Ադրբեջանը Սյունիքի գյուղերի վրա է կրակում, օրնիբուն սպառնում է. դա՞ է խաղաղությունը. Հրաչ Վարժապետյան

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանն այն կարծիքին է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցողը խաղաղության գործընթաց անվանելիս՝ խաղաղություն բառը պետք է չակերտների մեջ վերցնել:

«Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Եթե այսպիսի խաղաղության համար Նոբելյան մրցանակի պետք է արժանանա ԱՄՆ նախագահը, ծիծաղելի է և անտրամաբանական: Ո՞ր խաղաղության մասին է խոսքը, երբ տակավին երեկ արդեն Սյունիքի հայկական գյուղերի վրա կրակոցներ կային, երբ Ադրբեջանի նախագահն օրնիբուն սպառնալիքներով է խոսում Հայաստանի իշխանությունների հետ: Ո՞ր խաղաղության մասին է խոսքը, երբ Արցախի վերաբերյալ ոչ մի կարգավիճակ հայտնի չէ, երբ ունենք Բաքվում պահվող գերիներ: Այս բոլորը խաղաղությունից շատ հեռու են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ըստ նրա՝ Ֆրանսիայի իշխանությունները Հայաստանի իշխանություններին փորձում են կապել Ռուսաստանի հետ, հատկապես՝ ընդդիմության պարագայում. «Երբ Մակրոնը Փաշինյանի վերաբերյալ լորձնաշուրթն հայտարարություն արեց, մենք դատապարտեցինք այն, շեշտելով, որ երբեք չենք ընդունի, որ Ֆրանսիան ՌԴ նկատմամբ իր ժխտական քաղաքականության ծիրից ներս դիտի նաև Հայաստանի և ընդդիմության խնդիրները: Այստեղ է նաև մեր տարակարծությունը և դժգոհությունները, դատապարտանքը Մակրոնի վարած քաղաքականության, պրո Փաշինյան հայտարարությունների նկատմամբ, մանավանդ, երբ գովաբանում է Փաշինյանի ժողովրդավարությունը: Մենք հստակ ասել ենք՝ պարոն նախագահ, ի՞նչ ժողովրդարության մասին է խոսքը, վերջ տվեք ձեր թատրոնային քաղաքականությանը, մեկ մեխին, մեկ նալին խփելու քաղաքականությանը»:

Կարդացեք նաև

Նա չի կարծում, թե Ֆրանսիայի նախագահը Հայաստանի վերաբերյալ միակողմանի ինֆորմացիա է ստանում. «Դա ավելի վտանգավոր է, երբ ունի բոլոր կողմերի ինֆորմացիան, բայց թեքվում է միայն մեկ ուղղության վրա, ինչը դատապարտելի է: Մեր կոմիտեի հայտարարության մեջ շատ հստակ ասված էր՝ պարոն նախագահ, Դուք պետք է վերադառնաք Ֆրանսիայի արտաքին քաղաքականության դասական ոճին, որը միշտ հավասարակշռված է եղել»:

Նա նշեց, որ երկու տարի առաջ Մակրոնի հետ հանդիպմանը քննարկվել է Պրահայում տեղի ունեցածը, որի ժամանակ, սակայն, Մակրոնը մանրամասներ չի նշել, միայն ասել է այն, ինչը կոմիտեն տարածել էր այդ ժամանակ, որ՝ ինքն ավելի պրոհայկական է Արցախի հարցում, քան Նիկոլ Փաշինյանը:

«Նա չէր մանրամասնել, մանավանդ, որ իր կնքահայրությամբ էր տեղի ունեցել Պրահայի հանդիպումը»,- ասաց նա:

Հարցին՝ այդ դեպքում որտե՞ղ է դրսևորվում Մակրոնի պրոհայկականությունը, նա պատասխանեց՝ Ֆրանսիայի հայ համայնքի նկատմամբ, և պարտադիր չէ, որ այն անպայման Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերի. «Հայ դատի դասական օրակարգերի առումով Մակրոնը պրոհայկական դիրքորոշում ունի, որովհետև դա նաև Ֆրանսիայի պետական դիրքորոշումն է: Բայց Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններում պետք չէ անպայման պրոհայկականություն փնտրել, մանավանդ՝ իր կատարած վերջին հայտարարությունից և որդեգրած քաղաքականությունից հետո, որ առավելաբար թեքվում է դեպի ադրբեջանական շահեր՝ գովաբանելով, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի առումով Փաշինյանի ներդրած ջանքերը: Ինչպես քիչ առաջ ասացի՝ ո՞ր խաղաղության մասին է խոսքը, ո՞ր ժողովրդավարության մասին է խոսքը: Այս բոլորը ջուր է լցնում Ալիևի և Ադրբեջանի ջրհորին»:

Անդրադառնալով Թուրանի իրականացման մեջ վտանգ չտեսնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, նա վստահություն հայտնեց, որ Փաշինյանը շատ լավ գիտի դրա պատմությունը, պարզապես պատվեր է կատարում. «Այս պատճառով է, որ միշտ էլ իր ճակատին դաջված կմնա դավաճանության խնդիրը: Այս հարցերը միայն Հայաստանին չեն վերաբերում՝ համահայկական խնդիրներ են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս