ՉԵ՞Ք ԽՂՃՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ. ՍԱ ՔԱՈՍ Է, ՈՉ ԹԵ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՃՆՇՈՒՄ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՎՐԱ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
Առողջապահական ապահովագրության համակարգի 18-օրյա մեկնարկը հուսադրող չէ։ Համակարգը ներդրվել է առանց անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմքերի՝ առանց պայմանագրերի, առանց օպերատորի, առանց հիմնադրամի լիարժեք ձևավորման։
Այս մասին 168TV-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
Այս անգամ նա խոսել է այդ որոշման ստեղծած մի շարք լուրջ իրավական, ընթացակարգային և կառավարչական անորոշությունների մասին։
«Տարվա վերջին օրը միայն նշանակվել է հիմնադրամի տնօրենը, իսկ այսօր անգամ առողջապահության համակարգի ներսում հստակ չէ, թե ովքեր են հիմնադրամի աշխատակիցները։ Ամբողջ ծանրաբեռնվածությունը փաստացի դրվել է Պետական առողջապահական գործակալության վրա, որի աշխատակիցները գտնվում են լուծարման փուլում և չեն պատկերացնում իրենց հետագա ճակատագիրը»,- ասաց առողջապահության ոլորտի փորձագետը:
Վերջինս հավելեց՝ այս պայմաններում մեկնարկը տրվել է առանց կազմակերպվածության. բուժհաստատություններում չեն պատկերացնում իրենց գործառույթները, բժիշկներն իրարից հարցնելով են փորձում սպասարկել հիվանդներին, իսկ բազմաթիվ քաղաքացիների պարզապես խնդրում են վերադառնալ երկու-երեք շաբաթ հետո, մինչև պարզ կդառնա, թե ինչ է իրականում տեղի ունենում։
«2025թ. հունվարի 15-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում հայտարարեց, թե գրանցվել է 87 048 ապահովագրական այց, որից 7 739-ը՝ արտահիվանդանոցային, 8 612-ը՝ հիվանդանոցային։ Սակայն մնում է անհասկանալի՝ այդ դեպքում ինչո՞ւ են դիմել մնացած 70 697 քաղաքացիները, եթե նրանք չեն դասվում ո՛չ հիվանդանոցային, ո՛չ արտահիվանդանոցային շահառուների շարքին։ Սա լուրջ կասկած է առաջացնում ներկայացվող թվերի արժանահավատության վերաբերյալ և պահանջում է պաշտոնական պարզաբանում»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Ըստ նրա՝ «Արմեդ» համակարգում ևս խիստ մտահոգիչ իրավիճակ է։ Քաղաքացիները գրանցվելիս տեսնում են բժշկական պատմություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։
«Իմ անձնական օրինակով՝ «Արմեդ»-ում արձանագրված է, թե ես բուժվել եմ սուր շնչառական անբավարարությամբ Գավառի ԲԿ-ում, դիալիզ եմ ստացել Վանաձորի ԲԿ-ում, ապա ապենդիցիտի վիրահատություն եմ տարել Ապարանի ԲԿ-ում։ Այս տվյալներից ոչ մեկն իրական չէ»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ քաղաքացիների բազմաթիվ ահազանգեր են ստացվում նաև այլ դեպքերի վերաբերյալ․ տղամարդը գրանցված է որպես մանկաբարձ-գինեկոլոգի այցելած, երեխաների մոտ նշված են ատամների բուժումներ, որոնք երբեք չեն կատարվել, և այլն։

«Սա վկայում է համակարգային սխալների, ոչ թե առանձին դեպքերի մասին։ Այս պայմաններում ակնհայտ է, որ առողջապահության համակարգում առկա է խորքային քաոս, իսկ նման մասշտաբի բարեփոխումները պետք է իրականացվեին միայն ռիսկերի լիարժեք գնահատումից և պատրաստվածությունից հետո։
Այսօր խնդիրները դեռ տեխնիկական են թվում, սակայն առաջիկա ամիսներին սպասվում են նաև ֆինանսական լուրջ հետևանքներ։ Արդեն նկատվում է, որ բացասական արձագանքներից խուսափելու համար որոշ դեպքերում չհիմնավորված կերպով դուրս են գրվում մեծ քանակի դեղեր, որոնք կուտակվում են հիվանդների տներում, իսկ դեղատներում ձևավորվում է դեֆիցիտ։
Տարակուսելի է նաև Փաշինյանի առաջարկը՝ կամավորական խմբեր ձևավորել և ուղարկել դեղատներ ու բուժհաստատություններ՝ խնդիրները բացահայտելու համար։ Պետությունը, որն ունի պետական կառույցներ և պատասխանատու մարմիններ, չի կարող իր համակարգային բացթողումները փոխանցել կամավորներին։ Առողջապահության կազմակերպումը մասնագիտական ոլորտ է, և այստեղ լուծումները պետք է տրվեն մասնագետների և պատասխանատու կառույցների կողմից, ոչ թե կամավորական փորձարկումների միջոցով։
Եթե կամավորական խմբեր պետք է կազմվեն, ապա գուցե առավել նպատակահարմար է, որ նրանք գնան նախարարություն և խորհուրդ տան՝ նախ պայմանագրեր կնքել բուժհաստատությունների հետ, և միայն դրանից հետո հայտարարել համակարգի լիարժեք գործարկման մասին»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

