Բաժիններ՝

«Ունենալու ենք 3 բաց և 9 մուգ գույնի մույթեր. նախագիծը, որով վերականգնվում է հուշարձանը, շատ մեծ վնաս է հասցրել արդեն». Անահիտ Թարխանյան

Երեկ խորհրդարանում, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հորդորեց, որպեսզի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները չմանիպուլացնեն՝ շեշտելով, որ այնտեղ աշխատանքները շարունակվում են և վերահսկվում են։

«Արթուր Թարխանյան» կենտրոնի հիմնադիր տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանի խոսքով՝ բավականին շատ հարցեր կան՝ կապված Հայոց ցեղասպանության հուշարձանի հետ։ Եղել են լսումներ, մասնագիտական կարծիքը ձևավորված է, թե ինչպես պետք է վերանորոգվի հուշարձանը։

«Այն նախագիծը, որով այսօր վերականգնվում է, շատ մեծ վնաս է հասցրել արդեն հուշարձանին, հետևաբար՝ նույն ձևով շարունակելը նշանակում է՝ նույն վնասն ավելի խորացնել։

Ճարտարապետները և հեղինակը՝ Սաշուր Քալաշյանը, չէին հիշում, որ հուշարձանի տակ և շուրջն արված էր դրենաժային համակարգ։ Միայն, երբ սկսեցին փորել այն «խրամատը», ինչի մասին ես ասում էի, պարզվեց, որ 30 սմ խորությամբ հողից ներքև գտնվում է դրենաժային համակարգ, հենց «պլիտաների» տակ։ Իսկ հուշարձանի ներքևն օղակաձև փակված է բետոնով, այսինքն՝ ժամանակին դա երբեք չի արվում, հիմքերին պարզապես հող են լցնում։ Բայց քանի որ մեծ նշանակության հուշարձան է, ժամանակին ինժեներները որոշում են կայացրել և ամբողջությամբ բետոնացրել են, հիմքերին որևէ վտանգ՝ կապված ջրի ու խոնավության հետ՝ չկան։ Այս նախագծի հետ կապված հարցերը շատ են, պետք է ձևավորել աշխատանքային խումբ և բոլոր լուծումները չթողնել ընդամենը 2 հոգու որոշումներին, այդ որոշումների հետ ինքս առհասարակ համաձայն չեմ»,- 168.amի հետ զրույցում նշեց Անահիտ Թարխանյանը։

Կարդացեք նաև

Ճարտարապետի փոխանցմամբ՝ զեկույցներն իրենք ուղարկել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, սակայն մինչև այս պահն այս փաստաթղթերի հետ կապված որևէ պատասխան չի ստացել։

«Ինձ մոտ շատ մեծ անորոշություն է։ Մեր որևէ կարծիք հաշվի չեն առել և միակողմանի որոշումներ են ընդունել ու շարունակում են կոպտորեն խախտել  նորմատիվային ակտերը, թե ինչպես պետք է վերանորոգել հուշարձանները»,- հավելեց նա։

Անահիտ Թարխանյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք մինչև ապրիլ հուշարձանի վրա կատարվող աշխատանքները կավարտվե՞ն, քանի որ ԿԳՄՍ նախարարն այդպես հայտարարեց, նա պատասխանեց, որ դժվարանում է ասել, քանի որ չի տեսել շինարարական աշխատանքի կազմակերպման գրաֆիկը, կազմակերպչական ունակությունները, և այլն։

Հաջորդ հարցին՝ այս բոլոր խնդիրներով հանդերձ, այս վերանորոգման արդյունքում ի՞նչ պատկեր է ունենալու հուշարձանը, Անահիտ Թարխանյանը պատասխանեց.

«Մենք ունենալու ենք սպիտակ գույնի 3 մույթ, որովհետև այն բազալտները, որոնք այսօր բերվում են, և ուզում են «վերանորոգեն» հուշարձանը, կտրուկ տարբերվում են այն բազալտներից, որոնք օգտագործվում էին նախկինում։ Ունենալու ենք 3 բաց և 9 մուգ գույնի մույթեր։

Արդեն Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ նախկինում ընդունված նախագիծը ճիշտ էր և պետք էր շարունակել նույն ձևով, իսկապես չգիտեմ։

Մեկ բան է, երբ մարդը տեղեկացված չէ ու որոշումներ է ընդունում, մեկ այլ բան է, երբ տեղեկացված է ու այդպիսի որոշումներ է ընդունում, շարունակում է մնալ իր կարծիքին։ Այստեղ ասելիք չունեմ»,- ընդգծեց Անահիտ Թարխանյանը։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացվել է 1995 թվականին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի ժամանակ։ Թանգարան-ինստիտուտի ճարտարապետներն են Սաշուր Քալաշյանը, Արթուր Թարխանյանը,  քանդակագործն է Ֆերդինանդ Առաքելյանը։

ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան նախատեսված է պետական արարողակարգով։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման աշխատանքներն ավարտվել են 1967 թվականին, բացումը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերի 29-ին՝ խորհրդային իշխանության օրոք, երբ մերժված էր ազգային գաղափարախոսությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հիշատակումը։

Հուշահամալիրը նվիրված է 1915 թվականին Արևմտյան Հայաստանում Օսմանյան իշխանությունների կողմից սպանված 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին։

Հուշարձանի ճարտարապետը  Արթուր Թարխանյանն է՝ Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ։

Տեսանյութեր

Լրահոս