«Դեռ նորություն չկա Ադրբեջանի տարածքում հայտնված տղաներից, մեր Կառավարությունից հույս չունեմ». Արգամ Հովսեփյան
Այսօր առավոտյան ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում։
«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- նշված է ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ։
Արավուսի նախկին ղեկավար, Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանի խոսքով՝ տղաներից դեռ որևէ նորություն չկա։
«Մենք սպասում ենք միայն ու միայն միջազգային կառույցներից… մի լավ լուր կլինի, էլի։
Մեր սահմանին աշխարհազորն է, սահմանապահները Խնձորեսկ, Կոռնիձոր, այդ հատվածներում են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արգամ Հովսեփյանը։
Նա հիշեցրեց՝ Տեղ համայնքում 2022 թվականին ադրբեջանական կողմը գերեվարել էր համայնքի բնակիչ հովվի՝ 53-ամյա Սուրիկ Մաթևոսյանին, ով վերադարձնելուց հետո 6 ամիս էլ չի ապրել։
«Մեր Կառավարությունից ոչ մի ակնկալիք չունեմ, գուցե միջազգային կառույցները որևէ բան անեն»,- ընդգծեց Արգամ Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 13-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ծառայողները գերեվարել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին՝ Սուրիկ Մաթևոսյանին, և տարել նրա 300 ոչխարները։
Թշնամին հովվին գերեվարել էր այն ժամանակ, երբ նա մոլորվել էր և մոտեցել ադրբեջանցիների զբաղեցրած դիրքերին։ Հայկական ու ռուսական կողմերի միջնորդությամբ հովվին վերադարձրել էին, սակայն ոչխարներին՝ ոչ։



