
Փաշինյանը դանդաղ գործողության ռումբ է դրել, որը համար պահի պայթելու է. Գագիկ Մինասյան
Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության վերաբերյալ ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ ասվում է, որ Գրիգորյանի սպանությունը, անկախ պատճառներից, Հայաստանի քաղաքացիների, հատկապես ընդդիմադիր հայացքներով մարդկանց անպաշտպանության ապացույց և ուղերձ է՝ ուղարկված կրակոցներով.
«Նպատակը մեկն է՝ վախեցնել, լռեցնել, վերացնել առկա բարոյազրկված և ապազգային իշխանական համակարգից դուրս մտածող ցանկացած անհատի և ուժի, երկրում չսանձելով նաև հանցավորության շեշտակի աճը»:
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի դիտարկմամբ՝ տևական ժամանակ է՝ մեր երկրում այն կառույցները, որոնք պետք է պաշտպանեն ժողովրդին, պաշտպանում են մի մարդու՝ այդ ժողովրդից:
«Եթե այդ մարդը ինչ-որ տեղ է գնում, ապա մի ամբողջ զորամաս ասեմ, ինչ ասեմ, ոստիկան է ուղեկցում նրան: Ընդ որում, եթե քաղաքի կենտրոնում նայեք, կտեսնեք, որ բազմաթիվ մարզերից ոստիկաններ են բերվել: Բա այդ մարզերում ոստիկանների գործն ովքե՞ր են անում:
Պարզ է, որ բարձիթողի վիճակ է: Սա՝ մի խնդիր, որն իսկապես պարարտ հող է ստեղծում այն այլանդակությունների համար, որոնք տեղի են ունենում ամբողջ հանրապետությունով մեկ: Երկրորդ՝ եթե առանց որևէ կանխավարկածի դուք նայեք, թե ինչ է արվում այս երկրում ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ, ձեզ համար շատ բան ակնհայտ կդառնա: Բոլոր ընտրված համայնքապետերը, եթե ընդդիմադիր են, անպայման հալածանքների են ենթարկվում: Երբ այս երկուսը համադրում ես, ստացվում է այն, ինչ գրված է մեր հայտարարության մեջ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա, դժվարանալով նշել՝ կբացահայտվի՞ վերոնշյալ սպանությունը, թե՞ ոչ, առնվազն այն պատճառով, որ ըստ նրա՝ եթե հանկարծ բացահայտվի, որ այդ հատվածի ոստիկաններն ամիսներ շարունակ Երևանում ուղեկցել են վարչապետին, պատճառները չեն բացահայտվի:
Անդրադառնալով վաշինգտոնյան գործընթացների վերաբերյալ գործող իշխանությունների այն հայտարարություններին, թե օգոստոսի 8-ից խաղաղություն է հաստատվել, Մինասյանը նշեց, որ եռակողմ հռչակագրում կան ականներ, որոնք հարմար պահի պայթելու են. «Այնտեղ կան այնպիսի ակնհայտ հակասություններ, որոնք չնկատել հնարավոր չէ:
Օրինակ՝ ասում են, որ Ադրբեջանը պետք է անխոչընդոտ ճանապարհ ստանա, բայց չի ասվում, որ, օրինակ՝ հայկական կողմը պետք է Նախիջևանով անխոչընդոտ ճանապարհ ստանա, բայց դրա փոխարեն ասվում է, որ ամեն ինչ պետք է լինի փոխադարձ:
Հիմա, այստեղ երկու դրույթ հակասում է. կա փոխադարձության սկզբունքը, և կա Հայաստանով անցնելու համար հստակ ընդգծված «անխոչընդոտ» սկզբունքը: Այս հակասությունը պետք է լուծում գտնի, որը կգտնվի ուժի դիրքերից, որովհետև իրավական տեսանկյունից դրանք իրար հակասող են: Պարզ չի՞, թե ուժի դիրքերից ով պետք է դա անի: Ընդ որում, ես ձեզ սցենարն էլ ասեմ, որը սա պետք է իրականացնի. Սկզբից պետք է հերոսաբար դիմադրի, հետո, երբ նրանք արդեն ասեն՝ եթե խոսքով չի ստացվում, պետք է ռազմական գործողություններով անենք, ինքն էլ ասի՝ հո Սյունիքի համար ամբողջ Հայաստանը չե՞նք կործանելու»:
Դիտարկմանը՝ Փաշինյանն ասում է՝ խաղաղություն է եկել, էլ ի՞նչ պատերազմի սցենար, նա արձագանքեց. «Մի լսեք նրա խոսքերը, նրա գործերին նայեք, իսկ գործն այն է, որ ինքն այնտեղ դանդաղ գործողության ռումբ է դրել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում