«Իմ քայլը» հիմնադրամի երևացող ու չերևացող նվիրատուների ցանկը․ գործադուլավորներ ունեցող կոմբինատից՝ մինչև գործարարներ ու երկրի թիվ մեկ հարկատու
2025 թվականը բարեբեր է եղել «Իմ քայլը» հիմնադրամի համար. համենայն դեպս, այս մասին է վկայում հիմնադրամի կայէջում տեղադրված նվիրատուների ցանկը:
Այս հիմնադրամի դեպքում, իհարկե, անանուն նվիրատուների պարագան օրինաչափություն է, և այս տարի ևս նրանք իրենց կայուն տեղն ունեն ցանկում։
Այսպես, «Իմ քայլ»-ին նվիրատվություն է արել «Արսենալ լտդ» ՍՊԸ-ն, նվիրատվության չափը կազմել է 20 միլիոն դրամ: Այս ընկերությունը կառավարությունից ստացել է արտոնություններ, օրինակ, վերջին՝ 2025 թվականի փետրվարին ստացած՝ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20 մլն դրամ։
Այս ընկերությունը զբաղվում է զենքի ու զինամթերքի արտադրությամբ և ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ այն գրանցվել է 2017 թվականից։ Ընկերության համասեփականատերերն են Ստանիսլավ Բեկովը, Կարինա Ղազարյանը։ «Արսենալ լտդ»-ն նաև «Իմ քայլ»-ի 2023-2024 թվականների նվիրատուների ցանկում է
Հաջորդ նվիրատուն Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն է՝ 10 միլիոն դրամով. ի դեպ, այս ընկերությունը դարձյալ 2023-2024 թվականների նվիրատուների ցանկում է եղել։
Նվիրատուներից է նաև «Ջեյ Էֆ Թի» ՍՊԸ-ն. ընկերության նվիրատվության չափը կազմել է 10.000.000 դրամ։ Նկատենք, այս ընկերությունը Թուֆենկյանների իրավահաջորդն է։
Նշվում է նաև «Մարկո» ՍՊԸ-ի 2 միլիոն դրամ փոխանցման մասին․ այս ընկերությանը չկարողացանք իդենտիֆիկացնել Իրավաբանական անձանց ռեգիստրի որոնողական համակարգում. այդ անունով մեկ ՍՊԸ էր նշվում, որի գործունեությունը դադարեցված է. ընկերության փաստաթղթերը չեն համապատասխանեցվել ՔՕ դրույթներին:
Խաչատուր Սուքիասյանին, նրա ընտանիքին պատկանող Սուքիասյան հիմնադրամը ևս 10 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլ»-ին։
Նույն չափով նվիրատվություն է արել գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Mobile centre հեռախոսների վաճառքով զբաղվող ընկերությունը՝ 2025 թվականի ամենախոշոր հարկատուն։ Բջջային հեռախոսների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ»-ը վճարել է ավելի քան 77.8 մլրդ դրամ։
Էջմիածնի սարքաշինական գործարանը հիմնադրամին փոխանցել է 250.000 դրամ։ Այս իշխանությունների հետ բավականին ջերմ հարաբերություններ ունեցող շվեյցարահայ Վարդան Սիրմաքեսի (Ս(ե)րմաքեշ)՝ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն փոխանցել է 1 միլիոն դրամ։
2023 թվականին հիմնադրված «Սիգնիֆիքնթ» ՍՊԸ-ն փոխանցել է 2 միլիոն դրամ․ ընկերությունը պատկանում է Արկադիկ Գրիգորյանին։
«Ալիաս 64» ՍՊԸ-ն 10 միլիոն դրամ է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին, նկատենք, այս անունով ևս գրանցված կազմակերպություն չգտնվեց e-register որոնողական համակարգում, բայց կար «Ալիանս 64» անունով ընկերություն, որը հիմնադրվել է 2019 թվականին և պատկանում է Վահան Սնխչյանին։
Ի դեպ, այս ընկերության անունը ևս եղել է 2023-2024 թվականների նվիրատուների ցանկում՝ դարձյալ նույն նվիրատվության չափով։
Հաջորդ խոշոր նվիրատուն՝ 10 միլիոն դրամով, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն է, որի աշխատակիցները տարեսկզբից գործադուլ էին անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։
Նկատենք՝ այս ՓԲԸ-ն նաև 2023-2024 թվականների ցուցակում է նշվել որպես նվիրատու՝ 10 միլիոն դրամ հատկացմամբ:
Այս ցանկում է նաև 8 անանուն նվիրատվություն, որոնցից 4-ը՝ 20 միլիոնական դրամի չափով, իսկ մյուս 4-ը՝ 10 միլիոնական են փոխանցել հիմնադրամին։
2018 թվականի «թավշյա» իրադարձություններից հետո՝ իշխանամուտին, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ազդարարեց «Իմ քայլը» հիմնադրամի ստեղծման մասին:
Այսօր հիմնադրամի գործադիր տնօրենն Աննա Հակոբյանն է, հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Լենա Նազարյանը, անդամները՝ ՔՊ-ական Վահագն Թևոսյանը, Վահան Վարդապետյանը, Հակոբ Սիմիդյանի քույրը՝ Արաքսյան, որի ԱՄՆ տան հասցեի վրա էր գրանցված «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը, ինչպես նաև՝ ՔՊ-ականների հետ սերտացած դաշնակահար Վահագն Հայրապետյանը։
Հիմնադրամի տասնյակ աշխատակիցների թվում է նաև Աննա Հակոբյանի օգնական, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքյանը:
