ՀՀ-ն լքեցի, քանի որ առողջապահական համակարգը շատ թերի մասեր ուներ․ չէի ուզում առնչվել դրա հետ․ Տարոն Սարիբեկյան
Գերմանացիները շատ հետաքրքրված են իրենց առողջությամբ, առաջին անհրաժեշտության դեպքում դիմում են բժշկի, որպեսզի կարողանան ժամանակին ախտորոշել հիվանդությունը,- ասում է Գերմանիայում բնակվող Ներքին հիվանդությունների, անհետաձգելի օգնության բժիշկ Տարոն Սարիբեկյանը։
Նրա հետ զրուցել ենք այդ երկրում առողջապահական համակարգի, բժիշկ-բուժառու կապի և այլ հարցերի շուրջ։
– Մանկուց ցանկացել եք բժիշկ դառնալ, սակայն ինչպե՞ս ընտրեցիք արյունաբանության ճյուղը։
– Այո, մանկուց ցանկացել եմ բժիշկ դառնալ, ու իմ մոտիվացիան մայրս էր։ Նա մասնագիտությամբ բուժքույր էր։ Ես էլ էի ցանկանում մարդկանց օգնել:
Արդեն նեղ մասնագիտացումն ընտրելու ժամանակ հանգեցի այն եզրահանգմանը, որ ուզում եմ արյունաբան դառնալ, քանի որ սովորելու ժամանակ արյունաբանությունն անցել էի Արյունաբանական կենտրոնում ու տեսել էի, թե ինչքան հիվանդ երեխաներ կան, իսկ այդ ժամանակ քիչ էին արյունաբանները։

– Այնուհետև, կրթաթոշակ ստանալով, ուսումը շարունակել եք արտերկրում։
– EADEծրագրի միջոցով ստացա կրթաթոշակ՝ երիտասարդ գիտահետազոտողների համար, և հետազոտական ծրագիր արեցի Բեռլինի Շարիտե համալսարանում, իսկ դրանից հետո արդեն ստացա աշխատանքի հրավեր և Գերմանիայում շարունակեցի գործունեությունս։
Հայաստանում բուհական կրթությունն ավելի շատ հետսովետական է։ Գերմանիայում արևմտյան բժշկություն է և էական տարբերություններ թերևս կան։
– Զրույցներից մեկի ժամանակ ասել եք, որ պետք է հիմնականում բուհ ընդունվեն դպրոցում լավ սովորողները։ Մի քիչ հակասական է, որովհետև կարող է՝ դպրոցում անգիր անելով սովորեն ու տպավորություն ստեղծվի, թե լավ են սովորում։
– Գերմանիայում կարևոր մոտեցում կա․ բուհ կարող են դիմել այն աշակերտները, որոնք միջինը 1 գնահատական ունեն։ Դա իրենց համար լավագույն գնահատականն է։ Այսինքն, եթե աշակերտները դպրոցական տարիների ընթացքում գերազանց առաջադիմություն չեն ցուցաբերել՝ փաստորեն բժիշկ դառնալու հնարավորություն չունեն։ Արտերկրում են բժիշկ դառնում, օրինակ, Ռումինիայում, Բուլղարիայում, ԵՄ երկրներում, որտեղ արգելված չէ սովորել բժշկություն։
Իհարկե, կան բացառություններ, դրանցից մեկն այն է, երբ աշակերտներն իրենց դպրոցական կրթությունից հետո անցնում են մեկ այլ, օրինակ, բուժքույրական մասնագիտացում, և դա կոմպենսացնում է միջինից բարձր լինելն, ու դրանից հետո բժշկություն ուսանելու հնարավորություն ունենում են։
– Ընդհանրապես բժիշկը քանի՞ տարի պետք է աշխատի, որ համարվի պրոֆեսիոնալ։
– Կախված է անհատից։ Կան բժիշկներ, որոնք կարճ ժամանակահատվածում կարողանում են անցնել բժշկական մտածողության անալիտիկ մտածելակերպի, հասկանալ հիվանդությունը, թե ինչպես պետք է հիվանդության հետ աշխատել, բուժել հիվանդին։ Կան նաև բժիշկներ, որ երկար տարիներ աշխատում են հիվանդանոցում, բայց անում են ռոբոտային ձևով։
Գերմանիայում շատ լավ արտահայտություն կա, ասում են՝ ոչ մի պրոֆեսիոնալ երկնքից չի իջել։ Այսինքն, դա տարիների աշխատանք է, փորձի արդյունք։
– Այնտեղ կա՞ բժիշկների ատեստավորում։
– Այո։ Որոշ երկրներում ստացած կրթությունը միանգամից ճանաչում են, և համարվում ես սերտիֆիկացված բժիշկ։ Կան երկրներ, որոնց դեպքում քննություններ ես հանձնում, և Հայաստանի դեպքում այդպես էր։ Իմ առջև պայման դրեցին, որ երկու քննություն պետք է հանձնեմ, որոնցից մեկը գերմաներեն լեզվով բժշկական տերմինաբանության լավ իմացությունն էր, իսկ երկրորդը վերաբերում էր ընդհանուր բժշկությանը։ Եվ այդ երկու քննություններից հետո ճանաչում են ՀՀ-ում անցածը, տալիս են սերտիֆիկատ, որը հնարավորություն է տալիս ծավալել բժշկական գործունեություն։
– Հայաստանում բժիշկներն այնքան էլ չեն սիրում օնլայն խորհրդատվությունը, Գերմանիայում ինչպե՞ս է։
– Չեն սիրում օնլայն խորհրդատվություն, որովհետև շատ ճիշտ է հիվանդին տեսնելը։ Երբ քո առջև է՝ կարողանում ես մոտենալ, հետազոտել։ Բայց ինտերնետի զարգացմամբ պայմանավորված՝ հեռաբժշությունը (տելեբժշկություն) մեծ թափ է առնում։ Ես Գերմանիայում հայերի համար կոնսուլտացիա անում եմ՝ ուզում եմ անպայման օգնել մեր հայրենակիցներին։ Բայց սկզբում ասում եմ, որ հնարավորություն ունեմ անձամբ հետազոտել, սակայն հետազոտության պատասխանները եթե հնարավորություն են տալիս ինչ-որ ախտորոշման գալու, ասում եմ, թե ինչպիսին պետք է լինի հետագա մարտավարությունը։ Միաժամանակ խորհուրդ եմ տալիս տեղում լինել մեկ այլ բժշկի հսկողությամբ, որպեսզի ընթացքում ինչ-որ բարդություններ չառաջանան։
Իսկ եթե ուզում են հասկանալ հետազոտությունների արդյունքները, մեծ սիրով մանրամասն բացատրում եմ։
Նույնիսկ անհետաձգելի բժշկության ժամանակ ունենք շտապօգնության բժիշկ, ով էկրանից այն կողմ նստած՝ ուղղակի ասում է, թե ասիստենտներն ի՞նչ պետք է անեն այդ պահին։

– 2026թ․ Հայաստանում մեկնարկում է առողջապահական ապահովագրությունը և, ինչպես որոշ մանրամասներ հայտնեց ԱՆ նախարարը, օրինակ, շտապօգնության դեպքում կհասկանան՝ արժե՞ կանչի հետևից գնալ, թե՞ ոչ։ Զանգահարող մարդն ինչպե՞ս հասկանա՝ իր վիճակը լո՞ւրջ է, թե՞ ոչ։
– Երբ ՀՀ-ում 2015, 2018թթ․ աշխատում էի որպես շտապօգնության բժիշկ, միշտ բարձրացնում էինք այդ հարցը։ Այնպես չէ, որ միշտ պետք է գնանք հիվանդների մոտ, որովհետև երբեմն ահազանգում էին ջերմություն չափելու, պատուհանը փակելու համար։ Պայքարում էինք դրա դեմ, ուզում էինք, որ մեր աշխատանքն արդյունավետ լինի, շտապօգնության լուրջ կանչերի սպասարկումը չուշանա, որի արդյունքում մահացության տոկոսը կիջնի։
Գերմանիայում, երբ զանգահարում են շտապօգնություն, նստած են համապատասխան մասնագետներ, ովքեր կարողանում են զտել լուրջ կանչերը ոչ այդքան լուրջ կանչերից։ Երբ խնդիրն այնքան էլ լուրջ չէ՝ կարող են բուժակներն այցելել հիվանդին։ Եթե ներդնեն տելեբժշկությունը, ու երբ բուժակն ինչ-որ խնդիր տեսնի՝ կզանգի բժշկին և կտեղեկացնի, թե ինչ է կատարվում։ Ու բժիշկը կարող է որոշել՝ գնա՞ դեպքի վայր, թե՞ ոչ։
Սկզբնական կանչը միշտ բաժին է հասնում բուժակներին կամ անհետաձգելի օգնության սանիտարներին, ովքեր ժամանում են կանչի վայր, ցուցաբերում են առաջին օգնությունն ու հասկանում են, թե ինչքանով է վիճակը բարդ։ Մոտ 200․000 բնակչություն ունեցող քաղաքի համար երկու բժիշկ է հերթապահում մեկ օրվա ընթացքում։ Երբ հերթապահում եմ՝ միջինում 7-8 կանչ եմ ունենում։
– Գերմանացիներն ու հայերը տարբերվո՞ւմ են՝ բժշկի դիմելու առումով։
– Գերմանացիները շատ հետաքրքրված են իրենց առողջությամբ, առաջին անհրաժեշտության դեպքում դիմում են բժշկի, որպեսզի կարողանան ժամանակին ախտորոշել հիվանդությունը, բուժվել։ Դա գալիս է նրանից, որ ունեն առողջապահական ապահովագրական համակարգ։ Իսկ հայերը դիմում են բժշկի այն ժամանակ, երբ դանակը հասել է ոսկորին։
– ՀՀ-ում շատպօգնության բժիշկները երբեմն բռնության են ենթարկվում․ Գերմանիայում նման դեպքեր և՞ս լինում են։
– Լինում են, բայց հազվադեպ։ Հիմնականում օտարազգի բնակիչների՝ արաբների, թուրքերի կողմից են բռնության ենթարկվում։ Բժիշկներն ապահովագրված են։ Քաղաքացիները գիտեն, որ եթե նման բան լինի՝ խիստ է անդրադառնալու իրենց վրա, նույնիսկ կարող է ազատազրկման ենթարկվեն։ Ցավոք, ՀՀ-ում վիճակն այլ է։ Կանչերը շատ են, ու բժիշկների քանակը բավարար չէ, որ արագ սպասարկեն։ Որոշ դեպքերում շատ լուրջ կանչեր են ուշանում, և հիվանդը նույնիսկ կարող է մահանալ, ու հարազատը կարող է աֆեկտի ազդեցության տակ հարձակում գործել։ Դա շատ վտանգավոր է բուժաշխատողների համար։ Լսել եմ, որ ՀՀ-ում արդեն քրեորեն պատժելի է բժշկի նկատմամբ բռնություն կիրառելը, վաղուց պետք է անեին։ Մեկ անգամ ինքս զոհ եղել եմ․ հարբած բուժառուի կողմից դանակով հարձակման եմ ենթարկվել։ Փորձեցինք դիմել ոստիկանություն, բայց մեծ արդյունք չտվեց այդ ժամանակ։
– Առողջապահական ապահովագրությունն ի՞նչ է ենթադրում, որքա՞ն ժամանակը մեկ պետք է գնան ստուգումների, ի՞նչն է անվճար, ինչը՝ վճարովի։
– Բոլոր հիվանդությունների բուժումը ծածկվում է առողջապահական ապահովագրության կողմից, իսկ էսթետիկ միջամտությունները, մարմնի փոփոխությունները, որոնք տվյալ մարդու ցանկությամբ են, ենթադրենք՝ քթի կորեկցիա, կրծքերի մեծացում կամ այլ կոսմետիկ միջամտությունները, բնականաբար, վճարվում են մարդկանց կողմից։
Առողջապահական ապահովագրության երկու տեսակ կա՝ պետական և անհատական։ Վերջինի դեպքում արագ է ստացվում բժշկին հանդիպելը, և հետազոտությունն արագ անցնում են, իսկ պետականի դեպքում մարդիկ երբեմն սպասում են մի փոքր, որովհետև ամբուլատոր հատվածում բժիշկների մեծ պակաս կա։ Համաձայն վերջին տվյալների՝ Գերմանիայի առողջապահական համակարգը 100․000 մասնագետի կարիք ունի։ Բժիշկների մեծ պակաս կա։ Անհետաձգելի վիճակների դեպքում, բնականաբար, հիվանդները սպասարկվում են։
– Բժիշկների պակասն ինչո՞վ է պայմանավորված, գումարը քի՞չ է։
– Իրականում բժիշկների պակասը պայմանավորված է նրանով, որ Գերմանիայում սովորող բժիշկները մեկնում են գերմանախոս այլ երկրներ, օրինակ, Շվեյցարիա, որտեղ կարող են վաստակել երեք անգամ ավելի շատ գումար։ Մեկնում են նաև Շվեդիա, Նորվեգիա։ Հիմա Գերմանիայի առողջապահական համակարգում շատ են արտասահմանյան բժիշկները, քան գերմանացիները։
– Եթե չեն օգտվում առողջապահական ապահովագրությունից, ի՞նչ է սպասվում քաղաքացուն։
– Հազվադեպ է պատահում, որ չեն գնում ստուգումների, սա արդեն սեփական պատասխանատվության հարց է։ Որպես կանոն՝ այցելում են բժշկի։ Իրենց աշխատավարձի որոշ տոկոս հատկացվում է առողջապահական ապահովագրությանը։

– Հայերի նման, մեկ բժշկի մոտից մյուսի մո՞տ են գնում՝ չվստահելու դեպքում։
– Չէ, իրականում չունեն այդ հնարավորությունը, որովհետև նույն խնդրի պատճառով երկրորդ բժշկի դիմելը գործնականորեն անհնար է։ Ճոխություն կլիներ՝ դիմել մի քանի բժշկի, որովհետև ապահովագրությունը կտեսներ, որ հիվանդը նույն խնդրի պատճառով երկու տարբեր մասնագետի է դիմել, ու չէր փոխհատուցի։
– Բայց կարող է մարդը չի վստահում տվյալ բժշկին։
-Եթե չի վստահում՝ կարող է իրավական ձևով այդ հարցին լուծում տալ, այսինքն՝ եթե համարում եմ, որ բժիշկը սխալ բուժօգնություն է ցուցաբերել կամ սխալ դիագնոզ է դրել, այդ դեպքում կարող եմ դիմել ոստիկանություն, որոնք շատ օպերատիվ ձևով պարզում են՝ արդյո՞ք դա այդպես է։ Կան համապատասխան փորձագետներ, որ նայում են հետազոտության տվյալները, ու եթե հանգում են այն եզրակացությանը, որ բժիշկը սխալ ախտորոշում է դրել, իրականացրել է սխալ բուժում, այդ դեպքում դա մեծ խնդիր է տվյալ բժշկի համար։
Հայաստանում վերահսկողական մարմինը, որը հսկում է բժիշկների աշխատանքը, ցավոք,այդքան լավ չի իրականացվում։
– Ուռուցքային հիվանդությունների բուժումը ևս անվճա՞ր է։
– Ամբողջությամբ անվճար է։ Առողջապահական ապահովագրության կողմից ամբողջովին ֆինանսավորվում է։ Երբեմն թանկարժեք բժշկական միջամտության կարիք է լինում և իրենք սոցիալական ապահովագրություն էլ ունեն, այսինքն՝ եթե հիվանդը մենակ է ապրում և չի կարողանում անկողնուց վեր կենալ, ապա ապահովագրությունն օգնում է, որպեսզի՝ մարդիկ կան՝ կարողանան այցելել նրան, փոխեն հագուստը և այլն։
Սոցիալական ապահովագրությունը շատ բարձր մակարդակի վրա է, քանի որ մենակ ապրողների քանակն էլ է բավականին մեծ։
– Հայաստանի քաղաքացիները տարբեր ճանապարհներով գալիս են Գերմանիա՝ բուժման նպատակով, բայց ամեն հիվանդության դեպքում կարելի՞ է գալ Գերմանիա, և արդյո՞ք իրենց կտրվի լիարժեք բուժում։
– Ինձ էլ են հաճախ դիմում հայ հիվանդները և գալիս այնտեղ։ Գերմանիայում առանց ապահովագրության բուժում անցնելը բավականին թանկ հաճույք է, հիվանդների մեծ տոկոսը հանձնվում է որպես փախստական, ստանում փախստականի կարգավիճակ ու պետությունը փակում է ամբողջ բուժման ծախսերը։ Կան հիվանդություններ, որոնց ժամանակ մերժվում են։ Մեծ մասը գալիս է ուռուցքային հիվանդությունների առկայության դեպքում։ Որպես փախստական՝ պետության կողմից ֆինանսավորում են ստանում և անցնում են համապատասխան բուժում։ Ցավոք, դեպքերի մեծ մասն ուռուցքի վերջին փուլում է գտնվում և շատ մեծ փոփոխություն անելու հնարավորություն չկա։
Ամեն դեպքում Գերմանիայի ապահովագրական ծառայությունը վճարում է փախստականին, որպեսզի հիվանդությունը բուժվի։ Բոլոր ազգերի ներկայացուցիչներն էլ նման խնդիրներով գալիս են։
– Գերմանացիները չեն բողոքո՞ւմ՝ մենք հարկ վճարենք՝ դուք բուժեք ուրիշ երկրների քաղաքացիներին։
– Գերմանացին չի կարող բողոքել, նախ՝ դա նախապատմություն ունի։ Գերմանիան ունի ծանր անցյալ, նախկին իշխանությունների պատճառով եղավ Հոլոքոստը, և իրենք հիմա պարտավորված են զգում՝ օգնելու մարդկանց, և դա է պատճառը, որ այդ մասին բարձր չեն կարող նշել։
– Գերմանիայի առողջապահական համակարգի ո՞ր փորձը կցանկանայիք բերել Հայաստան։
– Շատ կուզենայի ձեռք բերածս փորձը ներդնել Հայաստանում։ Բժշկությունը բավականին տարբերվում է, օրինակ, եթե խոսենք ուլտրաձայնային հետազոտության մասին՝ այնտեղ չունենք սոնոգրաֆիայի մասնագետներ։ Յուրաքանչյուր բժիշկ պարտավոր է իմանալ իր ոլորտի անատոմիան։ Եթե սրտաբան է՝ պարտավոր է իմանալ էխոկարդիոգրաֆիա։ Կամ՝ ես թերապևտ եմ, պետք է տիրապետեմ ներքին օրգանների սոնոգրաֆիային՝ լյարդ, երիկամ, փայծաղ։ Եթե վերցնեմ անհետաձգելի բուժօգնության ոլորտը, շատ կուզենայի, որ այդտեղ նույնպես հենց Գերմանիայի փորձը ներդրվեր։ Պետք չէ բժիշկը միշտ ներկա լինի, նա պետք է գնա այն դեպքերում, երբ վիճակը լուրջ է։ Այսինքն, ամեն կանչի դեպքում չգնա։
Հայաստան շատ կուզենայի վերադառնալ, բայց երկիրը լքելու պատճառն այն էր, որ Հայաստանի առողջապահական համակարգը շատ թերի մասեր ուներ, և ես չէի ուզում առնչվել դրա հետ։ Մինչ օրս բժիշկներն ու բուժառուն երկխոսության մեջ են մտնում Հայաստանում, եթե բժիշկը նշում է, որ ԿՏ պետք է կատարել՝ հասկանալու, թե ինչ փուլում է գտնվում հիվանդությունը։ Ֆինանսական հարցերով էլ անընդհատ բուժառուի հետ քննարկումների մեջ են։ Գերմանիայում չկա այդ խնդիրը․ եթե կա ցուցում՝ իրականացնել տվյալ հետազոտությունը՝ իրականացվում է, չենք քննարկում հիվանդի հետ։
Եթե չի ուզում, չենք իրականացնում հետազոտությունը, բայց եթե գումարի սղության պատճառով տվյալ հետազոտությունը չիրականացվի՝ պրակտիկայում այդպիսի դեպք չունենք։
Այստեղ կոլեգաներս ֆինանսականի մասով դեռևս հիվանդների հետ կապի մեջ են։ Դա ինձ շատ էր վանում։ Դա էր պատճառներից մեկը, որ որոշեցի լքել Հայաստանը։ Երկրորդը՝ աշխատավարձի չափն էր, որովհետև Գերմանիայում շատ ավելի բարձր է։

