«Խաղաղությունը պարզապես թղթի կտոր չէ, տարածքային զիջումները խաղաղություն չեն բերում». Իսրայելի արտգործնախարարի անուղղակի մեսիջը՝ Հայաստանին

Օրերս Truth սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր են ամրապնդել ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, ինչպես նաև` Ադրբեջանին վաճառել ամերիկյան արտադրության պաշտպանական սարքավորումներ, զրահաբաճկոններ, կատերներ և շատ այլ բաներ։

Սրանից հետո ադրբեջանական ռազմագիտական-փորձագիտական շրջանակներում քննարկում էր սկսվել, թե էլ ինչ է հնարավոր, որ ԱՄՆ-ը մատակարարի Ադրբեջանին, և եկել էին այն եզրահանգման, որ ինչ-որ փուլում դրանք կարող են լինել նաև FPV-կվադրոկոպերներ, հակադրոնային համակարգեր և ՌԷՊ միջոցներ: Այսինքն, Ադրբեջանում վստահ են, որ ԱՄՆ-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությունն առաջիկա 3 տարիներին ընդլայնվելու է:

Ի դեպ, նույն ժամանակում տեղեկություններ են շրջանառվում անվտանգության ոլորտում ԱՄՆ-Իսրայել 10-ամյա նոր համաձայնագրի կնքման հնարավորության մասին, քանի որ գործողը նախատեսված է մինչև 2028 թվականը:

Իսկ մինչ այդ Բաքու էր այցելել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, որն այցի համատեքստում հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, թեև նրան ուղեկցել են բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, բայց ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներն ակնարկել են, որ Ադրբեջան-Իսրայել ռազմավարական հարաբերությունների մակարդակի մասին պետք է դատել ռազմատեխնիկական համագործակցությամբ: Եվ հենց այստեղ չի մոռացվել 2025 թվականին Բաքվի զորահանդեսին ցուցադրված իսրայելական ռազմական սպառազինությունը:

Խոսքը, մասնավորապես, հարվածային, տակտիկական, հետախուզական անօդաչու թռչող սարքերի, համակարգերի մասին է, այն է՝«Orbiter-1KM», «Orbiter-2», «Orbiter-3», «Orbiter-4», «Orbiter-5, «Aerostar» և «Hermes-450», «Hero-120» (HIRO) և «Sky Striker», «Harop» և այլն: Նշենք, որ նշված զորահանդեսին առաջին անգամ մասնակցել էին Ադրբեջանի նոր կազմավորված անօդաչու համակարգերի զորքերը: Բացի այս, Ադրբեջան-Իսրայել ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում ադրբեջանական կողմը հարկ է համարում միշտ հիշել Sea Breaker համակարգը:

2025 թվականի տարեվերջին մենք մանրամասն անդրադարձել ենք այս համակարգին և դրա կարևորությանը Բաքվի համար, երբ Բաքու էր այցելել Պաշտպանական հետազոտությունների և մշակումների վարչության պետ, պահեստազորի բրիգադի գեներալ Դանիել Գոլդը:

«Ադրբեջանը տարածաշրջանում միակ պետությունն է, որն ունի ուղիղ հասանելիություն իսրայելական ամենաժամանակակից սպառազինության համակարգերին, այդ թվում՝ 5-րդ սերնդի բարձր ճշգրտության հրթիռներին՝ Sea Breaker և Ice Breaker օդային մոդիֆիկացիային»,- գրել էր «Հաքքինազը», ինչի մասին հիշատակել էինք համապատասխան վերլուծության մեջ:

Ադրբեջանում գտնում են, որ Բաքվի և Իսրայելի փոխգործակցությունն առավել նշանակալի է դարձնում ամերիկյան գործոնը՝ հատկապես հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը իր Bullseye հրթիռի համար որպես հիմք ընտրել է հենց իսրայելական Sea Breaker հրթիռի տեխնոլոգիան:

Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այցի ժամանակ Բաքուն չի մոռացել նրանց օգնության մասին 44-օրյա պատերազմի ժամանակ, և սա մոռացնել չի տալիս նույնիսկ Իսրայել-Թուրքիա լարված հարաբերությունները, չնայած Բաքուն փորձում է նպաստել դրանց կարգավորմանը, ի վերջո, 44-օրյայում Ադրբեջանում հաղթել է առաջին հերթին Թուրքիայի շնորհիվ և դրանից հետո ադրբեջանական բանակի վերականգնման համար դարձյալ նրան է պարտական:

Իսկ Իսրայելի արտաքին գործերի նախարարի Բաքվի այցի հետ կապված մեկ այլ դրվագ ևս ուզում ենք առանձնացնել:

Գիդեոն Սաարը հարցազրույց է տվել ադրբեջանական ԱՊԱ-ին, որտեղ անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտին, հետևյալի մասին է շեշտել, որ Իսրայելը ժամանակին նշանակալի զիջումների է գնացել, այդ թվում՝ տարածքային, հիշատակել Օսլոյի համաձայնագիրը, Պաղեստինի ինքնավարության ստեղծումը:

«Պետք է հասկանալ, որ պաղեստինցիներն այս տարածքների ոչ մի սանտիմետրը չեն նվաճել։ Այդ բոլոր հողերն Իսրայելի կողմից փոխանցվել են երկկողմանի կամ միակողմանի կարգով։ Բայց մեր փորձը ցույց տվեց, որ մենք դրանով չմոտեցանք խաղաղության, ընդհակառակը` մեր անվտանգային իրավիճակը վատթարացավ։ Եվ հենց դրա համար էլ մարդիկ այսօր պաղեստինցիներին նոր զիջումներ տալու գաղափարին շատ ավելի զգուշավոր են մոտենում, քանի որ այն չի տանելու խաղաղության,- շեշտել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը և հավելել,- Խաղաղությունը պարզապես թղթի կտոր չէ: Չի կարելի խաղաղություն կառուցել, երբ քեզ ատում են: Երբ ինչ-որ մեկը բացահայտ ասում է՝ ես ուզում եմ քեզ ոչնչացնել, դուք կոկորդիլոսին չեք փորձի, չէ՞, կերակրել, որը ցանկանում է ձեզ ուտել»:

Այսինքն, իսրայելցի պաշտոնյան պահանջում է, որ Պաղեստինն ապացուցի, որ խաղաղություն է ցանկանում, իսկ դրա համար չպետք է «ֆինանսավորի ահաբեկիչներին», «ուսումնական ծրագրերում և լրատվամիջոցներում պետք է դադարի գործել Իսրայելի դեմ», «դադարեցնի Իսրայելի դեմ անօրինական պատերազմը»: Սա Իսրայելի նախապայմաններն են Պաղեստինին, որքանով են դրանք հիմնավոր, արդարացի կամ ոչ արդարացի, դա չենք քննարկում: Այստեղից պետք է վերցնել այն պարզ ճշմարտությունը, որի մասին խոսում է Իսրայելի նման պետության պաշտոնյան՝ տարածքային զիջումները միշտ չէ, որ խաղաղության են հանգեցնում, որովհետև խաղաղությունը դա թղթի կտոր չէ:

Արդյո՞ք կարող ենք ասել, որ համակարգային մակարդակում Բաքուն դադարել է ատելություն սերմանել Հայաստանի և հայի նկատմամբ, որ հրաժարվել է հային ոչնչացնելու ծրագրից, և արդյո՞ք պատերազմ չի սկսի, եթե Հայաստանը սեփական շահերից ելնելով հրաժարվի կատարել Բաքվի պահանջը: Կարծում ենք՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է:

Ժամանակին շատ էինք լսում, որ ՀՀ զինված ուժերի զարգացման հարցում պետք է ընդօրինակել իսրայելական փորձը, հետո այս խոսակցությունները պասիվացան, գուցե առաջիկայում դեռ ակտիվանան, երբ ԱԺ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքական ուժերը ներկայացնեն անվտանգային իրենց ծրագիրը, գուցե ինչ-որ մեկը որոշի օգտվել հրեական փորձից կամ խորհուրդներից:

Իսկ մինչ այդ լավ կլինի լրջորեն վերաբերվել Իսրայելի արտաքին գործերի նախարարի արտաբերած պարզ ճշմարտությանը:

Տեսանյութեր

Լրահոս