
Հայաստանից բան չի մնա, երբ Ռուսաստանը սկսի պատասխանել. Հայկ Նահապետյան
«Հարավային Կովկասում շուտով տեղի են ունենալու գերտերությունների ուժերի վերաբաշխումներ. այդ ընթացքում է, որ Ադրբեջանը դառնալու է գործիք՝ Իրանն ու Ռուսաստանը խոցելու համար։ Այդ երկիրը որպես գործիք՝ օգտագործելու են Իսրայելը և Բրիտանիան»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նա ընդգծում է՝ այս ամենի պատճառով է, որ Հայաստանի իշխանությունը ստեղծել է քարոզչական ֆոն՝ ընդդեմ Ռուսաստանի՝ առանց մտածելու հետևանքների մասին։
«Սակայն այս իշխանությունը Հայաստանում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի կարողանալու իրագործել։ Պետք է նայել և տեսնել, թե ինչ է կատարվում ադրբեջանա-ռուսական հարաբերություններում. լարվածություն, որը հասնելու է ռազմական գործողությունների մակարդակի։ Պատահական չէ, որ Ռուսաստանն ավիահարվածներ է հասցնում ադրբեջանական «Սոկարին» և Ռուսաստանում խստագույն ճնշումների ենթարկում ադրբեջանցիներին, մեծահարուստներին»,- ասաց Նահապետյանը։
Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանն այդպես է վարվում Ադրբեջանի հետ, ապա պետք է պատկերացնել, թե ինչ կարող է անել Հայաստանի հետ՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն տեսնելու պարագայում։
«Հանել 102-րդ ռազմաբազան, ինչից հետո հայ-թուրքական սահմանը դառնում է Խորհրդային Միություն-Թուրքիա սահման։ Սա նշանակում է, որ Թուրքիան պահանջելու է Հայաստանի հետ սահմանի սահմանագծում և սահմանազատում, ինչի հետևանքով Հայաստանից կմնա 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Սրան ավելացրեք նաև Հայաստան Ռուսաստանից եկող տրանսֆերների ծավալները, ատոմակայանի հումքը և այլ տնտեսական գործոններ, և ամեն ինչ պարզ կդառնա։ Եթե Ռուսաստանը հարձակվի՝ պատասխանի, Հայաստանից բան չի մնա»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Վերջինս նշեց՝ այս ամենի ֆոնին խոսել Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացման մասին, կոպիտ սխալ է։
«Դիրքերը հանձնելու և Հարավային Կովկասից հեռանալու թիվ մեկ քայլը պետք է լիներ 102-րդ ռազմաբազան հանելը, մինչդեռ դա տեղի չի ունենում»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։