«Թրամփի ուղին» և Իրանի մտահոգությունները

Հայաստանից հեռացող Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին նախօրեին հրաժեշտի ասուլիս ունեցավ՝ ընդհանուր առմամբ իր առաքելությունը Երևանում գնահատելով հաջող։

Ըստ նրա, այդ առաքելության ընթացքում հաջողվել է էականորեն խորացնել երկկողմ համագործակցությունը շատ ոլորտներում, թեև դեսպանը նաև խոստովանեց, որ հայ-իրանական հարաբերություններում առկա ներուժը դեռ լիովին իրացված չէ։

Մեհդի Սոբհանին ընդգծեց, որ Իրանն ամուր կանգնելու է իր սկզբունքային դիրքորոշումներին, աջակցելով ՀՀ ազգային ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանների անխախտելիությանը։ Խոսելով «Թրամփի ուղու» և ընդհանուր առմամբ վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին, դեսպան Սոբհանին շեշտեց՝ Թեհրանի համար դեռ կան անհասկանալի պահեր ճանապարհի հարցում, ապա պարզաբանեց, որ այդ պահերը վերաբերում են օպերատորի գործողություններին կամ նրան, թե ինչ լիազորություններ է ունենալու ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերությունը:

«Անհասկանալի են ճանապարհի օպերատորի կողմից իրագործվող գործողությունները, մանրամասները հստակ չեն, խոսքն այն քննարկումներ մասին է, որի արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը միևնույն ժամանակ ներգրավելու է ներդրումներ, այս մասին որևէ մանրամասն հստակ չէ»,- նշել է Սոբհանին: Սակայն նա նաև ասել է, թե շատ հարցեր երկկողմ զրույցների ընթացքում հստակեցվել են։

Կարդացեք նաև

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման պայմանավորվածությունների մասին, Մեհդի Սոբհանին հիշեցրեց այն 5 սկզբունքները, որոնք ամրագրվել են համատեղ հայտարարության մեջ: Դեսպանը մանրամասնեց՝ այդ սկզբունքներն են ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, սահմանների անխախտելիությունը և փոխադարձությունը»:

Ճանապարհների ապաշրջափակման հարցում Սոբհանին շեշտեց փոխադարձության սկզբունքը, մանրամասնելով, որ եթե, օրինակ, Նախիջևանը Հայաստանի տարածքով կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Հայաստանը Երասխի և Ջուլֆայի միջով պետք է կարողանա կապ հաստատել Իրանի հետ:

«Եթե Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի տարածքով կարողանան հասնել Ադրբեջան, այդ նույն իրողությունը պետք է նաև Հայաստանի քաղաքացիների համար լինի, որ Հայաստանի քաղաքացին կարողանա Նախիջևանի միջոցով նաև Իրան գնա: Բնականաբար, եթե բոլոր երկրները կարողանան օգտվել այդ տրանսպորտային հնարավորություններից, դա կբխի բոլորի շահերից: Եթե դա բխի բոլորի շահերից, ոչ ոք դրան դեմ չի լինի»,- նշել է նա:

Անդրադառնալով հնարավոր ռիսկերին, իրանցի դիվանագետն ընդգծեց՝ «ռիսկը կլինի այն դեպքում, որ այդ նախագծի մի մասն իրագործվի, իսկ մյուս մասը՝ ոչ»: Հեռացող դիվանագետն իր խոսքն ավարտեց 14-րդ դարի իրանցի բանաստեղծ Հաֆեզ Շիրազիի խոսքերով.

«Ով զեփյուռ, եթե անցնես Արաքս գետի ափով, համբուրիր նրա հողը և թարմացրու քո շունչը»:

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին 168am-ի հետ զրույցում ասաց, որ Իրանի դեսպանի մոտեցումները չեն նշանակում Իրանի կարմիր գծերի մեղմում կամ դրանցից հրաժարում։

Ըստ նրա, դիվանագիտական բառապաշարն ունի իր առանձնահատկությունները և սահմանափակումները, որոնք երբեմն լիովին ընկալելի չեն։

Վերլուծաբանի խոսքով, բավարար է այն, որ իրանական կողմը խոսում է անհասկանալի հանգամանքների ռիսկերի ու մտահոգությունների մասին, պաշտոնյաները երբեմն կարող են ավելի կոշտ արտահայտվել։

Նա հիշեցրեց, որ Իրանի նախագահի այցը ՀՀ այդ պայմանավորվածություններից հետո ցույց էր տալիս նաև Իրանի զգայունությունն այդ հարցերի նկատմամբ։ Փորձագետի կարծիքով, Իրանը հետևողականություն է ցուցաբերում այն բոլոր գործընթացների նկատմամբ, որոնք տեղի են ունենում Իրանի անմիջական հարևանությամբ։

«Իրանն առաջնորդվում է այն պայմանավորվածություններով, որոնք ամրագրված են և նրանով, թե ինչ պարզաբանումներ են տալիս կողմերը, ու ինչպիսի իրավիճակ է ռեգիոնում։

Այստեղ առանցքային հարցն այն է, որ կան շատ հարցեր, որոնց շուրջ պայմանավորվածություններ, վերջնական որոշումներ դեռ չկան։ Ակնհայտ է, որ Իրանի մտահոգությունները պետք է վերաբերեն իր հարևանությամբ ԱՄՆ գործունեությանը, սակայն, երբ այդ գործունեության մանրամասները հստակեցված չեն, Իրանը միայն կարող է աշխատել կողմերի հետ իր դիրքորոշումներն ու ռեգիոնալ շահերն առաջ մղելու համար։ Մտահոգությունների մյուս բաժինը վերաբերում է ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք պահպանմանը։ Այսինքն՝ մտահոգությունները ռեգիոնալ են ու աշխարհաքաղաքական։

Իրանն աշխատում է, բանակցում, հարաբերությունները խորացնում, նաև տրանսպորտային համատեղ ու ռեգիոնալ պրոյեկտներն ակտիվացնում վտանգները չեզոքացնելու նպատակով։ Կարծում եմ՝ շատ գործընթացներ հրապարակային չեն, սրանք այն հարցերն են, որոնց շուրջ աշխատանքը ծավալվում է քաղաքական մակարդակում և որոշ գերատեսչությունների մակարդակում»,- նման կարծիք հայտնեց Ալի Սալամին։

Նրա դիտարկմամբ՝ քանի դեռ բոլոր հարցերը համաձայնեցված չեն, ռեգիոնալ դերակատարները կարող են ազդեցություն ունենալ դրանց նկատմամբ, քանի որ կայացվող որոշումները վերաբերում են ռեգիոնալ անվտանգությանը, որն ունի նաև որոշակի աշխարհաքաղաքական բաղադրիչ։

«Աշխարհաքաղաքական բաղադրիչն այն է, որ Իրանի հարևանությամբ ԱՄՆ ներկայությունը, բնականաբար, խնդրահարույց հարց է Իրանի համար, հաշվի առնելով մի քանի ամիս տեղի ունեցած հարձակումն Իրանի նկատմամբ։ Ուստի սա Իրանի համար չափազանց զգայուն հարց է, բազմակողմ աշխատանքը շարունակվելու է այս ուղղությամբ հանուն ռեգիոնալ բոլոր երկրների կայունության»,- ասաց Ալի Սալամին։

Տեսանյութեր

Լրահոս