
«Մենք սահմաններն անցել ենք. պետք է վերադառնալ Սահմանադրությանը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ չպետք է խառնվեն միմյանց գործերին». Հանրային խորհրդի անդամները՝ պետություն-եկեղեցի վեճի մասին

Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և հանրությանը կոչ էր արել համախմբվել՝ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։
Նա առաջարկել է այդ գործի համար ստեղծել համակարգող խումբ, որտեղ կարող են ներգրավվել, օրինակ, ամեն օր աղոթ անող, Աստվածաշունչն ամբողջությամբ կարդացած մարդիկ, թե՛ կին, թե՛ տղամարդ, այս չափորոշիչներին համապատասխնող անձինք կարող են իր էլեկտրոնային փոստին ուղարկել տվյալները, ինքն անձամբ կընտրի նրանց։
«Հասկանում եմ, որ Համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով»,- գրել է նա։
168.am–ը վերջերս ձևավորված Հանրային խորհրդի մի քանի անդամներից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի և եկեղեցու, մասնավորապես՝ Վեհափառի դեմ տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ, ի՞նչ է պետք անել։
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ հարցը շուտ լուծվի, քանի որ այն մեծ վնաս է ՀՀ պետականությանը։
«Ինքս այս հարցերի մեջ չեմ ուզում մտնել, առաջինը կարող եմ ասել, որ սա մեր պետականության, եկեղեցու համար վտանգավոր խնդիր է, պետք է բոլոր կողմերը կարողանան ամենաճիշտ ճանապարհով հարցը լուծել, այլ բան չեմ ասի»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Հանրային խորհրդի մեկ այլ անդամ՝ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը կարծում է, որ այս հարցի ամենաճիշտ լուծումը Սահմանադրությանը վերադառնալն է, որտեղ պետությունն ու եկեղեցին տարանջատված են, ինչը նշանակում է, որ ո՛չ պետությունը կարող է խառնվել եկեղեցու գործերին, ո՛չ էլ եկեղեցին պետության գործերին։
«Այդ խառնվելը կարող է լինել հազար ու մի ձևակերպումներով, շատ հայրենասիրական, շատ բարոյական, բայց իրականում սա նշանակում է խառնվել, տեսնում եմ, որ 2 կողմերից էլ այդ խառնվելը կա՝ և՛ եկեղեցու, և՛ պետության կողմից։ Եթե մենք փորձենք հարցի լուծումը փնտրել կրկին բարոյականության կամ հայրենասիրության սահմաններում, մենք մշտապես կգտնվենք փակուղում։ Դրա համար պետք է վերադառնալ Սահմանադրությանը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ չպետք է խառնվեն միմյանց գործերին։ Կյանքը ցույց է տվել, որ ճիշտն այդ բաժանումն է և միմյանց գործերին չխառնվելը, որովհետև աշխարհիկ կյանքն ու պահանջները մի բան են, հոգևոր դաշտը՝ մեկ այլ բան։ Երբ այդ երկուսն իրար հետ խառնվում են, դուրս է գալիս շատ զզվելի «կոկտեյլ», բայց երբ առանձին են մատուցում՝ ամեն ինչ տեղն է ընկնում։
Խոսք է գնում, օրինակ, երկխոսության մասին, իհարկե, երկխոսությունը հոյակապ բան է, բայց միշտ պետք է ընտրել բազային սկզբունքները, որի վրա պետք է տեղի ունենա երկխոսությունը։
Կարծում եմ՝ եթե որպես բազային սկզբունք ընտրվի Սահմանադրությունը, ապա այդ ժամանակ կարելի է քննարկել ամեն ինչ։ Մեկ օրինակ բերեմ՝ ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնք տեղի են ունենում, ինչո՞ւ են դրանք մշտապես մտնում փակուղի, որովհետև չկան բազային սկզբունքներ։ Կողմերն ունեն կտրուկ տարբեր մոտեցումներ, շատ դժվար է պատկերացնել, որ այդ բանակցությունները, թեկուզ անցնեն շաբաթը մեկ անգամ ու շատ բարձր մակարդակով, կարող են դրական արդյունք տալ։ Մեր պարագայում նախ պետք է նվազեցնել էմոցիայի տոկոսը՝ բոլոր տեսակետներից, դադարել մեղադրանքները, վիրավորանքները և ընդունել այդ սկզբունքը։
Մենք ապրում ենք ՀՀ-ում, որն ունի իր Սահմանադրությունը, որտեղ երբ նշված է եկեղեցու ու պետության բաժանման կետը, հաշվի են առել և՛ եկեղեցու առանձնահատկությունը, և՛ աշխարհիկ պետության գործառույթները, ուրեմն միայն այդպես պետք է անեն»,- նշեց Ռուբեն Բաբայանը։
Կոմպոզիտոր, Հանրային խորհրդի անդամ Ռոբերտ Ամիրխանյանն ասաց, որ տեղի ունեցողի վերաբերյալ շատ վատ կարծիք ունի։
«Մենք սահմաններն անցել ենք և փոխանակ մենք ընդունենք այդ սահմանների անցնելը և փորձենք կարգավորվել, որ ձեռքը բռունցք դարձնենք, մշակենք գաղափար, թե ինչ ենք անում ու ուր ենք գնում։
Ամեն մարդ իր կյանքում մինիմում գոնե 3 հարցի է պատասխանում՝ ի՞նչ է անում, ինչո՞ւ է անում և ինչպե՞ս է անում։ Այդ 3 հարցերի պատասխանը պետք է տանք, որ մարդ արարածը մեզանում պետք է պաշտպանված լինի, որ սուտը մեջտեղում չերևա, վստահենք իրար, չփնովենք իրար, միանանք, թե չէ այսպես մենք արդեն խոսում ենք հայրենիքի կորստի մասին, բայց այն արդեն կորցրել ենք։ Մեզանից «մենակացած» մարդիկ են միայն ապրում հիմա, իրենց երկրի մեջ անպաշտպան վիճակում։
Սա կյանքի հարց է, կյանքին ու մարդուն ուղղված հարց է՝ պատասխանի՛ր, երեխա ունե՞ս, ընտանիք ունե՞ս, եթե ունես, խախտել ես քո դավանանքը, սկզբունքները, ընդունիր դա, ի՞նչ է նշանակում չընդունել դա։ Ի՞նչ է, այդքան անվիճելի է ինքը՝ որպես բարձրագույն եկեղեցական գործիչ, ո՛չ, անվիճելի չէ։ Ես սպասում եմ, որ կաթողիկոսն իր հարցի պատասխանը կտա՝ անկախ նրանից, թե դա որքանով էր հիմա տեղին։ Բայց հարց է ծագել, խոստովանիր քո ազնվության աստիճանը։ Եթե դու հանրության հավատացյալ զանգվածին տանում ես դեպի Աստված և դու ճանապարհին սուտ ես խոսում, թաքցնում ես քո արածները, ուրեմն՝ պետք է պատասխան տաս դրա համար։
Ես սպասում եմ, որ նա կկողմնորոշվի ու կասի՝ հարցի պատասխանը հետևյալն է։ Ինձ մեկը հարցնի՝ դու քո երաժշտությունն ինչպե՞ս ես գրում, ազնի՞վ ես եղել, թե՞ այստեղից ու այնտեղից թռցրել ես, ես պետք է թաքցնե՞մ ամեն ինչ, պարզ կասեմ, որ իմ ամբողջ երաժշտական նյութը ծնվել է ազնիվ հիացումի վրա, ես ոչինչ չեմ սարքել, դրա համար էլ նրանք ապրում են։
Ես չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, չեմ մեղադրում որևէ մեկին, կյանք է, հարց է ծագել, ու դրա պատասխանը հարկավոր է տալ, այլ ոչ թե գցել ուրիշ իրադարձությունների վրա»,- ընդգծեց Ռոբերտ Ամիրխանյանը։