Բաժիններ՝

Տնտեսական աճի պարադիգմ 2. Բագրատյանի ծավալուն հետազոտությունը՝ ընդդեմ ԱՎԾ-ի

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ծավալուն հետազոտություն է արել՝ անդրադառնալով 2012 թվականին արձանագրված 7.2% տնտեսական աճի ցուցանիշին։

Բագրատյանը հետազոտությունը տեղադրել է ֆեյսբուքի իր էջում։

Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։

* * *

Կարդացեք նաև

Տնտեսական աճի պարադիգմ 2 
Նախաբան

Ապրիլի 19-ին ֆեյսբուքյան իմ էջում լուրջ կասկածներ էի հայտնել հայտարարված տնտեսական աճի (7,2%) շուրջ։ Մասնավորապես նշել էի, որ բացառվում է, որ տնտեսությունն աճի 7,2%-ով, իսկ իրական աշխատավարձը սոսկ 0,1%-ով։ Բացի այդ, չնայած որ 2012թ ՀՆԱ-ն կազմել է 3981 մլն դրամ և 2011թ ՀՆԱ-ից (3776 մլն դրամ) անվանական ավել է 5,5%-ով (http://www.armstat.am/am/?nid=126&id=01001, ապրիլի 12-ի ժամը 16։26-ի դրությամբ ), ԱՎԾ-ն այնուամենայնիվ տվել էր 7,2% տնտեսական աճ։ Նշել էի նաև, որ դեռևս 3 ամիս առաջ բյուջեն ներկայացնելիս ՀՀ կառավարությունը 2012թ համար կանխատեսել էր 4216 մլն դրամի ՀՆԱ, վերջինիս հավելաճը 2012-ի համար գնահատելով (http://www.minfin.am/main.php?lang=1&mode=budget&year=2013&iseng=1&isarm=1) 6%։ Բայց դե ՀՀ ԱՎԾ վերջնական թիվն էր՝ 3981 մլն դրամ՝ շատ ավելի պակաս, քան կառավարությունը կանխատեսել էր բյուջետային ուղերձում։ Իսկ ահա տնտեսական աճը ստացվել էր շատ ավելի բարձր՝ 7,2%։ Դրանից հետո պարզաբանել էի, որ ըստ ներկայացված տվյալների ԱՎԾ-ն դա կարողացել է անել ցույց տալով ՀՆԱ ինդեքս-դեֆլյատորի աննախադեպ ցածր թիվ՝ -98,4%՝ ունենալով +2.6 տոկոս գնաճ։ Այս 4,2% տարբերությունը ես անհավատալի էի համարել՝ նկատի ունենալով այն, որ 2012-ին մենք չենք ունեցել այնպիսի արտառոց տնտեսական իրադարձություններ, ինչպես շեշտակի կառուցվածքային փոփոխությունները, ճգնաժամը, տեխնոգեն աղետները և այլն։ Արդ դիմել էի համապատասխան մարմիններին տեղեկատվություն ու բացատրություններ տալու առումով։ Այս ամենը ստիպեց ինձ մի բրոշյուր-գրքույկ գրել։ Ուսումնասիրություններն ու քննական վերլուծությունը հանգեցրին ապշեցուցիչ արդյունքների։ Ես պարզապես պարտավոր եմ այն հասցեագրել ՀՀ Նախագահին և ՀՀ ՀԲ ներկայացուցչին։

Հատված 1
Եվ այսպես, դեֆլյատոր կոչվածը գների ինդեքս է` տվյալ տարվա անվանական ՀՆԱ-ն բաժանած նույն տարվա ՀՆԱ-ի վրա արդեն բազիսային տարվա գներով։ Ավելի կոնկրետ՝ դեֆլյատորը սպառողական գների ինդեքսն է հաշվի առած նաև եկամուտների (աշխատավարձ, տոկոսային եկամուտներ և այլն) փոփոխություններն այն ճյուղերում, որոնք համարվում են ոչ շուկայական ծառայություններ։ ՀՀ ԱՎԾ-ն տնտեսական աճը սովորաբար հավելագրում է (կեղծում է) 2 հիմնական մեթոդներով. իջեցնում է գնաճը (կամ որ գրեթե նույնն է դեֆլյատորը) և կատարում հավելագրում տնտեսության այս կամ այն ոլորտներում։ Որպես կանոն դրանք այն ոլորտներն են, որտեղ արտադրության ծավալների գիտական, հիմնավորված գնահատականներ ու համակարգեր չկան։ Դա, նախևառաջ, գյուղատնտեսությունն է ու հատկապես բուսաբուծությունը, ուր վիճակագրական թվերը ԱՎԾ հրապարակում է գյուղնախարարության համապատասխան բուսաբուծական վարչության տվյալների հիման վրա։ Վերջինս էլ տվյալները վերցնում է գյուղապետարաններից։ ՀՀ ԱՎԾ այստեղ կառույցներ, կամ արտադրության վիճակագրական սեփական գնահատականի համար մշակած մեթոդներ ու եղանակներ չունի։ Մի ժամանակ, անցյալ դարի 90-ականների սկզբներին, ստեղծված էր գյուղատնտեսական արտադրանքի գնահատման եղանակ՝ ֆերմերային (գյուղատնտեսական) տնտեսությունների գործունեության մասին հարցումների հիման վրա։ Բայց Ռ.Քոչարյանի օրոք սրանից արագորեն հրաժարվեցին։ Հիմա այդ գնահատականները տալիս են գյուղապետարանները։ Պարզ է, գյուղապետարանները մրցակցում են թվեր նկարելու մեջ, մարզպետարաններ են ներկայացնում իրական պատկերը 1.5-2 անգամ գերազանցող թվեր։ Մարզպետարաններն էլ այդ թվերը «լրամշակում» են և ուղարկում ԱՎԾ։ «Գնահատումների» այս մեթոդը ՀՀ ԱՎԾ լայնորեն կիրառում է նաև ծառայությունների ոլորտի ու շինարարության նկատմամբ։ Ժամանակին, 2007-ին, Առավոտ օրաթերթում այս ամենը ես անվանել եմ ՀՀ ԱՎԾ կախարդական փայտիկ (գործիք)։ Երբեմն ՀՀ ԱՎԾ ինքն իրեն ներշնչում է, որ սա կեղծում չէ, այլ ստվերի հաշվառում (ինչպես գիտեք, ՀՆԱ գնահատականի մեջ ստվերը գնահատված ու հաշվառված է)։ Դե հիմա եթե ստվեր է, ինչի, ասենք 10-ի փոխարեն 20 չգրել։ Մեկ է ստվեր է։ ՀՀ ԱՎԾ ՀՆԱ ուռճացնելու մյուս գործիքը գնաճն է կամ դեֆլյատորը։ Վերջիններիս յուրաքանչյուր տոկոս իջեցումը նշանակում է ՀՆԱ արհեստական աճ նույն չափով։ Բնական է, որ երկար ժամանակ նման կեղծումներ թույլ տալու պարագայում առաջանում են խնդիրներ արտադրության ընթացիկ իրական և հիպոթեթիկ վիճակագրական ծավալների հետ։ Օրինակ, վերջին 20 տարիներին ՀՀ ՀՆԱ միշտ շատ ավելի արագ է աճել (բացառությամբ 2009 և 2010թթ), քան Ռուսաստանինը, քան աշխարհի միջինը։ Բայց արի ու տես, որ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանը ոչ թե մոտեցել, այլ էլ ավելի է հետ ընկել և Ռուսաստանից, և համաշխարհային միջինից։ Վերջերս, ապրիլին, երբ Երևանում կազմակերպվել էին “գայդարյան ընթերցումներ”, հետաքրքիր ելույթ ունեցավ ակադեմիկոս Ա. Աղանբեգյանը, որը մասնավորապես նշեց, որ դատելով աճի տեմպերից Հայաստանը վաղուց պետք է Ռուսաստանին անցած լիներ, բայց գնալով հետ է ընկնում։ Հարգարժան ակադեմիկոսի ելույթին ես դեռ կանդրադառնամ, բայց ուզում եմ նշել, որ այս խնդիրը ես բարձրացրել եմ 2003-ին, իմ “Տնտեսական աճի պարադիգմ” բրոշյուրում (“Նաիրի” հրատարակչություն), ինչպես նաև Առավոտում 2007-ին տպագրված վերոհիշյալ հոդվածում։ Եվ իրոք, ՀՀ ԱՎԾ նման հավելագրումները բնականաբար խնդիրներ են առաջացնում երկարաժամկետ վիճակագրական շղթայական ինդեքսներ կառուցելիս` երկրների միջև համեմատություններ կատարելիս ու հատկապես կենսամակարդակի փոփոխությունները գնահատելիս։
Հիմա, ՀՀ ԱՎԾ մերթընդմերթ կիրառել է ինչպես ծավալային հավելագրումների, այնպես էլ գնաճի ու ՀՆԱ ինդեքս-դեֆլյատորի իջեցման “մեթոդները”։ 2012-ին ԱՎԾ վարվել է շատ օրիգինալ ձևով։ Այստեղ հիմնականում իջեցրել է դեֆլյատորը։ Իմ գրավոր նամակին ՀՀ ԱՎԾ ներկայացրել է դեֆլյատորի հաշվարկման վերը նշված աղյուսակ 1-ը։ ՀՀ ԱՎԾ հաշվարկել է այն այսպես կոչված կրկնակի դեֆլյատավորման եղանակով։ Մի բան էլ ինձ նյութեր է ուղարկել ԱՄՀ և ԱՊՀ միջպետական վիճպետկոմի կողմից այս մեթոդով դեֆլյատորը հաշվելու նպատակահարմարության, խորհուրդների մասով։ Եվ այսպես, ՀՆԱ ինդեքս-դեֆլյատորը ՀՀ ԱՎԾ հաշվում է ոչ թե այս տարվա ՀՆԱ-ն բաժանելով այդ նույն ՀՆԱ-ի վրա հաշվված բազիսային (անցած) տարվա գներով, այլ հաշվելով համախառն թողարկման (համախառն արտադրանքի) դեֆլյատորը հիմնական գներով ու դրանից հանելով գնորդի գներով միջանկյալ սպառման դեֆլյատորը։ Կարծես թե բանական է. ի վերջո համախառն թողարկում հանած միջանկյալ սպառում տալիս է ՀՆԱ-ն։ Բայց ամբողջ հարցն էլ այն է, որ ՀՀ ԱՎԾ կատարել է միջանկյալ սպառման կամայական դեֆլյատավորում։ ԱՎԾ-ն պարզապես չարաշահել է ԱՄՀ և ԱՊՀ վիճպետկոմի խորհուրդները։ Չ՞է որ մենք միջանկյալ սպառման գների հաշվառման ընդունելի որևէ մեխանիզմ չունենք։ Դե ԱՎԾ-ն էլ այստեղ իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում։ Ոչ մի հաշվարկ չկա։ Համենայն դեպս իմ պատգամավորի խնդրանքն առ այն, թե հաշվարկները (կոնկրետ քա՞նի կիլոգրամ, ի՞նչ գնով և այլն) ներկայացրեք, չի կատարվել։ Պարզապես կամայական, վոլյունտարիստական գնահատականներ։ Բարձրացնելով միջանկյալ սպառման գներն ավել քան համախառն թողարկմանը, ԱՎԾ-ն ավտոմատ իջեցնում է համախառն ավելացված արժեքի դեֆլյատորը։ Աղյուսակ 1-ից երևում է, որ բոլոր այն դեպքերում, երբ միջանկյալ սպառման դեֆլյատորը մեծ է հիմնական թողարկման դեֆլյատորից (գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, մշակող արդյունաբերություն, ջրամատակարարում, շինարարություն, առևտուր, փոխադրումներ, ֆինանսներ և ապահովագրություն) ճյուղի համախառն ավելացված արժեքի դեֆլյատորը, որպես կանոն, փոքր է 100-ից։ Ի՞նչպես է, օրինակ, ՀՀ ԱՎԾ-ն բացատրում այն, որ գյուղատնտեսության դեֆլյատորը -9,1% է այն դեպքում, երբ սպառողական գների մեջ գյուղմթերքների գներն աճել են 3%-ով։ Չեղավ չ՞է։ Կոնկրետ այս հարցով ես գրավոր երկրորդ անգամ դիմել եմ ԱՎԾ։ Մեծ հաշվով պատասխան չկա։ Ինձ ուղարկել են ԱՎԾ համապատասխան՝ «Փաստաթղ՚թավորում» կայքէջի հասցեն։ Այնտեղ, բնականաբար, չես գտնում այն, ինչ պետք է։ Ի վերջո այս ճյուղի դեֆլյատոր կոչվածը գրեթե նույնական պետք է լինի ճյուղի սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) կամ այսպես կոչված գյուղմթերքների գների ինդեքսի հետ։ Այլ հավասար պայմաններում սա նշանակում է, որ բարձրացնելով միջանկյալ սպառման ապրանքի գինը ԱՎԾ-ն նվազեցնում է վերջնական դեֆլյատորը։
Երբ որ Ս.Կուզնեցը և Ռ.Սթոունը սրանից մի 80 տարի առաջ ստեղծում էին ազգային հաշիվների համակարգը, նրանք հասկանում էին, որ իդեալական բան չեն հայտնաբերել։ Մասնավորապես, հնարավոր չեղավ կատարյալ մաթեմատիկական բանաձևեր ստանալ գների ինդեքսը հաշվարկելիս։ Լասպեյրեսի բանաձևը հաշվի է առնում գների փոփոխությունը, բայց անտեսում է արտադրության ծավալների փոփոխությունը՝ համադրելով դրանք միայն բազիսային շրջանի ծավալների հետ, իսկ Գ.Պաաշեի բանաձևը գների փոփոխությունը համադրում է հաշվետու ժամանակաշրջանում արտադրության ծավալների հետ։ Ռ.Ֆիշերը փորձեց լուծել այս խնդիրը՝ մեկ բանաձևի մեջ համադրելով առաջին երկու բանաձևերը։ Ինչևէ, կատարյալ լուծումներ չստացվեցին։ Երբեք հնարավոր չեղավ, օրինակ, արտադրության կառուցվածքային փոփոխություններն ամբողջովին արտացոլել տնտեսական աճի մեջ։ Ս.Կուզնեցը ՀՆԱ ցուցանիշի այս թերությունների մասին մեկ անգամ չէ որ նշել է։ Սրա հետ կապված, ենթադրում եմ, որ մարդիկ մտածել են կրկնակի դեֆլյատավորման եղանակը։ Բայց դա չի նշանակում, որ ՀՀ ԱՎԾ պետք է կառչեր այս մեթոդաբանությունից, թվեր մոգոներ միջանկյալ սպառման մասով և ՀՆԱ աճը ուռճացներ։ Այնպիսի տպավորություն կա, որ ԱՎԾ ինչ-որ ծառայություններ է մատուցում գործող էլիտային՝ թվեր ու տոկոսներ նկարելով։ Ամբողջ «խաղի» իմաստն այն է, որ ԱՎԾ խաղ է անում Լայսպեյրեսի ու Պաաշեի բանաձևերի հետ։ Վեջինս այս տարվա ապրանքներն ու ծառայությունների ինդեքսն է հաշվարկված ինչպես բազիսային, այնպես էլ հաշվետու տարվա գներով։ Աղյուսակ 2-ից երևում է, որ վերջին 13 տարիներին 2012-ը միակ տարին է, երբ ՍԳԻ-ը դրական է, իսկ ՀՆԱ ինդեքս-դեֆլյատորը բացասական: Մյուս բոլոր տարիներին ՀՆԱ ինդեքս դեֆլյատորն ու ՍԳԻ ինդեքսը գրեթե նույնական են (բացառություն է եղել նաև 2008-ին)։ Ընդ որում այդ տարբերությունը երբեք 4.2% չի կազմել։ Ընդհանրապես վերը նշվածի պատճառով Լայսպեյրեսի և Պաաշեի երկու ինդեքսների միջև էական տարբերություն հնարավոր է արտադրության կառուցվածքի շեշտակի փոփոխության պարագայում։ ես դա 2012-ի համար անհնարին եմ համարում։ Խնդրել էի ԱՎԾ-ից բոլոր հաշվարկները ներկայացնել։ Դա այդպես էլ չի արվել։ Կոնկրետ հաշվարկները չեն տրամադրվել։ Փոխարենը ինձ են ուղարկել առանձին երկրներում ՍԳԻ և ինդեքս դեֆլյատորի տարբերության ՀԲ-ի կայքից վերցրած շուրջ 29 դեպք և այդ ամբողջի մեջ սոսկ 5 դեպք կա, երբ այդ տարբերությունը 4.2%-ից բարձր է։ Հետաքրքիրն այն է, որ բոլոր այդ դեպքերը եղել են 2008-2009թթ ճգնաժամի տարիներին։ Մ՞իթե ԱՎԾ-ն այսքան բան չէր հասկանում։ Օրինակ, 2009-ին Ադրբեջանում դեֆլյատորը -18.8% է, իսկ սպառողական գների ինդեքսը` 1%։ Բայց ի՞նչ կարիք կա այս օրինակը բերելու։ 2008-աշուն 2009-ի ամառ հատվածում նավթի գներն ընկան 35%-ով։ Այդ նույն Ադրբեջանում 2010-ին դեֆլյատորը եղել է 13%, իսկ ՍԳԻ-ն՝ 6%. նավթի գները 2010-ին կտրուկ բարձրացել են ։
Այնուամենայնիվ ԱՎԾ հետ նամաւկագրությունն ինչ-որ փոփոխությունների բերեց։ Ապրիլի 19-ի իմ վերը նշված նամակում դեֆլյատորը 98,4% էր (ապրիլի 12-ի ժամը 17։04 դրությամբ)։ Այնտեղ ես նույնիսկ ժամն էի նշել, որ հեսա թիվը կփոխվի։ Իրոք, մայիսի 2-ի դեֆլյատորը, ԱՎԾ հետ նամակագրությունից հետո՝ արդեն 98,8% (տես նույն կայքը) է։ Հետաքրքիրն այն է, որ ԱՎԾ-ն նկատելով խայտառակությունը դեֆլյատորը բարձրացնում է համարյա թե կես տոկոսով։ Հասկանալի է, որ դրանից հետո տնտեսական աճի ցուցանիշը (7,2%)՝ չի փոխվում։ Ի՞նչպես։ Շատ պարզ։ ԱՎԾ-ն այս 2 շաբաթում միաժամանակ փոխում է 2011-ի դեֆլյատորը՝ 4,2-ից 4,3 և 16 մլրդ դրամով հավելագրում ՀՆԱ-ն։ Սրանով նա, մի կողմից, իջեցնում է բազան, և, մյուս կողմից, 2011-ի տնտեսական աճը 7,2% թիվը անփոփոխ թողնելու նպատակով 16 մլրդ դրամով ավելացնում ՀՆԱ-ն՝ 3981 մլն դրամից հասցնելով 3997 մլն դրամի (http://www.armstat.am/am/?nid=126&id=01001)։ Վստահ եմ, միառժամանակ հետո, երբ այս ամենը կհնանա, ԱՎԾ-ն կփոխի նաև այս 7,2% թիվը։
Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների վերամշակում ու կառավարում ճյուղում ընդհանրապես «հրաշք» է տեղի ունեցել. համախառն թողարկման դեֆլյատորը 70,4% է, միջանկյալ սպառմանը 101,9 և համախառն ավելացված արժեքինը՝ 55%։ Տեսն՞ում եք, գրեթե 2 անգամ գին է իջել և տեղյակ չենք եղել։ Ի դեպ, երբ ես երկրորդ նամակում ԱՎԾ-ի ուշադրությունը հրավիրեցի սրա վրա ինձ պատասխանեցին այսպես. «ըստ ապրիլի 30-ի վերանայված տվյալների, «Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում» գործունեության տեսակի ավելացված արժեքի դեֆլյատորը կազմել է 75.5%»։ Այսինքն՝ 55%-ը դարձավ 75.5%։ Որ մի քիչ էլ պնդենք այլ թիվ կստացվի։ Իհարկե, ԱՎԾ-ն չի մոռանում նշել, որ վիճակագրություն է էլի, թվերն անընդհատ կարող են վերանայվել։
ՀՀ ԱՎԾ մյուս կախարդական գործիքը արտադրության ծավալների մասին հավելագրումներ անելն է։ Արդեն ասացի, որ հիանալի օբյեկտ է, օրինակ, գյուղատնտեսությունը։ Ընդհանրապես, եթե վերցնում ենք գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշի շղթայական ինդեքսը 1990-2012թթ համար, ապա այն կազմում է 231.5% (1990-2011թթ համար՝ 211.4%)։ Այսինքն 1990-2012թթ ՀՀ գյուղատնտեսական արտադրության ծավալներն ավելացել են 2.3 անգամ։ Սա չափազանց մեծ ցուցանիշ է։ Նկատի ունենանք, որ այդ նույն ժամանակ ՀՆԱ-ն ավելացել է 1.62 անգամ (1990-2011թթ 1.51 անգամ), գներն աճել են 148552 անգամ, իսկ բնակչության դրամական եկամուտները՝ 58684 անգամ։ Գյուղատնտեսական հիմնական մթերքների արտադրության ծավալներն այսպիսին են (աղյուսակ 3)։ Ինչպես տեսնում ենք աղյուսակից Հայաստանը բոլոր ցուցանիշներով անգամներ ավել է 1990-ի մակարդակից։ Եթե նկատի ենք ունենում, որ 1990-2012թթ հանրապետության առկա բնակչությունը պակասել է 1.22 անգամ (3514.9 հազ. մարդուց իջել է 2871 հազ մարդու), ապա ստացվում է, որ 2012-ին բնակչության մեկ շնչի հաշվով ավել է արտադրվել. հացահատիկ`2.1 անգամ, կարտոֆիլ` 3,7 անգամ, բանջարեղեն 2,5 անգամ, բոստան՝ 9 անգամ, պտուղ՝ 2,6 անգամ, խաղող՝ 2,1 անգամ։ Դուք հասկանու՞մ եք սրանք ի՞նչ թվեր են։ 1990-ին, ԽՍՀՄ ժամանակ բնակչության մեկ շնչի հաշվով մենք սպառել ենք 49 կգ կարտոֆիլ (հիմա 181 կգ), 122 կգ բանջարեղեն (հիմա 305 կգ), 9,7 կգ բոստանային պարեն (հիմա 87,3 կգ), 44,2կգ պտուղ (հիմա 114,9 կգ) և 40,9 կգ խաղող (հիմա 85,9 կգ)։ Ու այս ժողովուրդն այս ամենը չի գնահատում ու համարձակվում է մասսայաբար լքել հայրենի՞քը։ Մենք հիրավի միջազգային օգնության կարիք ունենք։ Ու ոչ թե որպեսզի մեզ պարեն բերեն, այլ թույլ չտան ուտելու այն, ինչ արտադրում ենք։ Այլապես շուտով բոլորս կտրաքենք։ Պարզվում է, որ օրինակ կարտոֆիլի բերքատվությունը Հայաստանում 2012-ին (207ց/հա) 29 ավել է եղել, քան Ուկրաինայում (161 ց/հա )։ Դժվար չէ գնահատել վերջին 15 տարիներին հավաքած բերքի էներգետիկ արժեքը (կալորիաներով) և բաժանել այդ տարիների մշտական բնակչության թվի վրա՝ նախապես հանելով առողջապահակա նորմատիվը։ Իրապես, այս 15 տարիներին (1998-2012) հավաքած բուսաբուծական արտադրանքի կալորիականությունը կազմում է շուրջ 40 տրլն։ Եվս 22 տրլն է կազմում անասնաբուծության արտադրանքի գումարային կալորիականությունը։ Հաշվի առած ներմուծած սննդամթերքը (15 տրլն կալորիա 15 տարում) ստացվում է 77 տրլն։ Առավելագույնը հանրապետության բնակչությունը այդ ժամանակաշրջանում կարող էր սպառել 40-42 տրլն կալորիա (հաշվի առած նաև տուրիստներին ու հյուրերին)։ Մնացած 35-37 տրլն կալորիան ի՞նչ եղավ։ Եթե կալորիան 0.2 դրամով հաշվենք, ապա 15 տարում շուրջ 7 տրլն դրամի կամ 17.5 մլրդ դոլարի հավելագրում է կատարվել։ Եթե այդ ավելորդ կալորիաները վերածենք մսի, ապա հանրապետության բնակչի միջին քաշը պետք է լիներ 140-160կգ։ Գյուղատնտեսության թվերը ահա արդեն 15 տարի մասսայաբար խեղաթյուրվում են։ Կոնյակի գործարանում աշխատածս տարիներին, երբ շրջում էի գյուղ առ գյուղ, համոզվեցի, որ, օրինակ, խաղողի արտադրությունը կեղծվում է մոտ 2 անգամ։ Դրա ընդհանուր արտադրությունը ներկայումս սոսկ 115-120 հազ տոննա է։ Սրանից մի 10 տարի առաջ փորձեցինք և գյուղնախին, և ԱՎԾ ներգրավել ստուգումների մեջ։ Գիտեք ձև արեցին թե գալիս են ու փախան։ Այսօր, օրինակ, խաղողի արտադրության ծավալները մոնիտորինգ անելը խնդիր չէ. այգիների տարածքը կարելի է չափել “Google Earth” կամ GPRS նավիգացիոն համակարգերով։ Հայտնի բան է, որ տիեզերքից հստակ նկարահանվում և հաշվառվում է բադրիջանի կամ տոմատի թուփը։ Մի 30000 եվրո փող տվեք GEOSIS-ին թող նկարի։ Հետո էլ համակարգչի վրա տնկարկների (ծառեր թփուտներ) տարածքները 100%-ոց ճշգրտությամբ հաշվեք։ Փորձեք էլի։ Կամ էլ քանի անգամ եմ առաջարկել, մի 7-8 հոգիանոց հանձնաժողով ստեղծեք թող ստուգի թվերը։ Ընդամենը 2 օրից նախագահ Ս.Սարգսյանին կզեկուցեն ԱՎԾ ու գյուղնախի թվերի հետ աղաղակող անհամապատասխանությունների մասին։ Երբ խաղողի կամ պտղի թվերը մեծացնում են, համ ՀՆԱ են ցույց տալիս, համ էլ շատ մթերումներ։ Այս վերջինս էլ ուռճացնում է մթերող ձեռնարկություննների մեծ մասի (հիմնականում պահածոյի և գինու-կոնյակի արտադրություններ) ինքնարժեքը, նույնիսկ վնասաբեր դարձնում։ Արդյունքում բյուջեն հարկեր չի ստանում։ Այս «գործիքից», գյուղնախարարության ու ԱՎԾ քավորությամբ օգտվում են բոլորը, բացի մի քանի բարեխիղճ աշխատող ձեռնարկություններից։
Բնական է, տասնամյակներ շարունակ նման հավելագրումներ ցույց տալու պարագայում շղթայական ինդեքսներն ի վերջո պետք է վեր հանեին սխալը. օրինակ գյուղը պետք է գար ու կազմեր ՀՆԱ մեծ մասը։ Բայց մեր ԱՎԾ-ում սա հասկանում են։ Ավելի մանրամասն վերլուծությունը պարզապես սարսափելի պատկերներ է բերում գյուղատնտեսության վիճակագրության մասով։ Այսպես, 1998թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը (այսուհետև՝ ԳՀԱ) ՀՀ-ում կազմել է 402,1 մլրդ դրամ (տես՝ Социально-экономическое положение РА в январе-декабре 1998г., Ереван, 1999, с.3)։ 1999-ին դրա ֆիզիկական ծավալներն աճել են 1,3 տոկոսով և կազմել են…..311,7 մլրդ դրամ (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 1999թ. հունվար-դեկտեմբերին, Երևան, 2000, էջ 5)։ Այսպիսի բան կարող էր լինել, եթե 1999թ. գյուղատնտեսական արտադրանքի գներն իջնեին 23,8 տոկոսով։ Նման բան, իհարկե, չկա։ Բայց հոգ չէ, կարելի է թվեր նկարել դեֆլյատորի մասով։ Եվ ուրեմն ԳՀԱ 1,3 տոկոս աճի պարագայում հաշվի առնելով գների փոփոխությունն աճը պետք է կազմեր 415,5 մլրդ դրամ։ Սակայն ՀՀ ԱՎԾ-ն այն պակասեցնում է 103,8 մլրդ դրամով։ Ընդ որում 1999-ի ժողովածուում ԱՎԾ-ն այս ուղղման մասին բացատրություններ չի տալիս, ԳՀԱ 1998-ի 113,1տոկոս և 1999-ի 101,3 տոկոս աճերը չի շտկում։ ՀՀ գյուղատնտեսությունը տպավորիչ աճեր է արձանագրում 2000, 2001, 2002, 2003 և 2004 թվականներին։ Այս տարիների համար ,,ԳՀԱ x գնաճ x աճ,, մեծությունը համընկնում է հաշվետու տարվա ԳՀԱ ցուցանիշի հետ։ 2004p. ցուցանիշն աճում է 14,5 տոկոսով և կազմում 504,1 մլրդ դրամ (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2004թ. հունվար-դեկտեմբերին, Երևան, 2005, էջ 9)։ Բոլորը խոսում են վագրից։ Գյուղատնտեսության աճը համարվում է հայկական տնտեսական հրաշքի շարժիչներից մեկը։ 2005թ. ԳՀԱ աճում է ևս 11,2 տոկոսով (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2005թ. հունվար-դեկտեմբերին, Երևան, 2006, էջ 7)։ Բայց ահա դրամով արտահայտած ԳՀԱ կազմում է ……..493 մլրդ դրամ։ Իջնում է։ Մինչդեռ այն պետք է կազմեր 564 մլրդ դրամ։ 71 մլրդ դրամ էլ այստեղ է կորում։ Այս դեպքում ևս ԱՎԾ-ն տոկոսով հայտարարած աճերը չի շտկում։ 2007թ ԳՀԱ կազմում է 633,9 մլրդ դրամ (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2007թ. հունվար-դեկտեմբերին, Երևան, 2008, էջ 7)։ Իրականում, ՀՀ ԱՎԾ-ն պարտավոր էր 2007թ. ԳՀԱ ցույց տալ 808,7 մլրդ դրամի չափով։ Չ՞է որ հենց այդպիսի տոկոսային աճ է գրանցել ՀՀ ԱՎԾ-ն։ Բայց արի ու տես այդ նույն ԱՎԾ ,,համեստանում,, և ԳՀԱ ծավալը պակասեցնում է 174,8 մլրդ դրամով։ Բնականաբար, երկնիշ տնտեսական հրաշքի՝ աճի տոկոսային մասը չի փոփոխվում։ Գների ու դեֆլյատորի հետ կապված ԱՎԾ մեքենայությունները նման կամայականությունները հանդուրժում են։
Վիճակագրական վոլյունտարիզմը շարունակվում է 2006-ին։ Այսպես, 2005թ. անասնաբուծության համախառն արտադրանքը կազմել է 204,9 մլրդ դրամ (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2005թ. հունվար-դեկտեմբերին, Երևան, 2006, էջ 25)։ 2006-ին այն աճել է 10,4 տոկոսով և կազմել…… 199,7 մլրդ դրամ (տես՝ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2006թ. հունվար-դեկտեմբերին, Երևան, 2007, էջ 24)։ Մինչդեռ պետք է լիներ 231 մլրդ դրամ։ 2007-ին այն աճում է ևս 4,3 տոկոսով, առկա է կրկնակի շատ քան նախորդ տարի սղաճ, բայց անասնաբուծության արտադրանքի ցուցանիշը կազմում է ընդամենը 204,0 մլրդ դրամ 217-ի փոխարեն։ Անկեղծ ասած, թվում է թե ես առաջինը պետք է լինեմ ողջունելու նման վիճակագրությունը։ Չ՞է որ հողային բարեփոխումների ոգեշնչողն եմ եղել։ Այս ձեռքով, որով հիմա տեքստն եմ հավաքում, գրվել են 3 օրենք ու կառավարության 72 որոշում, վարել եմ հողային բարեփոխումների կենտրոնական հանձնաժողովի 22 նիստերից 21-ը (ես, իհարկե, արժանին եմ մատուցում նաև այն ժամանակվա Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, վարչապետ Վազգեն Մանուկյանին և ՀՀՇ-ին՝ իբրև իշխող քաղաքական ուժի)։ Դեռևս մի քանի տարի առաջ բոլորն ինձ մատնացույց էին անում և ասում. ոչ թե հողը տվիք գյուղացուն, այլ գյուղացուն տվիք հողին։ Հիմա ինչ բռնեմ ու ասեմ թե տեսաք ի՞նչ աճեր ունեցավ գյուղատնտեսությունը հողի սեփականաշնորհման արդյունքում։ Ո՛չ, դա իմ համար չէ։ Իրականում 1990-ի համեմատ ՀՀ գյուղատնտեսությունն աճել է, բայց ոչ թե 2,3 անգամ, այլ սոսկ 1,3 անգամ։ Ընդ որում աճը եղել է բուսաբուծության ոլորտում, իսկ անասնապահական մթերքների արտադրությունը պակասել է։
Այս նույն մախինացիաները ԱՎԾ-ն անում է շինարարության մեջ։ Այստեղ ևս կառուցված մակերեսներն արդեն 15 տարի չեն համապատասխանում շինանյութի արտադրության ֆիզիկական ծավալների դինամիկային։ Մոտավորապես նույնը մենք տեսնում ենք նաև ծառայությունների ոլորտում։
Հիմա, հարց է ծագում, բա որ ամեն տարի ԱՎԾ գրանցում է այսպիսի աճեր, ի՞նչի Հայաստանը չի տվել ու, ասենք, Ռուսաստանին անցել բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ, այս կամ այն բարիքի արտադրության ցուցանիշներով։ Ահա այստեղ սկսվում մեր բրոշյուրի ամենահետաքրքիր՝ 2-րդ հատվածը։
Հատված 2
ԱՎԾ կողմից արդեն շուրջ 15 տարի վիճակագրական հավելագրումները, բնականաբար պետք է միջազգային համեմատությունների մեջ կոլլապս ստեղծեին։ Վերադառնանք հարգարժան ակադեմիկոս Ա.Աղանբեգյանի հարցադրմանը. այդ ի՞նչպես է, որ ՀՀ տնտեսական աճ տեմպերն ավելի բարձր են, քան Ռուսաստանինը, բայց մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի և տնտեսական զարգացման մակարդակով ՀՀ գնալով ավելի հետ է ընկնում։ Այսպես, օրինակ, շղթայական ինդեքսների եղանակով հաշվելիս 2011-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 1990-ի 151,8%-ը (2012-ին, ինչպես արդեն նշել եմ, 162.1%-ը)։ Նույն հաշվարկները կատարել եմ Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Ադրբեջանի համար (տես՝ աղյուսակ 4)։ Եվ այսպես, 1990-ին ԱՊՀ վիճպետկոմի տվյալներով ՀՀ-ն բնակչության մեկ շնչին ընկնող ազգային եկամտի ծավալով (այն ժամանակ ՀՆԱ դեռ չէին հաշվում) Ռուսաստանին զիջում էր 1,48 անգամ։ Ասել կուզի ՌԴ-ում 1,5 անգամ Հայաստանից լավ էին ապրում։ 1990-ից հետո 21 տարվա մեջ մեր երկրի ՀՆԱ-ն աճել է 1,52 անգամ, Ռուսաստանինը՝ 1,05 անգամ։ Ասել կուզի 1,45 անգամ արագ։ Իսկ սա նշանակում է, հետևաբար, որ մենք պետք է ուղղակի հավասարված լինեինք Ռուսաստանին։ Բայց արի ու տես, որ ՀԲ տվյալներով 2011-ին մենք ոչ թե հավասարվել ենք, այլ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Ռուսաստանից ետ ենք ընկել գրեթե 4 անգամ (3,93)։ Ես ուղղակի հայտարարում եմ. սա անհնար է։ Քանի որ այստեղ շոշափվում է նաև ՀԲ-ի խնդիրը ուզում եմ նշել, ՀԲ-ում խնդիրը նկատում են, բայց յուրովի արձագանքում։ Նրանք վերը նշած կայքում պահպանում են տոկոսային աճը, շղթայական ինդեքսների տրամաբանությունը, բայց փոխում են բազան։ Այսինքն, նրանք այսօրվանից (2011թ) ետ են գնում՝ դեպի 1990թ։ Ու որպեսզի թվերն իրար բռնեն, նրանք իջեցնում են ՀՀ ՀՆԱ-ն ու դրա մեկ շնչին ընկնող չափաբաժինը։ Մասնավորապես, ՀԲ վիճակագրությամբ 1990-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով (637 դոլար) Հայաստանը ետ էր մնում Վրաստանից (1611 դոլար) 2,5 անգամ (ԱՊՀ վիճակագրությամբ Հայաստանն առաջ էր 1,07 անգամ), Ադրբեջանից (1297 դոլար) 1.95 անգամ (ԱՊՀ վիճակագրությամբ Հայաստանն առաջ էր 1,43 անգամ), Ուկրաինայից (1569 դոլար) 2,5 անգամ (ԱՊՀ վիճակագրությամբ Հայաստանն ետ էր Ուկրաինայից սոսկ 1,08 անգամ) և Ռուսաստանից (3485 դոլար) 5,5 անգամ (ԱՊՀ վիճակագրությամբ Հայաստանն ետ էր ՌԴ-ից սոսկ 1,48 անգամ)։ Այստեղ, իհարկե, պետք է ապավինել ԱՊՀ վիճակագրությանը։ Հայաստանը ետ էր Ռուսաստանից, բայց ոչ 5,5 անգամ։ Հայաստանը առաջ էր և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից։ Սա միանշանակ։ Չ՞է որ շաբաթ-կիրակի Երևանը լցվում էր վրացիներով ու ադբեջանցիներով, որոնք գալիս էին այստեղ սնունդ ու ապրանքներ գնալու։ Ադբեջանցիները ընդհանրապես արտագաղթում էին մշտական բնակության դեպի Հայաստան։
Ի՞նչ է տեղի ունեցել։ ՀԲ-ը շատ լավ հասկացել է իր արած սխալը։ Նրանք, բնականաբար պետք է կասկածի տակ առնեին տնտեսական աճը 1998-2012թթ (հատկապես Ռ.Քոչարյանի նախագահության տարիներին), իջեցնեին այն։ Բայց դրա փոխարեն կատարումք են «շտկումներ» 1990-ի նկատմամբ։ Սա անընդունելի։ Միջազգային ֆինանսական կառույցների երևանյան պաշտոնյաների կամ Հայաստանում աշխատած մարդկանց մեջ եղել են հիանալի մասնագետներ (Չ. Բլիտցեր, Ն.Բրձալ, Հ.Սաչ, Վ.Թալվից, Դ.Դոնովան, Մ.Շ.Վալավի, Ս.Ջոնս, Բ.Կավալսկի, Դ.Լալմոնտ, Ջ.Անայոտոս, Տ.Կացամբաս, Ջ.Օ.Սմի և այլն)։ Բայց եղել են նաև դիլետանտներ,իրենց գործը չտիրապետող մարդիկ։ Բ.Մաքյուն, օրինակ, առանց ամաչելու դրամի արժևորումը բացատրում էր աշխատանքի արտադրողականության աճով (նա «չէր նկատել» տրանսֆերտները), Ն.Օմեսը 2009-ի փետրվարին ՀՀ տնտեսական աճը կանխատեսում էր +4% շրջանակում (ի վերջո եղավ -14%-ոց անկում)։ Վերջին շրջանում միջազգային այդ կառույցների ղեկավարների որակը կտրուկ վատացել է (հիշենք ջրի պրոյեկտը Ռ.Ռոբինսոնի օրոք)։ Ընդհանրապես, որպես կանոն, արևմտյան չինովնիկներն ու դեսպանները ավելի հաճախ (բարեբախտաբար ոչ միշտ) Հայաստանում ասիականանում են, քան մենք արևմտականում։ Հիմա այս դեպքը։ Հուսով եմ ՀԲ-ին 2 ամիսը հերիք է Հայաստանի մասով այդ խայտառակ վիճակագրությունը փոխելու համար։ Այլապես սկսում եմ մտածել, որ այդ կառույցների նպատակները փոխվել են և այլևս պայքարում են մեր երկրի զարգացման դեմ։ Ի տարբերություն ձեզ պարոնայք, ես ապրել եմ ԽՍՀՄ-ում և գիտեմ, որ Հայաստանն իր տնտեսական զարգացմամբ 80-ականների վերջերից գերազանցում էր և Վրաստանին, և Ադբեջանին։ Բնակչության մեկ շնչին ընկնող ազգային եկամտով Հայաստանը 8-րդն էր 15 հանրապետությունների մեջ։
Կողքից ինձ կարող են ասել. եղբայր ի՞նչու ես դժգոհում, չ՞է որ ՀԲ նման վերաբերմունքի շնորհիվ քո վարչապետության օրոք արդեն 1996-ին, երեք տարվա (1994-1996) անընդմեջ տնտեսական աճից հետո, բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն (503դոլար) համարյա թե հավասարվել է 1990- մակարդակին (637 դոլար՝http://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD)։ Սրանից էլ լավ գնահատական մի կառավարության գործունեությանը, որը 1993-ին ստանձնեց երկրի կառավարումը, երբ արդեն տեղի էր ունեցել ՀՆԱ ավելի քան կրկնակի անկում։ 1996-ին, օրինակ, ըստ ՀԲ-ի, Հայաստանում բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն գերազանցում էր Ադրբեջանի համանման ցուցանիշը 1.23 անգամ այն դեպքում, երբ 1990-ին ետ էր 2 անգամ։ Միևնույնն է, ՀԲ տվյալներն իրականության չեն համապատասխանում։ 1996-ի նոյեմբերի 4-ին, հրաժարական տալուց հետո, կառավարության անդամներին հավաքեցի և ասացի, որ քառամյա աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց ՀՆԱ 53%-ոց անկումը դարձնել 44% և կենսամակարդակի անկումը փոքրացնել մինչև 2 անգամ 1990-ի համեմատ։ Սա է ճշմարտությունը։
Եվ այսպես, ՀՀ ԱՎԾ զբաղված է թվանկարչությամբ։ Իրականությունն այն է, որ 2012թ ՀՀ ՀՆԱ-ն կազմում է 1990-ի սոսկ 90 տոկոսը։ Ռ.Քոչարյանի կառավարման տարիներին ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 3 տոկոս և ոչ թե 10,5։ Ս.Սարգսյանի կառավարման տարիներին էլ է ԱՎԾ փորձել թվեր նկարել։ Լուրջ կասկածներ կան ինչպես 2008-ի (ցույց է տրված 6.8%), այնպես էլ 2012-ի (7,2%) ցուցանիշների նկատմամբ։ Հիմա արդեն կարողացանք հարգարժան ակադեմիկոս Աղ՚անբեկյանին փաստել, թե ի՞նչ է եղել ՀՀ տնտեսական աճը 1990-2012թթ։
Կարծում եմ նաև, որ լուրջ եզրահանգումներ պետք է արվեն։ Ի դեպ ճիշտ կլինի նաև փոխել ԱՎԾ կարգավիճակը. այն պետք է հանդես կա պետական կառավարման մարմնի (նախարարության) կարգավիճակով։ Սուտ անկախություն պետք չէ։ Նույնը նաև գների կարգավորման հանձնաժողովի, հակամենաշնորհային պայքարի հանձնաժողովի մասով և այլն։ Առաջինը պետք է լինի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, երրորդը էկոնոմիկայի նախարարության կազմում։ Ավելի ճիշտ է, որպեսզի և՛ ձևով, և՛ բովանդակությամբ դրանք կառավարության կազմի պետական կառավարման մարմինների կարգավիճակում լինեն։ Բացի այդ, ժամանակն է, որ նման մարմիններին կից լինեն ճանաչված մասնագետների խմբեր, որոնք հանրությանը կփաստեն, որ ԱՎԾ չինովնիկները գների ինդեքսները հաշվելիս խարդախությունններ չեն արել։ Այս մարդիկ որևէ ադմինիստրատիվ ու ֆինանսական առնչություն ԱՎԾ նկատմամբ չպետք է ունենան։ Այլապես ի՞նչով են զբաղվում շուրջ 6 տասնյակ տնտեսագիտության դոկտորները և 1500 թեկնածուները։ Ի՞նչու ասենք այս կարևոր հարցերը չեն բարձրացնում մեր ակադեմիական ինստիտուտի աշխատողները կամ էլ բուհական համակարգում աշխատող մասնագետները։ Քանի դեռ կառավարությունն այս մարդկանց չի ծանրաբեռնել, չի վստահել, նրանց մեծ մասը այդպես էլ կմնա բուհական ինտրիգների ու գիտխորհուրդներում պաշտպանվող սուտի ատենախոսություների (անշուշտ հաճելի բացառություննեսր կան) կենցաղի գերին։ Ի դեպ, ներկայիս վիճակագրության պետական խորհուրդը պետք է լուծարվի։ Նայեք շվեդներին, մերձբալթներին։ Չկա կառավարական վիճակագրական մի հաշվետվություն, որի հավաստիությունը մասնագետների մի ծանրակշիռ խումբ չհաստատի (կամ էլ դեմ լինի)։ Ի վերջո դժվար է միայնակ ստուգել հարյուրավոր աշխատակիցներ ունեցող կառույցի հաշվարկները։ Տնտեսագետներին ժողովրդատնտեսական խնդիրներից հեռու պահելը կտրուկ իջեցրել է տնտեսագիտության մակարդակը Հայաստանում։ Դրա վկայությունն է ապրիլին Երևանում կազմակերպած “գայդարյան ընթերցումները”։ Բացի ռուս-հայկական համալսարանի ներկայացուիցիչներից, չկարողացանք մի հատ երիտասարդի կամ “կորիֆեյի” ելույթ լսել։ Վախեցան, չեկան։ Այն ժամանակվա ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ.Դավթյանի ելույթն էլ ես կանվանեի ժամանակակից մակրոտնտեսագիտության հետ կապ չունեցող մի աղիողորմ ճիչ։ Այս ամենը պետք է փոխվի ու ոչ թե վաղը, այլ այսօր, նույնիսկ երեկ։
p.s. 2 շաբաթ առաջ ԱՎԾ-ն հրապարակել է 2013թ վիճակագրական տվյալները։ Ըստ այդմ 2013-ի փետրվարին 2012-ի նույն ժամանակի համեմատ արձանագրվել է աճ 8,1%, իսկ եռամսյակում (հունվար-մարտ)` 8.8%։ Հետաքրքիրն այն է, որ եթե 1 ամիս առաջ 2013-ի փետրվարը 2012-ի փետրվարի համեմատ 6,9% էր, իսկ հունվարը հունվարի նկատմամբ 9,1%, ապա հիմա այդ աճերը աճել են (ճշգրտել են)` 8.8% և 9.4%։ Այսպիսով, “ապահովվել” է 7%-ի սահմանը։ Ես վիճակագիր չեմ, բայց ցանկացած վիճակագրություն պետք է բավարարի մակրոտնտեսական տրամաբանության պահանջները։ Ու մի բան էլ. մինչև այս բրոշյուրը գրելը փորձեցի համագործակցել ԱՎԾ հետ։ Տպավորությունս է՝ իզուր թաղվում եմ անվերջ նամակագրության մեջ։

bagratyan-axy1

 

paradigm-axy2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս