Փաշինյա՛ն, պատմությունը գրում են հաղթողները, իսկ դու ու քո թիմը պարտության մարմնավորում եք. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկո՛լ Փաշինյան, պատմության սպառումով դո՛ւ ես զբաղվել, որ հայ ազգի հաղթանակը մսխեցիր ու պետությունը տանում ես ադրբեջանացման։

Փաշինյանն ասում է, որ պատմությունը կա՛մ սպառում են,կա՛մ՝ ստեղծում։ Ավելին՝ նրա կարծիքով վերջին 2 տարվա ընթացքում պատմություն է ստեղծվում։ Սա ասում է մի պաշտոնյա, ում ապաշնորհության ու անկարողության հետեւանքով Արցախը հանձնվել է, 120 .000 արցախահայեր ենթարկվել է էթնիկ զտման, ՀՀ տարածքի 240 քառ.կմ օկուպացված է։

Եթե սա պատմության ստեղծում է, ուրեմն ազգային խայտառակության ստեղծումն է, որտեղ ՀՀ-ն տարածաշրջանային գործոն պետությունից վեր է ածվում թուրք-ադրբեջանական «ֆիլիալի»։ Ազգի ու պետության հաղթանակած պատմությունը դեն են նետում, փոխարենը բերում են վիլայեթացում՝ այս ամենն անվանելով պատմության ստեղծում։

Փաշինյա՛ն, պատմությունը գրում են հաղթողները, իսկ դու ու քո թիմը պարտության մարմնավորում եք»։

Տեսանյութեր

Լրահոս