«Եթե այն օրը զոհված երիտասարդի դին հասցնեին քաղաք…» (տեսանյութ)
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը 168.am-ի հետ զրույցում` խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, նշեց, որ ելքերից մեկը Սերժ Սարգսյանի պարտադրանքն է երկրի հարստությունը «լափողներին»` հատուցելու Հայաստանի արտաքին պարտքը: Եթե դա տեղի չունեցավ, Աշոտ Մանուչարյանի կարծիքով` քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները և քաղաքական համակարգի մյուս մասնակիցները պետք է հրավիրեն Հայաստանի քաղաքացիների ժողով` պարտադրելով իշխանությանը հասնելու այդ լուծմանը և այդպիսով Հայաստանն ազատելով դրսի կախումից:
Համաժողովրդական շարժումների կազմակերպման մեծ փորձ ունեցող Ա.Մանուչարյանը Հայաստանի քաղաքացիների ժողովի հրավիրումը կարևորում է ևս մի պատճառով` նշելով, որ այն կօգնի խուսափելու Հայաստանում անկանոն և անկառավարելի ընդվզումներից, ինչի վտանգն այսօր առկա է:
«Այն ժողովը, որի մասին նշեցի, լուծում է բոլոր հարցերը, որովհետև այս պատկերը, որն այժմ ունենք, ունի լրջագույն վտանգ մեր երկրի համար. այդ ընդվզումը, որը ցանկացած կողմ ուզում է օգտագործել, կարող է շատ հեշտությամբ նաև հրահրվել, եթե մենք դրան տեր չենք, ուրեմն ցակացած կողմ կարող է դրան տեր դառնալ: Եվ երկրորդ մեծագույն վտանգը. ինչ-որ հեքիաթ կա, թե հայերը ոտքի չեն կանգնում սոցիալական հարցերի համար, դա բացարձակ հեքիաթ է: Հայերը շատ լավ ընդվզում են այդ հարցերով` մանավանդ հիմա սոցիալականը սրված է` առկա բարոյահոգեբանական հսկայական ֆոնով: Հետևաբար, կարծում եմ` երկրորդ խոշորագույն վտանգը բունտն է Հանրապետությունում»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
«Այդ ժամանակ այդ բունտն անվերահսկելի է բոլորի համար` իշխանություն, ընդդիմություն, օտար ուժեր: Դա արդեն այն քաոսի վիճակն է, որը մենք տեսնում ենք Լիբիայում և տարբեր երկրներում: Եթե ընդհանրական բունտ լինի, դրան տեր, ծառա չկա, դա սրբելու և տանելու է ամեն ինչ: Իր մեջ ունի դրական կողմ, որ նոր կյանք է սկսվելու, բայց լինելու են հսկայական կորուստներ, և անհասկանալի է` ինչ ենք մենք կորցնելու»,- ընգծեց նա:
Մեր հարցին, թե նման ապստամբությունն ինչո՞վ կտարբերվի ղարաբաղյան շարժումից, Մանուչարյանը պատասխանեց, որ ղարաբաղյան շարժումն ուներ կառավարող օղակ, քանի որ շարժման առաջին օրից 500 մտավորականներ կանգնեցին հարթակում, հետո ձևավորվեցին «Ղարաբաղ» կոմիտեները:
«Խնդիրը դա չէ, կառավարելիությունը միշտ կար: Եթե հիմա ասեք, որ կլինի, օրինակ, Սարդարապատի կառավարելիությունը, խնդիր չկա, թող լինի բունտ, հոյակապ է, բայց չի լինելու ոչ ոքի կառավարելիությունը: Այժմ այնպիսի իրավիճակ է, որ տարածված մի լուրը կարող է բերել բռնկման: Եթե այն օրը զոհված երիտասարդի (զինվորի,-Ա.Ս.) դին հասցնեին քաղաք, ապա շատ հավանական է, որ այդ բունտի սկիզբը լիներ: Հայաստանն այդ վիճակում է, հիմա իշխանավորն ի վիճակի չէ որևէ բան անել: Ուրեմն պետք է, որ երկրի ղեկավարը բռունցքը խփի և այդ հարցերը լուծի, և որևէ խնդիր չենք ունենա լուծելու: Ես չեմ խոսում որևէ մեկից հարստությունը խլելու մասին, բայց եթե դա չեղավ, արդեն պետք է դիտարկել բոլոր տարբերակները` քաղաքացիների ժողովում»,- ավելացրեց Ա.Մանուչարյանը:
Մանրամասները`168.am-ի տեսանյութում:
Աշոտ Մանուչարյանի հետ հարցազրույցն ամբողջությամ կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: