
Բելգիան դեմ է ռուսական սառեցված ակտիվների բռնագրավմանը․ FT

Բելգիան հայտարարել է, որ բաց է իր տարածքում Ուկրաինային օգնելու համար սառեցված 190 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներից շահույթը մեծացնելու ավելի ռիսկային եղանակների համար, եթե ԵՄ-ն կիսի իրավական ռիսկերը: Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն Financial Times-ին ասել է, որ իր կառավարությունը կարող է բաց լինել ԵՄ-ի կողմից ակտիվների կառավարման եղանակը փոխելու համար, եթե իրավական ռիսկերը կիսվեն ԵՄ բոլոր անդամ պետությունների միջև:
«Եթե նոր նախաձեռնություններ ձեռնարկվեն, ապա դրանք պետք է իրավական առումով հիմնավորված լինեն, բայց պետք է նաև հաշվի առնել ռիսկը», – ասել է Պրևոն։
2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր ԵՄ-ն և այլ արևմտյան դաշնակիցներ սառեցրել են Մոսկվայի արտասահմանյան ինքնիշխան ակտիվները, որոնց մեծ մասը պահվում է Բելգիայի կենտրոնական արժեթղթերի դեպոզիտարիայում՝ Euroclear-ում։
Այս ակտիվներից ստացված շահույթն օգտագործվում է Ուկրաինայի համար Մեծ յոթնյակի երկրների կողմից ապահովված 50 միլիարդ դոլարի վարկը մարելու համար: Սակայն պատերազմի սրմանը զուգընթաց ԵՄ-ին կոչ են անում առավելագույնի հասցնել այդ սառեցված ակտիվներից ստացվող եկամուտները, այդ թվում՝ ամենավիճահարույց քայլի՝ բռնագրավման միջոցով:
Շահույթը գոյանում է ակտիվների մարման հաշվին, որոնք չեն կարող վերադարձվել Ռուսաստանին և պետք է վերաներդրվեն։ Եվրոպական հանձնաժողովը ուսումնասիրում է ակտիվների մարումից ստացված միջոցները ավելի ռիսկային եղանակներով վերաներդնելու ուղիներ՝ Ուկրաինային հասանելի միջոցների ծավալը մեծացնելու համար։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախորդ ամիս հայտարարել է, որ իր գերատեսչությունը «առաջ է տանում սառեցված ռուսական ակտիվների հարցով աշխատանքը, որպեսզի ներդրում ունենա Ուկրաինայի պաշտպանության և վերականգնման գործում»։
Բելգիան մինչ այժմ դիմադրում էր ցանկացած քայլի, որն ուղղված էր Ռուսաստանի հիմնական ակտիվներին դիպչելուն՝ դատական գործընթացների վախի պատճառով, չնայած որ այն միլիարդավոր դոլարների կորպորատիվ հարկ էր գանձում Euroclear-ի շահույթից, որն օգտագործվում է Ուկրաինային աջակցելու համար։
Պրևոն պնդում է, որ Բելգիան ինքը չի կարող պատասխանատու լինել որևէ պոտենցիալ պահանջի համար, «որը մի օր կարող է հանգեցնել նրա տարեկան բյուջեին համարժեք գումարի վճարմանը»։
Այնուամենայնիվ, նախարարը նշել է, որ «այժմ, կարծես, ավելի մեծ ցանկություն կա»՝ իրավական բեռը ԵՄ 27 երկրների միջև բաժանելու վերաբերյալ։
«Նման սցենարի դեպքում Բելգիան չի բացառում իր դիրքորոշման վերանայումը։ Եթե մենք ունենանք ամուր իրավական հիմք, եթե ֆինանսական ռիսկերը նվազեցվեն և եթե մենք ունենանք ռիսկերը համախմբելու հնարավորություն», – ասել է Պրևոն։
Պրևոն ասել է, որ ակտիվների վերաբերյալ քաղաքականության վերանայման կոչերը գնալով ավելի ուժգին են դառնում, սակայն «մեզ համար բռնագրավումը… տարբերակ չէ»։ Նա հավելել է, որ «մենք հասկանում ենք, թե ինչու է օրեցօր մեծանում մեր ուսերին դրված ճնշումը»։
Նախարարը կրկնել է, որ իր կառավարությունը ակտիվների բռնագրավումը կամ օգտագործման նպատակի փոփոխությունը համարում է «չափազանց ռիսկային ձեռնարկում, քանի որ դրա համար իրավական հիմք չկա»։
«Սա կարող է նաև մտահոգություններ առաջացնել աշխարհի մյուս բոլոր երկրների մոտ, որոնք ունեն ինքնիշխան ակտիվներ Եվրոպայում, որ այդ ակտիվները նույնպես կարող են ապագայում քաղաքական պատճառներով բռնագրավվել», – ասել է նա: Նման քայլերը կարող են «նաև խաթարել եվրոյի նկատմամբ վստահությունը և հանգեցնել եվրոպական ֆինանսական շուկաների փլուզման», – զգուշացրել է նախարարը:
«Մեր համար կարևոր է պահպանել այս անշարժացված ինքնիշխան ակտիվները որպես լծակ՝ խաղաղության գործընթացում բանակցությունների համար և կարողանալ ապահովել, որ այս նշանակալի գումարները հետագայում օգտագործվեն Ուկրաինայի վերականգնման համար», – ասել է Պրևոն: «Որովհետև եթե մենք ուզում ենք, որ սագը շարունակի ոսկե ձվեր ածել, մենք չպետք է նրան սպանենք»: