Գեներալ Արայիկ Հարությունյանի գործով հարցաքննվել է մոտ 40 վկա, այդ թվում՝ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը

ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի գործն ապացույցների հետազոտման փուլում է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց գեներալ Արայիկ Հարությունյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը։

Ինչ վերաբերում է գործով դատակոչված վկաներին, նա ասաց, որ դատարանում արդեն հարցաքննվել է մոտ 40 վկա, և դեռ 15-20 հոգի էլ պետք է հարցաքննվի։

«Հարցաքննվել են գործող զինվորականներ, նշված կորպուսի զինվորականությունից, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը»,– մանրամասնեց փաստաբանը։

2022 թվականի դեկտեմբերին տարածված դատախազության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ հրամանատարության անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ»:

Կարդացեք նաև

Այդ ժամանակ, ինչպես նշեցինք, գեներալ Հարությունյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, և այս տարածքները նրա պատասխանատվության գոտում էին:

Իսկ 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումներից հետո՝ 2021-ի օգոստոսի 9-ին, Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, որից ազատվել էր 2022 թվականի փետրվարի 18-ին:

Նշենք, որ 2021 թվականի՝ Ադրբեջանի կողմից մայիսյան առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս:

Այս տեսանյութը քննության առարկա նախաքննության փուլում չի դարձել, համենայնդեպս, գեներալ Հարությունյանի փաստաբանական թիմը մեր հարցերին ի պատասխան՝ հակառակ տեղեկությունը չի տվել ժամանակին։

Ի դեպ, 168.am-ը գրել էր, որ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Փաշինյանն ակամա խոստովանել էր՝ 2021թ. մայիսին բանակին չկռվելու քաղաքական հրաման է տրվել:

Իսկ այս գործով անցնում է նաև գնդապետ Վիգեն Սիմոնյանը, ով 2021-ի մայիսին 2-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկի հրամանատարն էր, իսկ ավելի ուշ նրան այլ բանակային զորամիավորումում էր պաշտոն վստահվել:

Տեսանյութեր

Լրահոս