Իրանում Իտալիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն

Իտալիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) վերաբերյալ Իտալիայի արտաքին գործերի նախարարի անպատասխանատու արտահայտություններից հետո. գրում է «Թանսիմ»-ը:

Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի գլխավոր տնօրեն Ալիռեզա Յուսեֆին «բողոքել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի անպատասխանատու դիրքորոշումների դեմ», նա նաև «զգուշացրել է ԻՀՊԿ-ի դեմ ցանկացած պիտակավորման կամ անվանման կործանարար հետևանքների մասին և կոչ է արել վերանայել Իտալիայի արտաքին գործերի նախարարի անխոհեմ մոտեցումները Իրանի նկատմամբ»:

Իտալիայի դեսպանը հայտարարել է, որ հնարավորինս շուտ կփոխանցի հարցը իր կառավարությանը։

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին երկուշաբթի օրը հայտարարել է, որ այս շաբաթ Բրյուսելում պաշտոնապես կառաջարկի ԻՀՊԿ-ն ներառել ԵՄ ահաբեկչական ցուցակում։

Տեսանյութեր

Լրահոս