
«Ի՞նչ է նշանակում՝ «բեռնաթափում ենք Ակադեմիան», հաշվի՞ են առել Ակադեմիայի կարծիքը… Այս ո՞ր թիվն է, ո՞ր երկիրն է…». Ատոմ Մխիթարյան

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի նվազեցումը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Չորրորդ Հանրապետության» տրամաբանության մեջ։
«Նիկոլ Փաշինյանի ասած «Չորրորդ Հանրապետությանը» պետք չէ ո՛չ գիտություն, ո՛չ էլ որակյալ կրթություն։ Այսինքն՝ այս ամենը տեղավորվում է օրվա Կառավարության վարած քաղաքականության գծի մեջ։ Սա արդեն վերջնակետն է՝ վերջ դնել նաև ԳԱԱ գոյությանը, որը ստեղծվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ 1943 թվականին։
ԳԱԱ-ի ստեղծումը շատ մեծ նշանակություն ունեցավ Հայաստանի զարգացման համար, և այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսին Օրբելին էր, հետո՝ Վիկտոր Համբարձումյանը, գլխավորեցին Ակադեմիան։ Խորհրդային Միության տարիներին այս կառույցն այնքան էր կարևորվում, որ ԳԱԱ նախագահն ավելի բարձր աշխատավարձ էր ստանում, քան Կենտկոմի առաջին քարտուղարը։ Տեսեք, թե ինչպիսի վերաբերմունք կար այն ժամանակ գիտության նկատմամբ, և տեսեք այսօրվա վերաբերմունքը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ 2011 թվականին ընդունվել է «Գիտությունների Ազգային ակադեմիայի մասին» օրենք, և Ակադեմիան ստացել է օրենքով ստեղծված կազմակերպության կարգավիճակ, ինչն ամենաբարձր կարգավիճակն է, և Կառավարության խորհրդատուն է՝ իր 30-ից ավելի գիտական ինստիտուտներով։
«Հիմա օրվա իշխանությունն իր ընդունած օրենքով մեկ հարվածով բոլոր ինստիտուտները ԳԱԱ կազմից ուղղակի դուրս է բերում՝ հաշվի չառնելով այդ ինստիտուտների կոլեկտիվների, ղեկավար մարմինների կամքն ու ցանկությունը, իսկ նրանք բոլորը դեմ են եղել։ Գիտական ինստիտուտները դուրս են բերում Ակադեմիայի կազմից և տալիս ԿԳՄՍ նախարարությանը, այս ամենից հետո ենթադրվում է, որ այս գիտական կառույցները կա՛մ կմիավորվեն, կա՛մ ուղղակի կտանեն տարբեր համալսարանների կազմում կտեղավորեն, կանեն կրճատումներ, իսկ Ակադեմիայում կմնան միայն նախագահությունը և մի քանի տասնյակ ակադեմիկոսներ, որոնց վերաբերյալ 2 տարին մեկ հաստատված ընտրություններն արդեն 6 տարի չի եղել. ակադեմիկոսների թիվը 2 անգամ նվազել է՝ իշխանափոխությունից հետո, բնական է՝ ընտրություն չի եղել, նոր ակադեմիկոսներ չեն ընտրվել, իսկ մեծահասակ ակադեմիկոսների մի մասն արդեն կյանքից հեռացել է»,- հավելեց Ատոմ Մխիթարյանը։
Նրա բնորշմամբ՝ օրվա իշխանությունը ոչնչացնում է այն ամենը, ինչ ունեցել է Հայաստանը, հատկապես՝ կրթության և գիտության ոլորտում։
Շարունակելով՝ փորձագետը նաև շեշտեց՝ ըստ նոր օրենքի, Ակադեմիան դառնալու է հիմնադրամ և 6 ամսվա ընթացքում կառույցի կանոնադրությունը պետք է հաստատվի Կառավարության կողմից։ Հաշվի առնելով Կառավարության քաղաքականությունը, նա վստահ է՝ հաստատելու է այնպիսի կանոնադրություն, որն իրենց է ձեռնտու, քանի որ այլ կերպ ազդելու որևէ լծակ չեն ունենալու։
«Զարմանում եմ, որ շատ հարգաժան ակադեմիկոսներ պարզապես անձայն նստել են, բողոքի որևէ ձայն օրենքի ընդունումից հետո չեմ լսել, կարծես թե հաշտվել են այն մտքի հետ, որ Հայաստանն այլևս Ակադեմիա չպետք է ունենա։ Սա անթույլատրելի է, քանի որ մտավորականության զգալի մասը, ՀՀ գիտնականների կեսից ավելին գտնվում են Ակադեմիայի համակարգում։
Իհարկե, որոշակի ձայներ լսվում են, բայց սա բնավ բավարար չէ, որպեսզի հասկանանք, որ խնդիրը մտավորականությունը գոնե բարձրաձայնում է։ Իսկ այս ամենից օգտվում է միայն իշխանությունը, ի՞նչ է նշանակում՝ «բեռնաթափում ենք Ակադեմիան», արդյո՞ք հաշվի են առել Ակադեմիայի կարծիքը։ Այս ո՞ր թիվն է, ո՞ր երկիրն է, Հայաստանի նման զարգացած արդյունաբերություն ունեցող երկրում 30 տարի առաջ պարզապես նման բան չէինք կարող լսել»,- նշեց Ատոմ Մխիթարյանը։
Նրա կարծիքով՝ ակադեմիկոսների, ԳԱԱ նախագահության կողմից դժվար թե որևէ բողոք լինի, քանի որ, եթե բողոքեին, մինչ այս պետք է անեին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագիծը։
Նախագիծը խորհրդարան է ներկայացրել Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ըստ այդ նախագծի՝ ԳԱԱ-ի կազմից դուրս են բերվելու բոլոր գիտական ինստիտուտները, իսկ Ակադեմիան դառնալու է պարզապես խորհրդատվական մարմին՝ հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող կառույց։