Ատեստավորումը թող սկսեն պաշտոնյաններից. պարգևավճարը ընտրութունների նախաշեմին կաշառք է. Գիտության ֆինանսավորումը չի ավելացել. Ատոմ Մխիթարյան
Օրերս Աժ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ մասսայական սպորտի, կրթության ոլորտների ֆինանսավորումը մի քանի անգամ վերջին տարիներին ավելացրել են։
«2017 թվականին մասսայական սպորտի համար տարեկան հատկացվել է 207 մլրդ դրամ, այս տարի հատկացվել է 5,5 մլրդ դրամ։ Բարձր նվաճումների սպորտի գծով նույնպես էական աճ ունենք։ Հետևաբար՝ սպորտին աջակցությունն ավելին երբեք չի եղել պետության կողմից։ Սրա անբաժանելի մասն է նաև ձմեռային մարզաձևերը, 10 տարի ընդմիջումից հետո Ջերմուկում կայացել է համահայկական ձմեռային խաղերը։ Ձմեռային բոլոր մարզաձևերի ֆեդերացիաները ստացել են համապատասխան ֆինանսավորումը, դահուկային սպորտին հավելյալ ֆինանսավորում է տրվել՝ մասնավորի հետ համագործակցությամբ։ Դահուկային սպորտի ֆինանսավորումն այս տարի աճել է շուրջ 18 տոկոսով»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը, խոսելով ԿԳՄՍ նախարարի այս հայտարարության մասին և պատախանեով հարցին, թե ֆինասնական այդ ներդրումներն ի՞նչ արդյունք են տվել կրթության ոլորտում, նկատեց՝ կրթության ոլորտի ֆինանսավորումը վերաբերվում է միայն այն հատվածին, որը կոնկրետ առնչվում է ատեստավորումների հետ։ Ըստ էության բյուջեն, որն ըստ նախարարի ավելացել է՝ գնացել է այդ ատեստավորմանը։
«Այդ ամենը մինչև այս պահը որևէ արդյունք չի տվել, դա բոլորին ակնհայտ է։ Ատեստավորման գործընթացը սկսելուց 4 տարի է անցել և ԿԳՄՍ պաշտոնական տվյալներով ուսուցիչների 30-31 տոկոսն է այս գործընթացով անցել։ Սա նշանակում է, որ ևս 10 տարի մենք պետք է սպասենք, որպեսզի բոլոր ուսուցիչներն այդ գործընթացով անցնեն, բայց այդ ընթացքում մի ամբողջ սերունդ է փոխվում։
Ավելին՝ այդ գործընթացը ոչ մի արդյունք չի տվել, քանի որ որևէ առնչություն չունի՝ ուսուցչի հետ։ Սա ուսուցչի գիտելիքներն ու կարողությունները շատ սուբյեկտիվորեն է գնահատում։ Սա է պատճառը, որ ուսուցիչների մեծ մասն իրեն զերծ է պահում այս անենից ու չի էլ մտնելու գործընթացի մեջ»,-168.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը։
Փորձագետը հավելեց՝ 2026 թվականի բյուջեով, մասնավորապես գիտության ոլորտի ֆինասնավորումը 2025 թվականի հետ համեմատած՝ նվազել է 14 տոկոսով։ Նույնիսկ այն ֆինանսավորումը, որն ավելացել էր կրթության և գիտության ոլորտներում, ամբողջությամբ չի ծախսվել վերջին 7-8 տարիների ընթացքում։ Այսինքն՝ 2024 թվականին նախատեսվել է օրինակ 38 մլրդ դրամ, որի մի մասն է ծախսվել, որովհետև գիտության ոլորտում այդքան մարդ չկա, գիտնականների թիվը էական նվազել է։
«Նախորդ շաբաթ հրապարակվեց աշակերտների առաջադիմության թվերը և գիտելիքների մասով Հայաստանը հետընթաց է գրանցել 4-5 կետրով՝ ամբողջ աշխարհում»,-շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերվում է պետական համակարգում աստղաբաշխական թվերի հասնող պարգևավճարներին և Ֆինանսների նախարարի այն հայտարարությանը, թե «պաշտոնյաները ծանր ու սթերսային աշխատանք են կատարում, չպետք է ամեն օր մտածեն իրենց սոցիալական հարցերի մասին, այլ պետք է կենտրոնանան իրենց աշխատանքի վրա», Ատոմ Մխիթարյանն ասաց՝ անձամբ զբաղվում է գիտությամբ, իրականացնում է վարչական աշխատանք, համալսարանում դեկան է, դրան զուգահեռ հրավիրում են տարբեր համալսարաններ՝ դասախոսություններով հանդես գալու համար, դրա համար վճարում են, սակայն միևնույն է՝ մտածում է, որպեսզի ընտանիքի համար ապահովի նվազագույն պայմաններ։
«Իմ սոցիալական վիճակը միջինից ավելի լավն է, որովհետև Հայաստանում նույնիսկ լավագույն գիտնականների աշխատավարձը 400 հազար դրամը չի ացնում, նման անձանց թիվը կարող ենք մատերի վրա հաշվել։
Ինչ վերաբերվում է պարգևավճարներին, ապա մեր պարագայում դրա մասին կարելի է միայն երազել, նույնիսկ այդ վայրը որտեղ ես եմ աշխատում, 2 տարի է՝ պետական ֆինանսավորում չունի։
Իսկ այն անձինք, ովքեր աշխատում են պետական համակարգում ու զբաղեցնում են քաղաքական պաշտոններ, նրանք պարգևավճարներ ստանում են և դրանք ուղղակի անհամեմատելի են այն աշխատավարձերի հետ, որոնք ստանում են գիտնականներն ու կրթության ոլորտի աշխատողները։ Ընդ որում, գիտնականներն ու ուսուցիչներն ատեստավորում են անցնում, որպեսզի աշխատավարձը բարձրացնեն, իսկ քաղաքական պաշտոն զբաղեցնողներին ատեստավորումը շրջանցում է։
Առաջարկում եմ ատեստավորումը հենց քաղաքական պաշտոնյաներ զբաղեցնողներից սկսեն»,- նշեց Ատոմ Մխիթարյանը։
Նա վստահ է՝ պարգևավճարները տվել են՝ որպես կաշառք, որպեսզի բոլոր պաշտոն զբաղեցնողներն իրենց «նորմալ դրսևորեն» առաջիկա ընտրությունների ժամանակ։
«Այսօր խոսակցության կար, որ նման մի պարգևավճար էլ տարվա կեսին կստանան, այսինքն՝ սրանով ասում են՝ եթե ձեզ լավ չպահեք՝ կամ պաշտոն կկորցնենք, կամ պարգևավճարից կզրկվեք։ Իսկ լավ պահել՝ նշանակում է լավ աշխատել առաջիկա ընտրություններին, իսկ սրա որոշողը ընդամենը մեկ հոգի է»,- ընդգծեց Ատոմ Մխիթարյանը։
