
Հայաստանին ֆրանսիական ռադարներ մատակարարող ընկերությունը միացել է ՆԱՏO-ի ՀՕՊ ծրագրին, իսկ լայնամասշտաբ պատերազմի Թուրքիան և Ադրբեջանը համատեղ պատրաստվել են 2013 թ.-ից

Թուրքական ASELSAN պաշտպանական կոնցեռնը միացել է ՆԱՏO-ի հակաօդային պաշտպանության ծրագրին։
ՆԱՏO-ի աջակցության և գնումների գործակալությունը (NSPA) համաձայնագիր է ստորագրել Airbus-ի, ASELSAN-ի Lockheed Martin UK-ի, Raytheon-ի և Thales-ի հետ, որը հակաօդային պաշտպանության մոդուլային համակարգի կոնցեպտի մշակման գործընթացի տրամաբանության մեջ է։
Այս համատեքստում մի քանի փաստ հիշեցնենք: Մասնավորապես, անցած տարի 168.am-ը գրել էր , որ Ադրբեջանը բանակցություններ է վարում վերը նշված թուրքական ASELSAN ընկերության հետ օդային հարձակման նախազգուշացման «Herikks» համակարգերի ձեռքբերման շուրջ:
Ավելին, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ համակարգը փորձարկման նպատակով տեղադրվել է օկուպացված Քարվաճառի շրջանում կամ բարձունքներում՝ ավելի քան 3000 մետր բարձրության վրա:
Բացի այս, ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, որ Ադրբեջանը ձեռք էր բերել դարձյալ ASELSAN ընկերության ASELFLIR-500 օպտիկական համակարգը, որը, օրինակ, փորձարկում է անցել Bayraktar TB3 հարվածային անօդաչու սարքի միջոցով:
Իսկ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բարձր էր գնահատել ASELSAN-ի արտադրած տեխնիկական սարքավորումների բարձր որակը, որն օգտագործվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
Հոդվածի թեմայի ֆոնին հիշեցնենք, որ Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին ուղիղ ռազմական աջակցություն ցուցաբերած «Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին»:
Այստեղ հավելենք, որ դեռ 2013 թվականին հայտնի էր դարձել, որ Թուրքիան Ադրբեջանի զինված ուժերում գործարկելու է TASMUS կապի մարտավարական-հաղորդակցային համակարգը:
Թուրքական ASELSAN-ից հայտարարել էին, որ TASMUS-ը կընդլայնի Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ հնարավորությունները, և միևնույն ժամանակ՝ կապահովվի Թուրքիայի ու Ադրեջանի զինված ուժերի կապի և ղեկավարման համակարգերի համապատասխանեցումը մարտական պայմաններին, ինչը պիտի հետագայում հնսրավորություն տար անցկացնել համատեղ օպերացիաներ, ինչի ականատեսը եղանք 44-օրյա ժամանակ:
Ինչ վերաբերում է օդատիեզերական, պաշտպանության, անվտանգության և տրանսպորտի ոլորտներում գործող Thales ընկերությանը, որն արտադրում է ավիատիեզերական համակարգեր, ռադարներ, էլեկտրոնային մարտական համակարգեր, հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ապա Ֆրանսիան Հայաստանին հենց Thales-ի ռադարներն էր խոստացել մատակարարել՝ բավարարելու մեր հակաօդային պաշտպանության կարողությունները։
Դեռ անցած տարի Le Figaro-ն հայտնել էր, թե 2024-ի փետրվարին Ֆրանսիան Հայաստան կառաքի GM 200 երեք ռադար և գիշերային տեսանելիության սարքեր:
Հնարավոր է՝ դրանք առաքվել են, ՀՀ պաշտպանության նախարարությունը գաղտնիության սկզբունքից ելնելով՝ տեղեկություն չի հայտնել: Ամեն դեպքում, կփորձենք այս թեմայի շուրջ լրացուցիչ տեղեկություններ կամ հաստատում ստանալ:
Ի դեպ, երեկվանից քննարկվում է ՌԴ-ի դեմ կամ ՌԴ-ում ուկրաինական «Սարդոստայն» օպերացիան: Դրանից մեկ օր առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ իՈւկրաինան միանում է ՆԱՏՕ-ի ավիացիոն համակարգին, ինչը հնարավորություն կտա երկրի ռազմաօդային ուժերին գործել դաշինքի երկրների ավիացիայի հետ միասնական թվային համակարգում։ Ժամանակակից պատերազմներն իրենց օրենքներն են թելադրում…