Թե ինչպես են մյուսները վիրավորվել, չի հաղորդվել, սակայն հրաձգության ժամանակ մի քանիսն ընկել են։
Հիվանդանոց են տեղափոխվել 6 ամերիկացի, 3 կոլումբիացի, 1 ռուս, 2 բրազիլացի և 1 կանադացի։ Վիրավորների թվում կա 6 տարեկան երեխա։
Տեոտիուական բուրգերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում են, Մեխիկո քաղաքի ծայրամասում գտնվող հսկայական կառույցների շարք են, որոնք կառուցվել են երեք տարբեր հին քաղաքակրթությունների կողմից: Բուրգերը Մեքսիկայի ամենակարևոր զբոսաշրջային վայրերից մեկն են։ Ըստ կառավարության տվյալների՝ 2025 թվականին այնտեղ այցելել է ավելի քան 1,8 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։



