Տեղ համայնքի հովվին վերադարձրել են, սակայն նրան պատկանող 300 ոչխարները ադրբեջանցիների մոտ են. Տեղ համայնքի ղեկավար

Հունվարի 13-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ծառայողները գերեվարել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին՝ Սուրիկ Մաթևոսյանին, և տարել նրա 300 ոչխարները։ Թշնամին հովվին գերեվարել էր այն ժամանակ, երբ նա  մոլորվել էր և  մոտեցել ադրբեջանցիների զբաղեցրած դիրքերին։

Այսօր Արցախում ռուս խաղաղապահների ներկայացուցչությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ իրենց  միջնորդությամբ, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ Սուրիկ Մաթևոսյանը հանձնվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներին։

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ հովվի գերվարվելուց անմիջապես հետո դիմել են ինչպես ռուս խաղաղապահներին, այնպես էլ՝ տեղի հրամանատարական կազմին ու սահմանապահներին։

«Բոլորի ջանքերով հնարավոր եղավ վերադարձնել հովվին։ Երեկ մինչև կեսգիշեր՝ 24։00, միասին ենք եղել։ Հովվին մեզ են տվել, զրուցել են, ասաց, որ որևէ առողջական խնդիր չունի»,- նշեց Դավիթ Ղուլունցը։

Ինչ վերաբերում է ոչխարներին, Դավիթ Ղուլունցը փոխանցեց, որ ոչխարները չեն վերադարձրել։

«Այժմ բանակցություններ են տարվում, որպեսզի կարողանանք ոչխարները նույնպես վերադարձնել, սպասում ենք պատասխանի։ Խոսքը 300 ոչխարի մասին է, դրանք հովվի սեփականությունն են»,- եզրափակեց Դավիթ Ղուլունցը։

Տեսանյութեր

Լրահոս