ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ՝ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԹՈՇԱԿԸ ԿԴԱՐՁՆԵՄ 150.000 ԴՐԱՄ. ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՇԱԲԱ՞Շ ԵՔ ՏԱԼԻՍ. ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Նիկոլ Փաշինյանի հույսը բացառապես վարչական ռեսուրսն է, մի շարք ՔՊ-ապաշտներն ու ընտրակեղծիքները, որովհետև իրենք էլ են անում ռեյտինգային չափումներ, ու պատկերը լավ գիտեն։ Նիկոլ Փաշինյանը, պարգևավճարը վճարելով, ապա ատկատի տեսքով ՔՊ-ի պատգամավորության թեկնածուի համար ցուցակում հայտնվելու 1.5 միլիոն մուտքավճար սահմանելով՝ պետական բյուջեն բառացիորեն ծառայեցնում է նախընտրական կուսակցական տրամաբանությանը։ Իրենք բացահայտ կերպով սկսել են պետական բյուջեից փողը հանել ու բաշխել․ սա ակնհայտ կոռուպցիա է։
- Մհեր Գրիգորյանն այն գլխավոր հանձնակատարն է, ով բանակցություններ է վարում ադրբեջանցիների հետ, և Նիկոլ Փաշինյանի մեղսակիցն է տարածքների հանձնման գործում։ Բնականաբար, ինքը Փաշինյանի կողմից պետք է ստանա միլիոնավոր դրամների պարգևավճար։ Նիկոլ Փաշինյանը գիտի՝ իրեն ձայն են տալու այն մարդիկ, ում ինքը պարգևավճար է տալու։ Այնինչ պարգևավճարները ոչ թե պետք է լինեն բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների համար, այլ միջին ու ստորին սեկտորի, որոնք իրական աշխատանքն անում են։
- Եթե ամբողջությամբ իրենց ոլորտը ձախողած նախարարները ստանում են 7-9 միլիոն դրամ պարգևավճար, 5 տարվա մեջ ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ աչքի չընկած պատգամավորը՝ 3 միլիոն դրամ պարգևավճար, սա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։
- Պետական ֆինանսները կառավարությունը ՔՊ-ականների պատկերացմամբ հարսանիքին տրվող շաբաշն է։ Եվ երբ Փաշինյանն ասում է՝ մեր թոշակառուներին 10 000 դրամ ավել տանք, որ ի՞նչ անեն, դա նրա ծանծաղամտության արդյունքն է։
- Նախ, նշենք՝ Փաշինյանը և ՔՊ-ն ստում են, երբ ասում են, թե թոշակը մինչև 2018-ը 16 000 դրամ է եղել: Դա բազային, թղթի վրա նշված թոշակն էր, բայց 2018-ից առաջ 16.000 դրամ թոշակ ստացող չկար: 32-34.000 դրամի սահմաններում է եղել, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մի անգամ է թոշակ բարձրացրել, այն էլ՝ միջինում 2000 դրամի շրջանակներում։

Նիկոլ Փաշինյանի կառավարման ողջ ժամանակի գնաճը 30% է: Խոսքն այն գնաճի մասին է, որն ընդգրկում է մոտավորապես 450 անվանում ապրանք: Իսկ ամենօրյա սպառման ենթակա ապրանքները՝ ինչպիսին է բրինձը, հնդկաձավարը, մակարոնեղենը, ձեթը և այլն, 50-70% գնաճ են ունեցել, շատ դեպքերում շատ ապրանքներ կրկնակի գնաճի են ենթարկվել: Պայմանականորեն ընդունենք միջին կենսաթոշակի չափը 40.000 դրամ ու մի էլեմենտար վարժություն անենք: 40.000 դրամ ստացող թոշակառուի առաջին սպառման ապրանքը դեղորայքն է ու առաջին անհրաժեշտության սնունդը: Ընդ որում, ամսվա սկզբին գնապիտակները փոխում են, ապրանքի գինը բարձրանում է, վերջում նվազում է: Վիճակագրական կոմիտեն հայտարարում է միջին գնաճ, բայց իրականում պայմանական 200 դրամանոց մակարոնը թոշակառուն ամսվա սկզբին ձեռք է բերել 250 դրամով: Կոմունալ ծախսերը նույնպես իրենց կառավարման ժամանակահատվածում գնաճի են ենթարկվել: Ջրի, հոսանքի ու գազի գինը Փաշինյանն ու ՔՊ-ն են բարձրացրել, գույքահարկն ու աղբահանության վճարը՝ նույնպես: Պայմանական ընդունենք՝ գնաճի հանրագումարը 40% է, բայց այդքան չէ, շատ է: 40% -ի պարագայում դուրս է գալիս 40.000 դրամի գնողունակությունը՝ 16 000 դրամ: Այսինքն՝ կենսաթոշակը նվազագույնը պետք է դառնար 56.000 դրամ, որպեսզի գնաճի փոխհատուցում կատարվեր, թոշակի ինդեքսավորում: 40.000 դրամ թոշակի ինդեքսավորումը Փաշինյանի բարձրացումով կազմել է 42.000 դրամ: Այսինքն՝ թոշակառուին Նիկոլ Փաշինյանը 14.000 դրամով աղքատացրել է, նվազեցրել է, ոչ թե բարձրացրել:
- Թոշակառուն կորցրել է, ոչ թե շահել։ Եթե պատկերացնենք, որ յուրաքանչյուր թոշակառու հնարավորություն ունի իր բոլոր վճարումներն անկանխիկ կատարել, կոմունալները հանած՝ իրենց հայտարարած հետվճարը թոշակառուի համար լինելու է 3333 դրամ։ 3333 դրամը թոշակառուի վրա վաճառում են 10.000 դրամի տեղ։
- Նիկոլ Փաշինյան, հայտարարում եմ, ես կարող եմ մեկ տարվա ընթացքում թոշակները դարձնել 150.000 դրամ։ Կարող եմ պրեզենտացիայով 2 դրվագով ներկայացնել։
- Սահմանափակ ուղեղներն ունակ չեն քննարկել մեծ գաղափարներ ու հատկապես՝ ընկալել դրանք։ Նիկոլ Փաշինյանը չի կարող ընկալել մեծ գաղափարներ, կամ և՛… և՛ գաղափարներ։ Դիտարկենք նույն առողջապահական ապահովագրության համակարգը։ Տարիներ առաջ ներկայացրեցին, քննադատեցինք, հետ կանչեցին այդ նախագիծը, ասացինք՝ եկեք ռիսկերը գնահատենք, կառավարելի դարձնենք, բայց 8 տարվա մեջ ի՞նչ արեցին, ոչի՛նչ։ Հիմա բերել են վատ օրենքի նախագիծ, որն ավելի շատ առողջության հարկ է, քան առողջության ապահովագրություն։ Չի կարելի դեմ լինել առողջապահական ապահովագրությանը, բայց երբ գեղեցիկ փաթեթավորումը բացում ես ու տեսնում ես՝ ներսն ինչ փտած է, հասկանում ես՝ սրա համար մարդն իր առողջությամբ է վճարելու։ Սա նախընտրական կաշառք է։ Աստված մի արասցե, եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապահովագրական հիմնադրամի ֆինանսական ծածկույթը նվազեցնելու են, ու մի օր կարող են հայտարարել՝ սնանկ ենք, հերթագրվեք… Ինչպես հիմա անում են պետպատվերի հարցում։ Մարդն անհետաձգելի բուժօգնության կարիք ունի, ասում են՝ սպասեք…
- Ես ո՛չ ներկան եմ, ո՛չ նախկինը, ես եմ գալու, ու դուք բոլորդ, Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան և մյուսներ, պատասխանատվության եք ենթարկվելու։
- Պատգամավորը 1 միլիոն 200 000 դրամ աշխատավարձ է ստանում, որոշ ուսուցիչներ՝ ամենաբարձրը՝ 600 000։ Մեկ դրույքի համար ուսուցչի աշխատավարձը 120 000 դրամ է։ Եթե ուսուցչի աշխատավարձը, ինչպես իրենք են հայտարարում, պատգամավորի աշխատավարձի չափ է, ինչո՞ւ է Մանկավարժական համալսարանում դիմորդների քանակն այդքան քիչ։ Մենք չպետք է մեկնաբանենք ալենսիմոնյանանմաններին։ Նրանք միշտ խաբում են, որ իրենց կազմած հայկական պետության լուծարման ծրագիրը հասցնեն ավարտին։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը 2025թ. նոյեմբերին հայտարարում էր, թե 2 ուսուցիչ է, որ 700 հազար դրամ վարձատրություն է ստանում:
- ՔՊ-ն չի կարողանում իր վարկանիշը բարձրացնել․ բանակը դարձրեցին 1.5 տարի, համատարած ասֆալտապատում են անում, կեղծ դպրոցաշինություն են անում… Օգոստոսի 8–ին ԱՄՆ-ում TRIPP-ի փաստաթուղթ են ստորագրել, բայց վարկանիշի զրո բարձրացում են ունեցել։ Պետական բյուջեի հաշվին համատարած ընտրակաշառքը նույնիսկ իրենց վարկանիշը չի բարձրացնում։ Ընդտրություններում հույսը կդնեն ընտրակեղծիքների վրա, բայց եթե անգամ ինչ-որ հրաշքով վերարտադրվեն, իրենց իշխանությունը կունենա առավելագույնը 1-2 տարվա կյանք։ Հայ ժողովուրդը թույլ չի տալու երկիրը կորցնել։ Որովհետև հենց սկսեց Սահմանադրության փոփոխություն, Ոսկեպարի, Տիգրանաշենի հանձնում ու 300.000 ադրբեջանցիների վերադարձ կազմակերպել, ժողովուրդը կպայթի։ Նիկոլ Փաշինյանն իր մտածածն իրականացնելու ժամանակ չի ունենալու։

- Փաշինյանը ստել է 2018-ին. բանկերի տոկոսադրույքները նա չի կարող իջեցնել, քանի որ, երբ պետական պարտքն ավելացնում ես, տոկոսադրույքները բարձրանում են։ Բիզնեսը Փաշինյանին չի ընտրելու, որովհետև նա պարբերաբար բիզնեսի համար ստեղծում է անտանելի պայմաններ։ Խոշոր ու միջին բիզնեսին ձերբակալում, կալանավորում, ունեզրկում է, փոքրին էլ՝ շարունակ հարկերը բարձրացնում՝ խոչընդոտելով, որ նրանք աշխատեն։ Ամբողջական դաշտն այնպես է փչացրել, որ Հայաստանում բիզնեսն իր վերջին խռխռոցն է արձակում, ու տեղի է ունենում կապիտալի արտահոսք։
Հիշեցնենք. մինչև 2018-ի գունավոր հեղափոխությունը, դեռևս ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Նիկոլ Փաշինյանն ամեն պատեհ առիթի ասում էր՝ պետք է ժողովրդին ազատել վարկերի տույժերից, ներել ժամկետանց վարկերը, նվազեցնել բանկերի վարկերի տոկոսները։ Օրինակ, 2018-ի ապրիլի 15-ին նույն Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում էր, թե քաղաքացիները բանկերի ձեռքին գերության մեջ են․ «Էսօր ՀՀ-ի տասնյակ, եթե ոչ՝ հարյուր-հազարավոր քաղաքացիներ բառիս բուն իմաստով ճկռում են բանկային ժամկետանց տոկոսների տակ, ու, կարծում ենք, որ միանշանակ ու աներկբա՝ առանց բացատրության»։
Բայց Փաշինյանը, գալով իշխանության, մոռացավ բոլոր իր ասածները, ընտելացավ հարկատուների հաշվին ճոխ կյանքով ապրելուն: Հիմա վարկերի բարձր տոկոսները, տույժ-տուգանքները, բարձր գնաճը, Փաշինյանին այլևս չեն հուզում:
- Փաշինյանի՝ կառավարության նիստում արած՝ «Ձև գտեք, փակեք այդ խանութը» արտահայտությունը, վարչապետի լիազորությունների հստակ վերազանցում է։ Իրենց համար նորից սկսել են բուծել արտոնյալ բիզնեսմեններ, մյուսներին էլ այդպես փակում են։
- Ինչո՞ւ է իր պարտականությունները թողած՝ Արտաքին հետախուզական ծառայությունը զբաղվում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավով։ Սա խոսում է ուժային կառույցների համակարգային չգոյության մասին։
- 2020թ.-ից այս կողմ անընդհատ պայմանավորվում են Խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ։ Ո՞ւր է այդ պայմանագիրը, ինչո՞ւ ստորագրված չէ։ Ադրբեջանը խոսում է Երևան գալու, Հայ Առաքելական եկեղեցին վերացնելու մասին, ու դա խաղաղությո՞ւն է։ Ալիևը Հայաստանը համարում է Արևմտյան Ադրբեջան, ադրբեջանական զորքը գտնվում է Հայաստանի տարածքում…. Դա՞ է իրենց պատկերացրած խաղաղությունը: Ուժային կառույցը սուտ ու կեղծիք է տարածում։ Ըստ այս իշխանությունների՝ Հայաստանի անվտանգությանն անմիջական ու ուղիղ սպառնալիք հանդիսացող Ադրբեջանը սպառնալիք չէ, ընդդիմությո՞ւնն է սպառնալիք մեր պետության համար։
- Որքան ընտրությունները մոտենան, այնքան իշխանության համար դժվար է լինելու ընդդիմադիրներին ձերբակալելը։

- Մեր քաղաքական նախաձեռնությունը նախընտրում է ընտրություններին մասնակցել դաշինքային ձևաչափով։ Ակնհայտ է, որ որևէ քաղաքական ուժ միայնակ մեծամասնություն չի կազմելու։ Պետք է լայն համախմբում, զսպվածություն իրական ընդդիմադիրների միջև։ Մենք պետք է հիշենք, որ հունիսին կայանալիք ընտրություններով մենք վարչապետ չենք ընտրում, այլ ձևավորում ենք Խորհրդարան։ Ժողովրդի հետ պետք է խոսել ոչ թե քարոզարշավի, այլ ազգային-ազատագրական պայքարի տրամաբանությամբ։ Գերնպատակը պետք է լինի՝ Հայաստանի Հանրապետությունն ազատագրել աղետաբեր ՔՊ-ից։ Ինձ համար լուրջ չէ այն քաղաքական ուժը, ով ուզում է մասնակցել ընտրություններին պատգամավորական մի քանի մանդատ ստանալու համար։ Տղե՛րք, եկեք մտնենք Խորհրդարան, բոլորով իշխանազրկենք սրանց, հետո նորից գնանք ընտրությունների։ Ձայների փոշիացում չպետք է թույլատրվի։
- Անտարբերների մի հատվածին առհասարակ չի հետաքրքրում Հայաստանն ու նրա ինքնիշխանությունը։ Անտարբերների մյուս հատվածի համար մենք էլ ենք մեղավոր։ Այդ մարդիկ առավոտից երեկո մտածում են իրենց ընտանիքների մինիմալ կարիքները հոգալու մասին։ Նրանք չեն կարող հետևել քաղաքական գործընթացներին։ Մենք պետք է նրանց դուռը գնանք, որ լսեն, իմանան՝ ինչ է իրականում կատարվում Հայաստանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
